greta hakobyan

Եթե կա նպատակ, պետք է հասնել դրան

Համացանցում գեղեցիկ վայրերի լուսանկարներ էի նայում, հանկարծ աչքս ընկավ Հունոտի կիրճ կոչվող մի վայրի, որը գտնվում է Շուշիում։ Մի հրաշալի վայր իր բնությամբ, իսկ նրա ներքևում գտնվում են հովանոցները։ Շատերին ցույց տվեցի այդ վայրի նկարները: Ոչ մեկը չհավատաց դրա գոյությանը: «Հա, հա, նկար է, էլի, ֆոտոշոփ արած»: «Ղարաբաղո՞ւմ, իզուր էլ գնում ես` մեկ ա չի լինելու»:  Եվ այսպես շարունակ բացասական բաներ էի լսում, որ չկա նման վայր, գոյություն չունի։ Այդ ամենը ինձ ավելի մեծ ուժ տվեց, որպեսզի գնամ այդ վայրը տեսնելու: Հայրիկիս ցույց տվեցի լուսանկարը, իրեն էլ այդ վայրը դուր եկավ ու որոշեցինք, որ անպայման գնալու ենք` տեսնենք։

Մի քանի օր անց ուղևորվեցինք Ղարաբաղ, շրջեցինք տեսարժան վայրերով։ Այնտեղ էլ հարցուփորձ արեցի Հունոտի մասին:  Մեկն ասում էր. «Հա, ասում են կա, բայց չենք գնացել», մյուսը նույնիսկ անունը չգիտեր։ Բայց վերջապես գտանք, թե ուր պետք է գնալ: Բավականին երկար և վտանգավոր ճանապարհ էր։ Մեզ հետ եկողները չհամաձայնվեցին այդ ճանապարհով գալ, ասելով, որ իզուր տեղը մի փորձանքի կհանդիպեն, ոչ մի բան էլ չի լինի, կհիասթափվեն։

Ես, չլսելով նրանց, հայրիկիս հետ ճանապարհը շարունակեցի: Մոտ 2 կմ անտառի միջով անցանք: Դժվարանցանելի ժայռերի և գետի միջով անցանք, և վերջապես հասանք տեղ: Ուրախությանս չափ չկար։ Նպատակիս հասա, տեսա ու ապացուցեցի, որ այն գոյություն ունի։ Նպատակներին հասնելու ճանապարհին միշտ էլ լինում են դժվարություններ, արգելքներ, այդ ամենը մինչև վերջ անցնելու համար պետք է համառ լինել ու ողջ հոգով հավատալ։ Նպատակները կյանքը ավելի իմաստալից են դարձնում:

Ահա և լուսանկարը, որպեսզի հավատաք ինձ: