marine nikoghosyan

Ընդմիշտ խոպան

Շիրակի մարզում գյուղերն ու քաղաքները հանդարտ ու աննկատ կերպով դատարկվում են` թողնելով միայն դատարկ փողոցներ ու լքված տներ։

Դռներից կախված ժանգոտ կողպեքները, չգիտես՝ հեգնում են, ժպտում կամ միգուցե տենչում, որ երբևէ կբացվեն, երբ կվերադառնան տերերը:

Հիմնականում տղամարդիկ են գնում «խոպան»: Շատերը գնում են գարնանը և վերադառնում ձմռանը՝ Ամանորն ընտանիքում նշելու նպատակով։ Միայն քչերն են վերադառնում, այն էլ ընտանիքը տանելու նպատակով։

Զրուցակիցս Շիրակի մարզի Կրասար գյուղի բնակչուհի Լարիսա Հովհաննիսյանն է, որի հայրը տարիներ շարունակ մեկնում է արտագնա աշխատանքի։

-Հայրդ ո՞ր թվականից է սկսել մեկնել արտագնա աշխատանքի և ո՞րն էր պատճառը։

-Տատիկս հաճախ է կիսվում իր երիտասարդ տարիների հիշողություններով, ու այդ հիշողություններից անմասն չի մնում նրա որդիների՝ արտագնա աշխատանքի մեկնելը։ Հայրս ու հորեղբայրներս առաջին անգամ արտագնա աշխատանքի են մեկնել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, երբ, ինչպես մի շարք հայ ընտանիքներում, մեր ընտանիքում նույնպես առաջացել էին ֆինանսական խնդիրներ։

-Նա մինչ օրս էլ մեկնո՞ւմ է արտագնա աշխատանքի։ 

-Այո՛, այժմ էլ մեկնում է, քանի որ աշխատատեղերի բացակայությունը խթան է հանդիսանում արտագնա աշխատանքի մեկնողների թվի ավելացմանը։ Միայն գյուղատնտեսական աշխատանքով հնարավոր չէ հարթել ֆինանսական դժվարությունները։

-Այժմ նա որտե՞ղ է աշխատում, ի՞նչ է անում այնտեղ և ինչպե՞ս եք շփվում միմյանց հետ։ 

-Հայրս այժմ աշխատում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում և զբաղվում է շինարարությամբ։ Շփվում ենք հիմնականում հեռախոսազանգերով և բջջային հավելվածներով։

-Որո՞նք են ամենադժվար պահերը թե՛ ձեր, և թե՛ նրա համար, և ինչքա՞ն է տևելու բաժանումը։

-Ամենադժվարը բաժանման հետ չհաշտվելն է, երբ կյանքիդ ամենակարևոր ու ամենաերջանիկ պահերը չեք կարողանում միասին անցկացնել։ Հուսով եմ, որ մեր բաժանումը երկար չի տևի, եթե կարելի է երկար չհամարել, մոտ վեց ամիս։

-Իսկ ապագայի ի՞նչ պլաններ կան՝ վերադառնալ, ձեզ տանել, թե՞ շարունակել այսպես ապրել։ 

-Հստակ պատասխանել չեմ կարող, սակայն հայրիկիս լավ ճանաչելով՝ կարող եմ ասել, որ այսպես էլ շարունակվելու է, քանի որ նրա միակ նպատակն ու երազանքը մեր կրթություն ստանալն ու լավ աշխատանք ունենալն է Հայաստանում։

-Իսկ ի՞նչ եք կարծում, կգա՞ մի ժամանակ, երբ ՀՀ-ում աշխատատեղերի թվի աճ կգրանցվի, և շատերը ստիպված չեն լինի թողնել իրենց ընտանիքները և գնալ արտագնա աշխատանքի։ 

-Դժվարանում եմ պատասխանել, այս խնդիրը եղել է դեռ տասնամյակներ առաջ և շարունակվում է մինչ օրս։ Այս խնդիրն իր լուծումը կստանա այն ժամանակ, երբ նոր աշխատատեղեր կբացվեն, և մեր բոլորի երազանքները կկատարվեն, ու շատ ու շատ ընտանիքներ, ինչպես նաև՝ իմը, ստիպված չեն կանգնի այս մեծ խնդրի առաջ։