lilit hovhannisyan

Ես Լոլոն եմ

Որքան էլ զարմանալու լինի, բայց ես Լոլոն եմ: Այո, մի զարմացեք, եղբայրս՝ Խաչիկը,  ինձ այդպես էր դիմում, երբ  դեռ երկու տարեկան էր: Սկզբում դա ինձ նյարդայնացնում էր , բայց հետո հասկացա , որ հազիվ է կարողանում բառերն իրար միացնելով որևէ բան հասկացնել մեզ: Արդեն անցել է յոթ տարի, իսկ ես կարելի է ասել, հպարտությամբ եմ հիշում այդ պատմությունը: Քանի որ այդ օրվանից ինձ իմ բոլոր բարեկամները Լոլո են կանչում:

Երբ ես նոր էի ծնվել,  քույրս՝ Լուսինեն,  շատ էր ուրախացել և հետաքրքրասեր հարևանների հարցին, թե ինչ է ծնվել, պատասխանում էր.

-Ինձ քուրիկ ա ծնվել: Իմ նման ա, բայց ինձանից մի քիչ սպիտակ…

Ու հենց քույրս էլ ընտրել է իմ անունը՝ Լիլիթ: Ունեմ շատ տաղանդավոր քույր՝ երգող, պարող, նվագող, ասմունքող, մի խոսքով, ինչպես ասում են` ձեռքի շնորհքով: Ինձ շատ  է օգնում, խորհուրդներ տալիս ու, ամենակարևորը, ազատ ժամանակը տրամադրում է ինձ` սովորեցնելով անգլերեն: Իսկ հիմա նա ուսանող է, և մեր պարապմունքները ցավոք հետաձգվում են: Ինձ պատմում է բազում պատմություններ մանկությունից, բայց իմ հիշողության մեջ լավ տպավորվել է միայն մեկը:

Չորս տարեկան հասակում իմ քնելուց անմիջապես հետո նա իջնում էր բակ խաղալու: Շատ երկար էր մնում բակում: Իսկ ես արթնանալով, վազում էի պատուհանի մոտ ու կանչում.

-Աղչի, խայտառակ, արի տուն…

Ու բոլոր տատիկները բակում նստած սկսում էին ծիծաղել:

Ոչ ոք չի կարող փոխարինել ծնողներիս, մայրիկիս՝ Նարինեին ու հայրիկիս՝ Մանուկին: Մայրս ասում է, որ ես շատ խելոք եմ եղել փոքր ժամանակ: Անգիր իմացել եմ ռեժիմս: Քնելու ժամին ասել եմ.

-Մամ, քնիս ժամն ա, գնամ` քնեմ…

Քնել եմ ու թողել, որ մայրիկս իր գործերն անի, վերջացնի: Պատմում է նաև, որ ես շատ  արագաշարժ եմ եղել: Ամբողջ օրը վազել եմ, թռվռացել ու քայլել եմ բազմոցի ու բազկաթոռի վրայով, փչացնելով բոլոր բազմոցներն ու բազկաթոռները: Հայրիկիս բջջայինի մեջ մինչև հիմա  կա իմ պարերի տեսանյութերը, ու երբ նայում եմ, անկեղծ ասած, ինձ լավ եմ զգում:

Ես ու քույրս մեր բակի պարուհիներն էինք, ու պարելուց հետո բոլորը մոտենում էին ու համբուրում: Միայն այդ պահը ինձ դուր չէր գալիս: Ես էլ եմ սիրում երգել, պարել, նվագել, նկարել և այդ ամենը անում եմ մեծ հաճույքով, քանի որ յոթ տարի հաճախել եմ երաժշտական դպրոց` դաշնամուրի բաժին, յոթ տարի հաճախել եմ պարի, յոթ տարի երգել եմ և այդպես շարունակ: