Ես Արցախն եմ

2022 թվականը՝ արցախցի աշակերտների աչքերում․ բողոքներ Ձմեռ պապին ու երազանքներ, երազանքներ…

 

2020 թվականը շատերիս կյանքում բաժանարար գիծ դարձավ, որից անդին մնացին չարժևորված խաղաղությունն ու երազանքների պետություն ստեղծելու հեռանկարը, և որից այս կողմ մնաց մեղավորության ու պատասխանատվության զգացումը մեր կորցրածի առջև, ու մի մեծ, դատարկ անորոշություն։ Հետո ամբողջ 2021-ը եղավ կյանքը նոր տողից սկսելու, զրոյից ապրել սովորելու մասին։ Իմ ներսում էլ փշրվել էին երբեմնի ճշմարտությունները, ու թեև չգիտեի՝ ինչպես պիտի ապրեմ այսուհետ, բայց գիտեի, որ նախկինի պես ապրել չի կարելի։ Ուզում էի գլուխս վերցնել ու փախչել Հայաստանից, բայց և հասկանում էի, որ խնդիրներից ու ցավից թաքնվելը լուծում չէ, լուծումը դրանց առերեսվելն ու լուծելն է։ Եվ որոշեցի միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին ու մնալ Հայաստանում, գնալ Արցախ։

Ես Աստղիկ Քեշիշյանն եմ՝ երբեմնի լրագրող, այժմ հայոց լեզու և գրականություն եմ դասավանդում Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի Գարիկ Պողոսյանի անվան միջնակարգ դպրոցում։ Սա, սակայն, ոչ թե իմ, այլ 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտներիցս մի քանիսի մասին է, նրանք ուզում են խոսել ձեզ հետ Նոր տարվանից ունեցած իրենց ակնկալիքների, երազանքների, նաև մտահոգությունների մասին։ Իսկ եթե մեր երկրում հիմա կան մարդիկ, որոնք արժանի են լսելի լինելու, հենց այս երեխաներն են։

Բարև, ես Լերմոնտն եմ՝ 7-րդ դասարանից։ Ես և իմ ընկերները կպատմենք ձեզ մեր ամանորյա ցանկությունների մասին։ Վերցրեք մի քիչ քաղցրավենիք, հարմար տեղավորվեք բազմոցին, որովհետև մենք սկսում ենք։

Նախ, ես կուզեի, որ իմ սայթի հաշվին donate անեին։ Ճիշտ է, դա լավ բան չէ, բայց Ամանորին երազանքները կատարվում են։ Ու բացի դա, բողոք ունեմ Լապլանդիայի Ձմեռ պապին։ Նա կարծես կատարում է բոլոր ցանկությունները՝ բացի մի բանից․ մենք գրում ենք, որ Արցախ աշխարհին խաղաղություն բերի, բայց այդ երազանքն այդպես էլ չի կատարվում։

Բարև ձեզ։ Իսկ ես Ալվարդն եմ։ Ես սովորում եմ 7-րդ դասարանում, 12 տարեկան եմ։ Իմ մանկության ընթացքում ես տեսել եմ երկու պատերազմ։ Առաջինը՝ Ապրիլյան պատերազմը, որի ժամանակ ես վեց տարեկան էի, իսկ եղբայրս՝ երեք, ու մենք մեր մայրիկի հետ գնացել էինք Ստեփանակերտ, քանի որ գյուղում մնալ հնարավոր չէր։ Իսկ երկրորդը 2020 թվականի պատերազմն էր, որի ժամանակ մենք կորցրինք շատ ջահել տղաների։ Ես ցանկանում եմ, որ վերջապես խաղաղություն տիրի Արցախում, որ իմ ծնողներն ու բարեկամները լինեն առողջ ու ուրախ։

Ճիշտ է, բոլորս էլ գիտենք, որ «Ձմեռ Պապը» գոյություն չունի, բայց ինչպես ասում են մեր մեծերը, փորձը փորձանք չէ։ Ես ցանկանում եմ դպրոցս ու համալսարանս ավարտելուց հետո լավ աշխատանք գտնել ինձ համար ու ընկերուհուս հետ տեղափոխվել Հարավային Կորեա, որովհետև այնտեղ կա անսահմանափակ ինտերնետ, շատ գեղեցիկ բնություն ու առանձնահատուկ համեղ խոհանոց։
Ու նաև ցանկանում եմ, որ վերջապես մեր վարչապետին փոխեն, և վերջիվերջո մեր Ղարաբաղում տիրի խաղաղություն։

Ես Սոֆին եմ, սովորում եմ 7-րդ դասարանում։ Ես ուզում եմ, որ այս տարի և միշտ Արցախ աշխարհում տիրի խաղաղություն։ Ուզում եմ, որ մարդկանց աչքերում միշտ լինի ուրախություն, որ երեխաները մեծանան կապույտ երկնքի տակ։ Ուզում եմ դպրոցն ավարտել գերազանց գնահատականներով ու անվճար ընդունվել համալսարան։ 2020 թվականին մենք շատ բարդ ճանապարհներով անցանք, երիտասարդ տղաներ զոհվեցին, իրենց մայրերի աչքերում միայն թախիծ էր, Արցախի մեծ մասը տվեցին թշնամուն․․․ Հուսով եմ, որ այս տարի լավ կլինի ամեն բան, ու Արցախը կլինի անկախ։ Ես շատ եմ սիրում իմ Արցախը, որովհետև նրա նման գեղեցիկ բնություն ոչ մի երկիր չունի, նրա նման խիզախություն ոչ մի երկիր չունի։

Բարև, ես էլ Արսենն եմ, կպատմեմ ձեզ իմ երազանքների մասին։ Փոքր ժամանակ ես շատ էի ցանկանում, որ Ձմեռ Պապն ինձ համար մեքենա կամ Գրադ խաղալիք բերեր, և նա իմ ցանկությունը կատարում էր։ Սակայն մի անգամ տեսա, թե ինչպես է իմ հայրիկը տոնածառի տակ դնում խաղալիքը, և այդ օրվանից ես հայրիկիս ասում էի՝ Ձմեռ Պապ, իսկ մայրիկիս՝ Ձյունանուշ։

Ես շատ քիչ ցանկություն ունեմ․ ամենակարևոր ցանկությունս այն է, որ Արցախում լինի խաղաղություն, սակայն Ձմեռ Պապն այդ ցանկությունս չի կատարում, դրա համար ես շատ նեղանում եմ։ Էլի մի քանի ցանկություն ունեմ, որոնցից երկուսը կասեմ։ Առաջին անհավանական ցանկությունս է` զոհված տղաների ընտանիքներին վերադարձնել իրենց տղաներին, իսկ երկրորդ ցանկությունս այն է, որ դպրոցում լավ սովորեմ։ Այսքանը, ցտեսություն։

Ողջույն։ Ես Էլիզաբեթն եմ, սովորում եմ 7-րդ դասարանում։ Ես իմ մանկության օրերին արդեն երկու պատերազմ եմ տեսել, երկու անգամ մենք հեռացել ենք մեր տներից ու նորից վերադարձել, շատ տղաներ են զոհվել, ու ես միայն մի քանի երազանք ունեմ․ ուզում եմ, որ մեր երկրում խաղաղություն լինի, նաև որ լավ սովորեմ ու ընդունվեմ համալսարան։

Ես Լաուրան եմ, սովորում եմ 8-րդ դասարանում։ Չգիտեմ ինչու, բայց այս անգամ ավելի ու ավելի շատ եմ սպասում Նոր տարվան։ Ես չափից դուրս երազկոտ եմ, և մեկ երազանքը շա՜տ քիչ է ինձ համար։ Իմ գլխավոր երազանքներից մեկն այն է, որ սահմանափակ, բայց իմ՝ երազկոտ աղջկաս համար անսահման Արցախում տիրի խաղաղություն։ Հոգնել եմ արդեն արյուն, սևազգեստ մայրեր և կարոտից լցված աչքեր տեսնելուց։

Միանգամից անցնենք նպատակներիս, որոնք շատ-շատ են, բայց ամենակարևորները երկուսն են։ Ես որոշել եմ փոխվել, որովհետև հասկացել եմ, որ չափազանց բարի եմ ու ներողամիտ, և մարդիկ ուղղակի չարաշահում են դա․ խնդրանքը ժամանակի ընթացքում վերածվում է հրամանի։ Երկրորդ նպատակս այն է, որ սովորեմ ավելի լավ, որովհետև ուսումը շա՜տ կարևոր է մարդու ապագայի համար։ Եվ ինչպես բոլորն են ասում, թող խաղաղության, հաջողության տարի լինի։

Մելինե, 8-րդ դասարան։

Երազա՜նք։ Այս բառը մի ուրույն իմաստ ունի յուրաքանչյուրիս հոգում։ Բոլորս էլ շատ երազանքներ ունենք մեր սրտերում պահված։ Եվ ճիշտ է, որ երազանքները գնալով փոխվում են։
Երբ փոքր էի, երազում էի սիրունիկ շորիկների, հեռախոսների և այլ մանր բաների մասին, իսկ հիմա երազանքս բոլորովին այլ է։ Երբ գալիս էր Ամանորի գիշերը, երազանք էի պահում, մտքում ցանկանում էի խաղաղություն, երջանկություն․․․ Սակայն 2020 թվականի Ամանորի գիշերը ես երազանք չպահեցի․ արդեն չէի հավատում երազանքներին, առավել ևս, որ դրանք կկատարվեն։ Պատերազմը մեզ ստիպեց մի քանի տարով մեծանալ, ստիպեց կյանքին ուրիշ հայացքով նայել, փոխվեց իմ երազանքների իմաստը։

Այո՛, ճիշտ է, այժմ էլ երազանքներ ունեմ, սակայն չգիտեմ՝ դրանք կկատարվե՞ն, թե՞․․․ Բայց հույս ունեմ, որ կկատարվեն։
Երազում եմ նորից խաղաղության, երջանկության, երեխաների անհոգ մանկության մասին, և ամենակարևորը, որ մայրիկս, որին սիրում եմ անչափ ու անսահման, երջանիկ լինի ու միշտ՝ իմ կողքին։