sona mkhitaryan

Ես 1 տարեկան եմ

Հա, դարձա 1 տարեկան: Շնորհավորեք ինձ, ես մեկ տարեկան Մանանայական եմ:Վերջերս տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ մեր Արտյոմը մի լավ բան ասաց. «Մանանան» ինձ հանեց իմ չսիրած բանից (դաս պատմել) ու տարավ իմ սիրած դասերին: Աշխարհագրության ժամն էր, երբ եկան մեր դպրոց, ու ես պիտի դաս պատմեի: Իմ հերթն էր (սա մեր մեջ մնա): Ուրախ-զվարթ գնացինք դահլիճ և ուշադրությամբ լսեցի «Մանանայի» գործունեության մասին: Դե ինչպես բոլորը, ներկայացրեցի հայտ, անցա, ուրախացա… Չէ, չէ, շատ ուրախացա: Երկար ճանապարհ եմ անցել «Մանանայի» հետ 1 տարվա ընթացքում: Հիշում եմ` դասընթացի ժամանակ, որ իմացա պիտի ֆոտոխցիկներով գնայինք ֆոտո անելու`ուրախությանս չափ չկար: Ամեն դասից հետո գալիս էի տուն ու ոգևորված պատմում մամային օրս` ինչ արեցինք, ուր գնացինք, ում հետ, ինչով, ինչ կերանք.

-Ի՞նչ ես կերել, բա,-մամայի համար կարևորագույն հարցը:

-Մամ, դե համով բաներ ա: Էսօր շաուրմա էր, սալաթով-բանով, տենց, էլի:

Սա ինձ համար գովազդ չի: Ես «Մանանայից» ստացել եմ այնպիսի վերաբերմունք ու ջերմություն, որը մինչև օրս պահպանված է:

Բա որ մի օր եկան մեր գյուղ, որպեսզի օգնեն ինձ՝ ֆիլմս նկարահանեմ: Հիշում եմ 103 տարեկան տատիկի ֆիլմը նկարելիս ինչքան հավես անցավ ժամանակը: Գնացինք իրենց բակ, ծիրան քաղեցինք, Հովնանին ասում էինք.

-Հեսա, էս ճյուղի վրա շատ կա, սրանից քաղի:

Այդ ամառ ես համարվեցի ակտիվ թղթակից և գնացի ճամբար: Հիմա էլ`գրելիս հիշում ու կարոտում եմ այդ օրերը: «Մանանայի» շնորհիվ հիմա ունեմ այնպիսի ընկերներ, ովքեր կարճ ժամանակում դարձան մտերիմ, ինչու չէ, նաև թանկ: «Մանանան» դա Մանեն է, ում հետ մի սենյակում էինք մնում ու ամեն առավոտ կռվում մազերը արագ կարգի բերելու համար:

-Սոն, ստեղ լավ ա՞, հըլը նայի՝ որտեղ հարթ չի:

-Ման, լավ ա, լավ ա, արի գնանք ճաշարան, էլի, սոված եմ:

Լիդուշը` «Փոքրիկ իշխանի» հավատարիմը, Միլենան, ով իր խելացիությամբ միշտ հիացրել է ինձ, Սերոժը, ում ամբողջ հոգով հարգում եմ, Անին` ֆուտբոլի գիտակը, Հասմիկը`մեր համով շատախոսը, Բաղանիսից համեստ Դավիթը, վերջերս մտերմացա Կարինեի` ամբողջ սրտով «ջան» ասողի հետ, Նանեն, Սեդան՝ բարի ու ընկերասեր, ովքեր ինձ ուղղակի գրում են`իմանան`ոնց եմ: Լիլիթը Գրիգորյան,Արտյոմը, Հովոն, ում իր ազնվության համար գնահատում եմ: Մնացած բոլոր-բոլորը ինձ համար առաջնահերթ «Մանանայից» են, նոր միայն՝ Վահե, Արաքս, Անահիտ, Զարա…

1 տարի, 365 օր, չգիտեմ`քանի ժամ…