Գրետա Հակոբյանի բոլոր հրապարակումները

greta hakobyan

Եթե կա նպատակ, պետք է հասնել դրան

Համացանցում գեղեցիկ վայրերի լուսանկարներ էի նայում, հանկարծ աչքս ընկավ Հունոտի կիրճ կոչվող մի վայրի, որը գտնվում է Շուշիում։ Մի հրաշալի վայր իր բնությամբ, իսկ նրա ներքևում գտնվում են հովանոցները։ Շատերին ցույց տվեցի այդ վայրի նկարները: Ոչ մեկը չհավատաց դրա գոյությանը: «Հա, հա, նկար է, էլի, ֆոտոշոփ արած»: «Ղարաբաղո՞ւմ, իզուր էլ գնում ես` մեկ ա չի լինելու»:  Եվ այսպես շարունակ բացասական բաներ էի լսում, որ չկա նման վայր, գոյություն չունի։ Այդ ամենը ինձ ավելի մեծ ուժ տվեց, որպեսզի գնամ այդ վայրը տեսնելու: Հայրիկիս ցույց տվեցի լուսանկարը, իրեն էլ այդ վայրը դուր եկավ ու որոշեցինք, որ անպայման գնալու ենք` տեսնենք։

Մի քանի օր անց ուղևորվեցինք Ղարաբաղ, շրջեցինք տեսարժան վայրերով։ Այնտեղ էլ հարցուփորձ արեցի Հունոտի մասին:  Մեկն ասում էր. «Հա, ասում են կա, բայց չենք գնացել», մյուսը նույնիսկ անունը չգիտեր։ Բայց վերջապես գտանք, թե ուր պետք է գնալ: Բավականին երկար և վտանգավոր ճանապարհ էր։ Մեզ հետ եկողները չհամաձայնվեցին այդ ճանապարհով գալ, ասելով, որ իզուր տեղը մի փորձանքի կհանդիպեն, ոչ մի բան էլ չի լինի, կհիասթափվեն։

Ես, չլսելով նրանց, հայրիկիս հետ ճանապարհը շարունակեցի: Մոտ 2 կմ անտառի միջով անցանք: Դժվարանցանելի ժայռերի և գետի միջով անցանք, և վերջապես հասանք տեղ: Ուրախությանս չափ չկար։ Նպատակիս հասա, տեսա ու ապացուցեցի, որ այն գոյություն ունի։ Նպատակներին հասնելու ճանապարհին միշտ էլ լինում են դժվարություններ, արգելքներ, այդ ամենը մինչև վերջ անցնելու համար պետք է համառ լինել ու ողջ հոգով հավատալ։ Նպատակները կյանքը ավելի իմաստալից են դարձնում:

Ահա և լուսանկարը, որպեսզի հավատաք ինձ:

greta hakobyan

Դառը ճշմարտությունն ավելի լավ է

Գյուղացի՞, թե՞ քաղաքացի: Տարբերությունը  այդքան մեծ չէ, որքան այն փաստը, որ քաղաքացին միշտ ավելին է սպասում, իսկ գյուղացին իր եղած փոքրիկ բանով էլ բավարարվում է: Կարող է մարդիկ չհամաձայնվեն իմ այս կարծիքի հետ, բայց ես շատ դեպքեր գիտեմ:

Ես ինքս արդեն 16 տարի է, ինչ ծնվել և ապրում եմ գյուղում և չեմ փորձել թաքցնել այն փաստը, որ ես գյուղացի եմ: Բազմիցս հանդիպել եմ այս խնդրին և նկատել եմ, որ մարդիկ փորձում են տարբերություն դնել:

Ինչո՞ւ են մարդիկ «գյուղացի» ասելով անպայման հասկանում` հնաոճ, կեղտոտ, անխնամ հագնված անասնապահությամբ զբաղվող:

Իհարկե, այս ամենի մեջ խնդիր չեմ տեսնում: Չէ՞ որ ամեն մարդ զբաղվում է այն գործով, ինչն իրեն հաճելի է, կամ դրանից իրեն բավարարված է զգում, կամ ուղղակի ընտանիքը պահելու միակ միջոց է:

Պետք չէ ծաղրուծանակի վերածել այդ ամենը:  Խոսելով «գյուղացի-քաղաքացի» տարբերության մասին, հիշեցի ծանոթներիցս մեկի հետ զրույցս, որը նույնպես ապրում էր գյուղում, բայց ավելի քիչ էր զբաղվում գյուղի անցուդարձով: Նա պատմեց մի օր, որ համալսարան ընդունվելուց հետո իրենց կուրսում նույնպես լինում է գյուղացի մի աղջիկ: Հավաքվում են մյուս աղջիկները: Նա նույնպես ներկա է լինում խոսակցությանը: Սկսում են քննարկել գյուղացի աղջկա հագուկապը, խոսքը, շարժումները: Ծիծաղում են, ուզում են այնպես անել, որ ինքն էլ ծիծաղի: ԲԱյց իմ համագյուղացի ընկերուհին լուրջ նայում է  և ուղղակի ասում, որ ինքը նույնպես գյուղացի է, ու պետք չէ ծաղրել: Եթե գյուղացի աղջիկը մի բան այնպես չի անում, կամ այնպես չի հագնվել,  և այդ ամենը տեսնելով փորձեն ուղղություն ցույց տալ , ոչ թե քննադատել:

Բոլորը զարմացած նայում են, մի պահ լրջանում են և զղջում են իրենց արարքի համար: Իրոք, պետք չէ տարբերություն դնել: Բոլորն էլ հավասար են, և մեկը մյուսից առավել չի, ինչ է թե` մի շոր  կամ կոշիկ ավել ունի, կամ նորաձև չէ: Ինչո՞ւ վիրավորել այն մարդուն, ում մշակած ցորենի հացն ենք ուտում կամ կթած կաթը խմում:

Երևի շատ կոպիտ կամ անկեղծ եղա, բայց դե` «դառը կտով դեղձն ավելի լավ է»:

 

Խմբագրություն. – Մեր թղթակիցը հետաքրքիր հարց է բարձրացնում, իսկ դուք ինչ կարծիք ունեք այս հարցի շուրջ։