Anna Andreasyan

Ձյան հետ թարմացող հիշողություններ

Նորից եկավ ձմեռը՝ իր հետ բերելով մի շատ ուրախալի երևույթ՝ ձյունը: Եվ ես ամեն ձմեռ, սկսած դեկտեմբերից մինչև փետրվար, ամեն օր երազում եմ, թե երբ է ձյուն գալու: Միշտ նախանձել եմ այն տարածաշրջաններում ապրող մարդկանց, որտեղ ձյունը շատ առատ է լինում: Սիրում եմ խոշոր փաթիլներով, արագ տեղացող ու ամենակարևորը՝ գետնին հասնելուն պես չհալչող ու կպնող ձյունը: Էլ ավելի եմ սիրում, երբ այն գալիս է գիշերային լույսերի ներքո:

Միշտ զարմացել եմ այն մարդկանց վրա, որոնց համար միևնույն է ձյուն կգա, թե՝ ոչ: Այն մի տեակ լավ տրամադրություն է հաղորդում, հիշեցնում, որ շուտով Ամանոր է: Նոր տարին առանց ձյան կորցնում է իր փայլը: Ասում են. «Հո երեխա չե՞ս, որ այդքան շատ ես սիրում ձյունը»: Բայց ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ: Հետո էլ յուրաքանչյուրս էլ անկախ տարիքից, պետք է մի քիչ էլ երեխա լինենք:

Տատս միշտ «վիճում է» ձյան հետ ու ասում, որ չգա: Իսկ ես հակառակը՝ համոզում եմ, որ գա: Բայց նա, երևի, ոչ ոքի էլ չի լսում, երբ սիրտն ուզում է, այն ժամանակ էլ գալիս է: Եվ նրա գալուստը ես ամեն տարի նույն հրճվանքով եմ դիմավորում:

Հիշում եմ, ոչ վաղ մանկության օրերին, որից դեռ լիովին չեմ անջատվել, ընկերներով մեզնից մի քանի անգամ մեծ ձնեմարդ էինք պատրաստում: Գնդերն այնքան ծանր էին լինում, որ մի քանի հոգով հազիվ էինք դնում իրար վրա: Թթվի տարրայից էլ մի գազար էինք թռցնում, որը քիթ էր ծառայում Ձմեռ պապին: Մի ավել, դույլ և մի քանի քար. ահա և պատրաստ է մեր ձնեմարդը: Մնում էր ձյունե պարիսպներ պատրաստել և ձնագնդիկ խաղալ: Ձնեմարդն էլ մրցավարն էր և անխոս վկան մեր՝ մանկական հրճվանքի այդ քաղցր ակնթարթի:

Վերջում էլ մայրիկների հորդորներով գնում էինք տուն` հաջորդ օրը խաղը շարունակելու պայմանով: Սկսվում էր մի տհաճ պահ: Քրտնած ու հոգնած էինք, իսկ ձեռքերս՝ սառած ու քարացած, վառարանից այն կողմ չէինք գնում:

Այսպես ամեն ձյան գալու հետ մեկտեղ, արթնանում են մանկության հիշողությունները և ստիպում ինձ ժպտալ: