Anahit Arshakyan

Շեքսպիրյան վերջաբան

Եթե կարողանաս պարտականության ցրումից հետո գտնել իմաստ և իմաստի ցրումից հետո գտնել պարտականությունդ, ապա իմաստ կունենաս:

Եթե կարողանաս ընդունել, որ ասված խոսքերը բերանումդ դառնանալու են, իսկ հիշողությունդ՝ նզովվելու, եթե կարողանաս վաղվա օրվա դառն անձրևդ կանխագուշակել, բայց բաց գլխով թրջվել, միգուցե անձրևը մի օր քաղցր լինի, որովհետև միշտ էլ քաղցր է եղել ու նզովքները՝ օդից մաքրելու հատկություն ունի:

Եթե կարողանաս մեղադրելը մոռանալ, միգուցե դու հաղթես, ու թե կարողանաս կարգավիճակիդ հետ հաշտվել, միգուցե մի օր սկսես ճիշտ չհամակերպվել:

Եթե մեջքի ցավով կարողանաս գլխիդ ցավը հասկանալ ու գլխացավով քնել, ու եթե հետո կարողանաս ինքդ քեզ հաշիվ տալ բոլոր ցավերիդ համար, գլխացավերդ միայն շատ սուրճ խմելուց կլինեն, որովհետև կաշխատես անվերջ կրքով, իսկ մեջքի ցավերը կլինեն հաճելի ու հաճախակի, չնայած հաճախականությունը արդեն դուք որոշեք:

Եթե վաղը արթնանաս ու չիմանաս` ինչ հագնել, բայց միևնույն լինի, միայն թե դու՝ դու լինես հագուստիդ մեջ, ու թե ավելի կարևոր լինի հանվելուցդ քեզ կորցնելը, բայց ինքդ քեզ չկորցնելը, ապա դու միշտ կունենաս մի անկապ վերնաշապիկ՝ հագնելու:

Եթե կտրվեն բոլոր լարերը ու դու մոռանաս մատներիդ դիրքերը, բայց մի օր գտնես ներսիդ մեղեդին, ապա քեզ հարկավոր չեն լինի լարեր՝ դրանց վրա ուղղակի նվագելու համար, հարկավոր չի լինի հորինել մատների դիրքեր, որովհետև դրանք կշարժվեն միայն անկանոն ու ինքնամոռաց:

Եթե կարողանաս ողբալ՝ քեզ ֆիլմի պես նայելու համար, միգուցե մի օր ապրես իսկապես, ու քեզ պետք չլինեն դոկումենտացիաներ:

Եթե փաստը դառնա կերպար, բայց դու կերպարներիցդ դուրս գաս, ապա քեզ՝ որպես բնորդ, հազարավորները կնկարեն, իսկ դու միայն կժպտաս՝ Մոնա Լիզայի ժպիտով:

Եթե կարողանաս ինքդ քեզ հետ զրուցել ու երբեք չհոգնել, ապա կհրաժարվես անպետք խոսքերից ու դատարկների հետ հիմար զրույցներից:

Եթե կարողանաս միշտ փնտրել վերևում, բայց առանց կորցնելու՝ գետինը, ապա գտածդ միշտ հետաքրքիր ու կարևոր կլինի, ու դու միշտ վերև կնայես, բայց աչքերդ չեն կուրանա, ու ոտքերդ կանգուն կմնան:

Եթե ունենաս ամուր արմատներ և չունենաս աճելու հնարավորություն, ապա արմատներդ պահելով` կաճես առանձին ու կաճես նույն սև հողում, բայց մաքուր օդում:

Եթե ուժ գտնես՝ գրելու, երբ չունենաս մտքեր, ապա մտքերը կծնվեն մատներիդ տակ, ու դու կգրես գրքեր. բազում գրքեր ու մի նախադասություն միայն՝ վերջում:

Սա նախաբանն էր, իսկ վերջաբան չկա, որովհետև մենք գիտենք, թե ինչ ենք, բայց չգիտենք, թե ինչ կարող ենք լինել:

Իսկ նախաբան կա, քանզի ոչնչից ոչինչ չի կարող առաջանալ: