Ես խաղաղություն եմ ուզում

Լուսանկարը՝ Մայա Հարությունյանի

Լուսանկարը՝ Մայա Հարությունյանի

«Ես խաղաղություն եմ ուզում». մի արտահայտություն, որը կրկնում եմ ամեն օր: Խաղաղությունը ինձ համար նույնպես դարձել է երազանք, որը, հույս ունեմ, մի օր կիրականանա: Հույս ունեմ, որ խաղալու ընթացքում այլևս կրակոցից չենք վախենա և կշարունակենք մեր խաղը, մեր լեզվով ասած` «քուչում»: Մարդիկ ստիպված չեն լինի լքել գյուղը, վախից չեն իջնի նկուղ: Վերջերս գյուղում նորից կրակոցները ավելի են շատացել, սակայն, երբ խաղում ենք, ոչ մի բան չենք նկատում, չենք հիշում, որ խաղաղություն չկա:

Լուսանկարը՝ Մայա Հարությունյանի

Լուսանկարը՝ Մայա Հարությունյանի

Ես կոթեցի եմ, հպարտ եմ իմ գյուղով, սահմանին կանգնած մեր տղաներով, ովքեր մեր վտանգավոր գյուղում ապահովում են մեր խաղաղ քունը: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը ավելի լարված է: Հայ զինվորները մեզ պաշտպանում են իրենց կյանքի գնով, բայց դա չի խանգարում համախմբվել ու մեր զինվորների կողքին կանգնել: Այս կրակոցները մեզ չեն խանգարում նաև գնալ դպրոց: Մեր դասարանը դպրոցի ամենաչար դասարանն է: Ուսուցիչներին շատ ենք ջղայնացնում, մեր դասարան մտնելիս վախենալով են մտնում, իսկ դուրս գալիս` գլխացավով: Այս լարված իրավիճակին լրջորեն ենք մոտենում: Կան դասաժամեր, որ շատ հետաքրքիր են անցնում: Դասի ժամին առաջին շարքից լսում ենք Էրիկի ձայնը, ով խոսում է երրորդ շարքում նստած Ավետիքի հետ, ում կարճ ասում ենք Ավո:

-Աաաա՜, Ավո, գնաց` ագոն…

Եվ այստեղ լսվում են պատասխան կրակոցի ձայները: Ավոն էր, ով արդեն այնքան հմտորեն էր սեղանի տակ խփում, որ կարող ես նույնիսկ մտածել, թե կրակոցներն իրական են:

Երբեմն նստած մտածում եմ, կգա՞ արդյոք մի օր, որ այլևս կրակոցներ չեն լինի, կվերականգնվի՞ խաղաղությունը, թե՞ոչ:

Լուսանկարը՝ Մայա Հարությունյանի

Լուսանկարը՝ Մայա Հարությունյանի