Մասնագիտությունը՝ ուսուցիչ

Իմ զրուցակիցն է Դսեղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Սալվինե Սահակյանը:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

-Արդեն 33 տարի է՝ աշխատում եք այս դպրոցում, պատմեք Ձեր մասնագիտության ընտրության մասին: Ի՞նչը խթան հանդիսացավ մասնագիտական կողմնորոշման գործում:

-Ես ծնվել, մեծացել եմ մանկավարժի ընտանքում, և հենց սա էր առաջին խթանը մասնագիտական կողմնորոշման հարցում: Անընդհատ իմ առօրյան կապված է եղել մանկավարժության հետ`ուսուցչի առօրյա, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություններ, հավանաբար դա է եղել պատճառը, որ ընտրել եմ այս մասնագիտությունը:
Նշեմ, որ սիրել եմ մասնագիտությունս, տեսել եմ, թե ծնողներս ինչպիսի նվիրումով են աշխատում, սիրում էին իրենց աշխատանքը , իրենց աշակերտներին: Քիմիկոս-կենսաբանի մասնագիտությունը ընտրել եմ` սիրելով ուսուցչուհուս` Ռոզա Եգանյանին:

-Այսքան տարի ձեր կյանքի թելը միահյուսված է ուսուցչի աշխատանքի հետ, իսկ երբևէ մտածե՞լ եք այլ աշխատանքի մասին:

-Թերևս չեմ մտածել: Ճիշտ է, մանկավարժի աշխատանքը շատ ծանր ու բարդ է, բայց դա ինձ չի խանգարում աշխատել սիրով: Մանկավարժի աշխատանքը կարելի է համեմատել քանդակագործի աշխատանքի հետ. աշակերտը հում կավ է, ուսուցիչը ձգտում է նրանից հնարավորինս լավ քանդակ կերտել: Ասված խոսք է. մանկավարժ չեն դառնում, մանկավարժ ծնվում են: Գտնում եմ, որ ի վերուստ ինձ տրված է մանկավարժ լինելու կոչումը:
Ուսուցիչը և բժիշկը ամենապատասխանատու մասնագետներն են, որովհետև երկուսն էլ գործ ունեն մարդկային կյանքի հետ: Բժիշկը գործ ունի զուտ մարդու ֆիզիկական կյանքի, իսկ ուսուցիչը մարդու կերտվածքի հետ: Աշակերտների հետ շփվելիս միշտ նրանց խորհուրդներ եմ տալիս և օգտագործում իմ կարգախոսը` «Կարող եք քիմիա լավ չիմանալ, բայց լավ մարդ լինել պարտավոր եք»: Մանկավարժը կատարելով իր աշխատանքը, աշակերտին ոչ միայն գիտելիքներ է տալիս, այլև նպաստում է երեխայի մեջ մարդ ձևավորելուն: Իհարկե, միայն ուսուցչի միջոցով դա հնարավոր չէ: Եռանկյունի է` ուսուցիչ-աշակերտ-ծնող:

-Համարո՞ւմ եք, որ ամեն դպրոցից հեռացող երեխայի մեջ դուք թողնում եք ձեր մի մասնիկը:

-Անպայման: Այս տարիների ընթացքում 33 սերունդ եմ ճանապարհել դպրոցից, և ամեն վերջին զանգի հուզվում եմ նույն չափով, որովհետև հարազատ դարձած երեխաների եմ ճանապարհում մեծ կյանք: Դպրոցից հեռացող յուրաքանչյուր սերունդ իր կնիքն է թողնում իմ կյանքում:

-Ի՞նչ հետաքրքրաշարժ դեպեր եք հիշում ձեր աշխատանքային տարիներից:

-Հետաքրքրաշարժ դեպքեր շատ են եղել: Մոտ երկու տարի առաջ տասներկուերորդ դասարանի աշակերտները անկարգություն էին արել, հաջորդ օրը գնացի ու խիստ նկատողություն արեցի, ասացի որ վատ բան են արել, և դուրս եկա դասարանից: Դրա հաջորդ օրը փետրվարի երեքն էր`իմ ծննդյան օրը, լրիվ մոռացել էի, թե ինչ օր է, ուղղակի նախորդ օրը նկատողություն էի արել, մտածեցի՝ գնամ տեսնեմ, խելքի՞ են եկել, թե՞ ոչ: Մտա դասարան, ասացի. «Հիմա իմ երեկվա ասածները հիշո՞ւմ եք»: Ամբողջ դասարանը միաձայն ասաց. «Այո, հիշում ենք»: Ասացի. «Ինձ բան չունե՞ք ասելու»: Ամբողջ դասարանով միահամուռ ասացին. «Ձեր ծննդյան օրը շնորհավոր»: Ես էլ սպասում էի, որ կասեն՝ ներողություն, էլ այդպիսի բան չենք անի:

-Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա ուսուցիչը, որ երեխայի հետ շփումն ավելի հեշտ դարձնի:

-Մանկավարժը նաև հոգեբան է: Դասարան մտնելով յուրաքանչյուր ուսուցիչ մոռանում է, թե´ իր խնդիրները, թե´ առօրյա հոգսերը, և ամբողջությամբ նվիրվում աշակերտի կրթությանը:

-Արդի կրթական համակարգում ի՞նչ փոփոխություններ կմտցնեիք:

-Ներկայիս կրթական համակարգը համեմատած Խորհրդային դպրոցի հետ շատ է փոխվել: Այսօրվա կրթական համակարգը հնարավորություն է տալիս ուսուցչին, ուսուցման մեջ օգտագործել թե ավանդական, թե այժմյան մեթոդները: Այսօրվա մեթոդները աշակերտակենտրոն են, այսինքն՝ հնարավորություն են տալիս աշակերտին աշխատել, զարգացնել տրամաբանական մտածողությունը, ստացած գիտելիքները առօրյայում կիրառելու կարողությունը:
Ժամանակակից կրթության դրական կողմերից է համագործակցային աշխատանքի առկայությունը: Այսինքն, ուսուցիչը 45 րոպեի ընթացքում աշակերտին ոչ միայն գիտելիքներ է տալիս, այլև սովորեցնում է համագործակցելու, միմյանց օգնելու նրբությունները:

-Ի՞նչն եք ամենից շատ արժեվորում մարդու մեջ:

-Դիմացինին հարգելու, գնահատելու, դիմացինի «ես»-ը ճանաչելու կարողությունը, արդարամտությունը:
Անկախ նրանից, ինչի մասին մենք խոսեցինք` մանկավարժի մասնագիտության, կրթակարգի, երջանկության բանաձևի, այս բոլորի վերևում ես մի արտահայտություն կարող եմ դնել. լավ կլինի, որ կյանքում մարդը իր դիմագիծը չկորցնի, իր մարդ կերպարը չաղտոտի, հավատարիմ մնա իր սկզբունքներին: Հիշի, որ ինքը մարդ է, գիտակից մարդ: