meri baghdasaryan

Ես չգիտեմ

Ես չգիտեմ, թե որտեղ է վերջանում հորիզոնը, գուցե այն չի էլ վերջանում: Ես չգիտեմ, թե ինչ գույն ունի լռությունը, գուցե այն քո աչքերի գույնն ունի, գուցե և անգույն է, չգիտեմ: Դու գիտե՞ս:

Դու հաճախ մի ամբողջ քաղաք ոտնատակ ես տալիս ինչ-որ մտքեր ցրելու, կամ ինչ-որ բան վերհիշելու համար: Քայլում ես երկա՜ր, երկա՜ր: Հանդիպում ես ծանոթ մարդկանց, խոսում առօրյա հոգսերից ու բաժանվում ես։ Այդ բաժանումից հետո հոգուդ մեջ մի մեծ ծանրություն է մնում: Քայլում ես ու մտածում, հաճախ տարվում ես երազանքով, հետո սթափվում ես ինչ-որ մեկի ձայնից: Հասկանում ես, որ քեզ չէին կանչում, այլ քո անունն ունեցող մեկ ուրիշին:
Շարունակում ես քայլերդ, երևակայությանդ մեջ գտնում ես մեկին, պատկերացնում ես նրա հայացքը, ժպիտը, աչքերի գույնը և զգում ես, որ նա քեզ հարազատ է, և հոգուդ խորքում սիրում ես նրան:
Ակամա նայում ես երկնակամարին, արդեն աստղեր են նշմարվում: Մտքերով տարված՝ չես նկատել, թե ինչպես է մթնել: Տուն հասնելուն պես վառում ես մի փոքր լամպ, որովհետև քամի է, և լույս չկա:
Առավոտյան դուրս ես գալիս: Այգում մի քանի բացված մանուշակ ես նկատում: Մտածում ես՝ քաղես ու նվիրես մեկին: Բայց ի՞նչ իմանաս՝ այդ մեկը մանուշա՞կ է սիրում, թե՞ փշոտ վարդեր: Ի՞նչ իմանաս:
Պահի ազդեցության տակ տխրում ես, թախծում, հետո վերցնում ես թուղթ ու գրիչ և սկսում ես գրել: Գրում ես, որովհետև այս աշխարհում ուրիշ ոչինչ չի մնացել անելու, կամ էլ որովհետև այլ տաղանդ չունես:
Հուսահատության պահերին չգիտակցելով սրտեր ես փշրում, անտարբերությամբ ես անցնում արցունքի կողքով:
Ես չգիտեմ, թե ինչ տեսք ունի մենախոսությունը, գուցե նման է այն վարդին, որի թերթերը ոչ ոք հաշվել չի փորձել:
Ես չգիտեմ, թե ինչպես է վերջանում «Մատանիների տիրակալը» ֆիլմը: Ես այն երբեք չեմ նայել մինչև վերջ:
Ես չգիտեմ, թե քանի երգ է գրվելու անփոխադարձ սիրո մասին, չէ՞ որ ամեն օր սրտեր են կոտրվում:
Միգուցե դու գիտես, միգուցե պատասխան տաս հարցերիս: Չէ որ ինչպես ինքդ ես ասում՝ նայել ես աշխարհի բոլոր ֆիլմերը, դա էլ նայած կլինես, պատմիր ինձ վերջաբանը: Դու գրում ես երգեր, որոշները պատռում ես ու աղբամանը նետում, լավագույններն էլ պահում ես խնամքով՝ մի օր ձայնագրելու նպատակով: Դու երևի գիտես նաև, թե որտեղ է վերջանում հորիզոնը, գուցե այնտե՞ղ, որտեղ կատարելություն չկա: Այն բեմում, որում խամաճիկներին դերասան են կոչում: Գուցե վերջանում է այնտեղ, որտեղ գլուխ է բարձրացնում ամենախոսուն լռությո՞ւնը…