hayarpi asatryan

Եվ ոչինչ էլ նույնը չէ

Պատմությունը կրկնվեց. իսկ աշխարհը, աշխարհը լռեց կրկին, լռեց իրեն բնորոշ յուրահատուկ ձևով, արդյունքում` մնացին միայն մեզ ապրել պարտավորեցնող հազարավոր անավարտ ճակատագրեր։ Դժոխային այս իրականությունից ենթագիտակցորեն խույս տալով, մտքերիս փոթորկոտ ծովում լողում եմ դեպի պատրանքների մեջ անցկացրածս կյանքի այն հատվածը, որտեղ «խաղաղություն» բառը ցանկություններիս վերջին ցուցակում էր, կյանք, որտեղ հերոսները միայն կինոներում էին, այնինչ իրական կյանքում այնքան հերոսներով էինք շրջապատված, որոնց պատերազմը խլեց, տարավ անվերադարձ, ինչպես ոռնացող ուժգին փոթորիկը արմատախիլ կաներ նորաբողբոջ այն ծաղիկին, որը դեռ փթթելու այնքան ցանկություն ուներ։

Ասում են՝ իմացյալ մահը անմահություն է, բայց, գրողը տանի, մեզ այդքան անմահներ պետք չէին… Մեզ, այսքան ցավից խելագարված, արյունի ծարավ վիրժառուներ պետք չէին: Եվ ոչինչ էլ նույնը չէ, բակում անվերջ վազվզող Չալոն կարծես երբեք չհանձնվելու նպատակով անվերջ փնտրում է իր տիրոջը, իսկ կարոտով որդուն սպասող ժպտուն դեմքով այդ կնոջ զվարթ աչքերը այժմ երկար տառապելուց հետո ցավից թորշոմած և կնճռոտված նայում են երկնքին, գուցե երկնային արդարություն ակնկալելու սպասումով…

Սա վատագույններից վերջինն էր, որ կարող էր պատահել: Սա պատմության ապտակն էր կրկին ու կրկին անգամ, սա մի նոր պայքարի սկիզբն է, և սա չավարտաված պատերազմ է։