Gayane Avagyan

Էլառից մինչև Աբովյան

Երևան քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք է գտնվում իմ ծննդավայրը՝ Աբովյանը: Այս  քաղաքը մեզ է հասել Արգիշտի Ա-ի շնորհիվ, այդ մասին է գրված նրա թողած սեպագիր արձանագրությունում: Մեր քաղաքի պատմական անվանումը եղել է ԷԼԱՌ-ԴԱՐԱՆԻ: Մեր քաղաքում իրականացրած պեղումները փաստում են այն մասին, որ մեր քաղաքը բնակեցված է եղել սկսած Ք.ծ.ա 4-րդ հազարամյակի վերջից: Իմ քաղաքի մասին բազմաթիվ ավանդազրույցներ են հասել: 

Էլառ անվանումը քաղաքաբնակները կապում են Արա Գեղեցիկի հետ: Շամիրամը Արա Գեղեցիկին սպանված տեսնելով գոչել է. «ԵԼ ԱՐԱ՜»: Իսկ ահա այդ վայրը, որտեղ մահացած պառկել է արքան, կոչվել է ԷԼԱՌ: 1961թվականին  քաղաքն անվանակոչվել է ի պատիվ Խաչատուր Աբովյանի: Այժմ մեր քաղաքը իր տանիքի տակ է առել 44400 մարդու:

Ի՞նչն է ինձ գրավում իմ քաղաքում: Դժվար չէ պատասխանել: Պապիկս պատմում է, որ երբ հայրենադարձվել են Իրանից, այս քաղաքն են ընտրել բնակվելու համար, քանի որ ամենահանգիստ քաղաքը հենց սա է եղել: Պապիկիս գրավել է քաղաքի բնակիչների հանգստությունը: Այստեղ այնքան հանգիստ է, որ նույնիսկ կեսօրին կարող ես քնել մինչև ուշ երեկո, կամ զբաղվել  քո սիրած աշխատանքով, ու քեզ ոչ մի աղմուկ չի խանգարի: Իսկ ինձ ամենից շատ իմ քաղաքում դուր է գալիս այն փաստը, որ մեր քաղաքում բոլորը իրար հարազատ են, չնայած այն փաստին, որ Աբովյանը քաղաք է:

Փողոցով քայլելիս բոլորին բարևում ես, որովհետև նրանք քո բարեկամներն են, ծանոթները, ընկերներն ու հարազատները: Մեր քաղաքը Երևանին ամենամոտիկ քաղաքն է և սերտորեն կապված է Երևանի հետ, դա ևս քաղաքի առավելություններից է, այնպես որ այստեղ հասնելը այդքան էլ դժվար չէ: