shushan stepanyan portret

Եռաբլուր

Դժվար է, ինձ համար հիմա դժվար է, բայց պիտի գրեմ, պիտի բառերով նկարեմ այն օրվա հույզերը, այն օրվա  ապրումները, որ դեռ ներսումս են:

Հասկանո՞ւմ եք, ապրումներ կան, որ ներսից քեզ տանջում  են, որ ինչքան էլ փորձում ես չապրել դրանց ծանրությունը, միևնույն է, չես կարողանում:

Ուզում եմ նրանց մասին պատմել, նրանց, ովքեր այսօր այնտեղ են, հեռու են, բայց այնքան ներկա են ու ապագա են: Հիմա էլ, որ գրում եմ, նրանց հետ եմ. մտքումս են իրենց հայացքներն ու իրենց չապրած ու մեզ նվիրած խաղաղ օրերը:

Երեկո էր: Քայլերս ինձ տարան այնտեղ, այնտեղ, ուր կյանքը, թվում է, թե ավարտված է, ուր ամեն բան լուռ է, ուր հայրենասիրության վեհ գաղափարն է: Ու հենց այնտեղ է կյանքը, կյանքը՝ իմ ու քո ու մեր երկրի, կյանքը, որ մեզ նվիրվեց, կյանքը, որ կարմիր գույնից կապույտի վերածվեց ու ապրելուն շարունակություն տվեց:

Շունչս պահել եմ, որ ուժեղ լռությանը քնից չհանեմ, որ չխանգարեմ: Կանգնել ու վեր եմ նայում, նայում եմ երկինք. այնտեղ շատ բան եմ կորցրել…

Մայրամուտ էր արդեն, ու նման տեսարան ես երբևէ չէի տեսել. արևը մինչև վերջին պահը հրաժեշտի գրկել էր իր լույսով տխուր շիրիմները՝ սառը քարերին ջերմություն տալով: Նա էլ հասկանում էր, թե ինչ է անում, թե ում է գրկում, և թե ովքեր են հենց այստեղ լռում:

Ողջ մարմնով դողում էի…

Ինչի՞ համար…

Ափսոս…

Ես էի ու ինձնից միշտ վեր կանգող հայրենասիրությունս, որ, թվում էր, թե անչափելի է, զորեղ է: Բայց ինքն էլ խեղճացել էր ինձ պես այս անգամ. նրանց հայրենասիրության կողքին աննկատ էր իր լիությունը:

Արտասվեցի, էլի չկարողացա…

Հա, արտասվում եմ, դե բայց այնքան հպարտ եմ, հպարտ եմ ինձ նայող  հայացքներով, որ խաղաղությունն այսօրվա  հեռվից տեսան ու մերը դարձրին, որ այսօրվա կապույտը իրենք բերեցին:

Նայում եմ, ու թվում է, թե իրենց խաղաղ քնից արթնացել հերթով ու ինձ են նայում: Իսկ ես բառազուրկ եմ, ես խոսել չեմ կարող: Խոսքերս անբովանդակ են իրենց  ինքնազոհության առաջ:

Մենք Հայրենիք էինք գոռում՝ տներում նստած, մինչ իրենք անխոս Հայրենիքն էին պահում-պաշտպանում՝ մահվան ահը սրտներում:

Երբ արդեն դուրս եկա Եռաբլուրից, մի երկնային թեթևություն էր ներսումս, որ երբևէ ունենում եմ եկեղեցի մտնելուց հետո. սուրբ տեղ էի գնացել:

Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, որ կամ ես, որ հայրենիքս կա, շնորհակալ եմ, որ կաք դուք հեռու հեռվում ու մեզ շատ մոտ…