lida armenakyan

Ես մնալու եմ

Ձեզնից շատերն են մտածել երկիրը լքելու մասին հատկապես այս օրերին: Ու չհերքես, չասես, որ չես մտածել կամ որ գոնե մտքիդ ծայրով չես անցկացրել:

Իրականում մեզնից յուրաքանչյուրը մի պահ իր կյանքը պատկերացրել է երկրից դուրս, պատկերացրել է իր երազանքների երկրում, ու հետո մեկը համաձայնել է, մեկը` չէ, էն երրորդն էլ ճամպրուկները հավաքել, մտերիմներին հաջողություն է մաղթել ու գնացել: Ախր, չի գնացել, է, փախել է, փախել: Արտագաղթել է ու ոչ ներգաղթելու մտքով: Արտագաղթել է, որ հարազատներին էլ «արտագաղթեցնի»:

Երեք ամիս առաջ կատարվածն էլ դեռ չենք մարսել: Չենք մարսել, բայց հասցրել ենք մոռանալ: Մոռացել ենք մեր տղերքի արյունով պահած հողերի, «ռազմավարական նշանակություն չունեցող 800 հեկտարի» 80-ականների զենքով ու բահերով, թշնամու դեմ կռվող զինվորների, մեր խաղաղ երկնքում, անմեղ գյուղացու տանիքի վրայով սավառնող անօդաչու թռչող սարքերի ու հեռուստացույցի դիմաց, աչքերը կկոցած տատիկների մասին:  Մենք մոռացել ենք, բայց դա երեք ամիս առաջ էր: Ու մոռացել ենք, որովհետև հիմա տեսնում ենք ժողովրդի դեմ 2016-ի զենքով կռվող, ժողովրդին պատանդ վերցնող ու Ազատության հրապարակում ազատ խոսքի իրավունքը ոտնահարող իշխանությանը:

Մի պահ հետ ենք նայում, հիշում ենք 2015-ի Բաղրամյան 26-ի դեպքերը, ու ներկա ենք գալիս, որ առաջ գնանք: Առաջ ենք գնում «երկիրը`երկիր չի» ու «կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու» գոռալով ու գոչելով:

Էդ «վաղը» վաղուց չի գալիս: Իսկ ե՞րբ պիտի գա: Ե՞րբ պիտի գա, որ էս երկիրն էլ երկիր դառնա ու մարդիկ էլ` ՄԱՐԴ:

Էդպես ձեռքերդ ծալում, նստում ես ու սպասում, որ այ էդ «վաղը» գա: Չի գալիս, որովհետև ոչինչ չես անում: Սպասումից հոգնում ես, նեղվում, թողնում ու գնում: Գնում ես էն երազանքներիդ երկիրը, որի մասին քիչ առաջ ասում էի:

Դու գնում ես, բայց այ, ես մնալու եմ: Ես չեմ գնալու (ավելի ճիշտ`չեմ գալու): Մնալու եմ ու ամեն ինչ անելու եմ, որ սա դառնա իմ երազանքների երկիրը: Մնալու եմ ու սերունդներիս հետ շենացնելու եմ էս Հայաստանը, որ դառնա իմ ու քո երազանքների երկիրը: Ու դառնալու է:

Մի օր անպայման դառնալու է: