arus kapukchyan

Ես Արուսն եմ

Այսօր հասկացա, որ ուզում եմ 17.am-ի թղթակից դառնալ, ուզում եմ գրել և ուշադրություն չդարձնել՝ կկարդա՞ն, թե՞ ոչ: Դե, որ որոշել եմ, ուրեմն՝ ի գործ: Վերցրի թուղթ, գրիչ ու սկսեցի գրել առաջինը, ինչ եկավ մտքիս: Դե, կարևորը անկեղծ գրելն էր, չէ՞, ես էլ անկեղծ գրեցի անդեմ մարդկանց ու երևույթների մասին ու մի փոքր ուշ, բայց հասկացա սխալս: Ախր, 17-ը լրագրողական կայք է, էստեղ նյութերը իրական մարդկանց ու իրադարձությունների մասին պիտի լինեն: Դրանից բացի, մի ուրիշ բան էլ հասկացա: Եթե սա լիներ 1-2 տարի առաջ՝ ամենայն հավանականությամբ մի կողմ կդնեի գրիչս ու կկարդայի կիսատ մնացած գիրքս կամ կդիտեի վաղուց ընտրած, բայց էդպես էլ չդիտած ֆիլմերից մեկը: Բայց այսօր ոնց որ ինչ-որ բան ուրիշ է:

Նորից գրում եմ, առանց մտածելու լավ կամ վատ ստացվելու մասին:
Առաջին հերթին ներկայանամ. ո՞վ եմ ես: Երբեմն մտածում եմ, որ մարդկությունը ավելի անհեթեթ հարց չէր կարող հորինել, հետո հիշում եմ նախորդ ամիսներին ամեն ուրբաթ օր «Համակարգչային հմտություններ» առարկայի շրջանակներում մեզ առաջարկվող խնդիրներն ու հարցերը, և միանգամից փոխում եմ կարծիքս: Ինչևէ, այս հարցն այնքան էլ վատը չէ, ինչքան թվում է, և որքան դժվար է պատասխանելը, այդքան հետաքրքիր է այդ պատասխանը փնտրելը:

Դե ինչ, ես Արուսն եմ: Սիրում եմ արև, քաղցրավենիք ու մարդկանց: Սիրում եմ հեքիաթներ, հավատում հեքիաթների ու ապրում հեքիաթում: Իմ հեքիաթում վերջերս նոր միջավայր է հայտնվել՝ համալսարանը, որտեղ ես սովորում եմ լրագրություն, նախաքննական ու հետքննական սթրեսները հաղթահարելու միջոցներ, փորձում եմ յուրացնել մեկ օրում քննության պատրաստվելու արվեստը և այլն: «Սիրում եմ»-ներից կարծես այսքանը, հիմա անցնեմ հակառակ կողմին: Չեմ սիրում, երբ ազգանունս սխալ են ասում: Ի դեպ, ազգանվան մասին. ես պատկանում եմ այն մարդկանց շարքին, ովքեր նոր միջավայրում հայտնվելիս ստիպված են լինում տառ առ տառ արտասանել իրենց ազգանունը և հետո լսել դրա տարօրինակության մասին կարծիքներ:
Ու, կարծես, չեմ սիրում «ո՞վ եմ ես» հարցին պատասխանել: Երևի նրանից է, որ ես ինքս էլ չունեմ այդ հարցի լիարժեք պատասխանը, և այդ հարցը միգուցե երբեք էլ լիարժեք պատասխան չի ունենում: