Anahit Ghazakhetsyan

…Եվ բոլոր յոթն էլ քո մասին

Հաճախ Radiohead եմ լսում, կարդում «Փարավոնի» 9-րդ էջը, հոդվածներ գրում Վիքիում, թեյով լցնում Հեմինգուեով բաժակս, Ներուդա թարգմանում, չգիտեմ` արդեն որերորդ անգամ լսում “Hallelujah” երգի սիրածս հատվածը՝ 1:50-ից սկսվող, երեկոները պարապմունքից հետ գալիս մի կանգառ վերև իջնում ու տերևները խշխշացնելով հասնում տուն:

Առավել հաճախ ես կորցնում եմ քեզ:

Մեկ-մեկ որոշում եմ չգրել, մեկ-մեկ իսկապես չեմ գրում, հետո որոշում եմ գրադարան գնալ, ավարտել կիսատ թողած գրքերս, կիթառ նվագել սովորել, վերջապես դիտել “Captain fantastic”-ը, Շիշկինի մասին հոդված թարգմանել կամ պարզապես գրել մի հին ծանոթի:

Մեկ-մեկից ավելի հաճախ ես բացում եմ չաթի կապույտ պատուհանը: Ուղղակի բացում եմ: Այսքանը:

Մի օր միանգամից Զեմֆիրայի բոլոր երգերը ջնջեցի երգացանկիցս, չնայած ռեֆլեքսի պես դեռ շարունակում եմ քթիս տակ երգել ու հարցնել քեզնից, թեկուզ ուղղակի պահանջել, որ եթե քնելը չի ստացվում, անպայման ասես՝ սպանենք հարևաններին կամ աստղերը պայթեցնենք: Էդ ամեն ինչից հետո մենք կարող ենք ինչ-որ տանիքի նստել, ինչ-որ պատմություններ պատմել ու նարինջ ուտել: Հա՞:

Ֆլոյդը մի բացարձակ ճշմարտություն ունի “I wish you were here” վերնագրով: Առհասարակ ամեն ճշմարտություն վերնագրից  է սկսվում: Ուրեմն՝ կուզեի էստեղ լինեիր, որ հարցնեմ՝ What have we found?: Հետո միանգամից փոխեի հարցս՝ ի՞նչ եմ ես գտել:  Կամ` դու: Կարևորը՝ առանձին իրարից:

Իմ տեսանկյունից ճշմարտությունը էստեղ-էնտեղ ա, մեկ-մեկ մի քանիսը, նույնիսկ բավականին շատ: Էդպիսի մեկն էլ «Լավ էլիի» մոտ կա… «Որ կյանքի բերումով յոթը երգ գիտեմ, և բոլոր յոթն էլ քո մասին»:

Ճշմարտությունները շարունակվում են Guns N’ Roses-ի, Nazareth-ի, Imagine Dragons-ի, Beatles-ի ու մնացածի երգերում, Ֆիցջերալդի, Պաչյանի, Շաֆաքի ու Սարոյանի գրքերում, Իննյարիտուի, Դոլանի ու Կիշլովսկու ֆիլմերում: Իսկ ինձ պետք էր մի ճշմարտություն, որը սկսվեր քեզնից, շարունակվեր քեզնով ու չավարտվեր. ոչ քո կողմից, ոչ քեզնով, ոչ քեզնում:

Էս ամենի ընթացքում Creep-ը պարտադիր մեջ է ընկնում, որ հիշեցնի՝ ամեն ինչ մեկ է: Հիշելը հիշում եմ, Յորք ջան: Բայց  մե՞կ ա, որ:

Զուգահեռ իրականությունից ենթագիտակցությունս նամակ է ուղարկում՝ թե չորրորդ օրն է՝ նույն երազն ես տեսնում: Հետո դե ժավյուներս կոնկրետ ժամի խփում են ուսիս, քաղաքում ծանոթ ժակետներ, քայլվածք ու սանրվածքներ եմ տեսնում: Հետո… Հետո Թոմը ականջակալներումս համոզում է, որ it’s okay, բայց դե չէ… Որովհետև:

Որովհետև ամենից հաճախ բացական քո անվան դիմաց է դրվում: Իսկ դա նորմալ չի: Չէ: