nina arsutamyan portret

Սևան մեդիա ճամբար. Եվ որտե՞ղ է լավ

Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս, թե որտե՞ղ է կյանքը ավելի երջանիկ, և արդյո՞ք քեզ շրջապատող միջավայրը կարող է քեզ փոխել: Ապրելով գյուղում, երբեմն ինձ թվում է, որ կյանքը ժամանակ առ ժամանակ կանգ է առնում, քանի որ բնակչություն չկա, բոլորը գնում են քաղաք, իրենց հետ տանելով իրենց երեխաներին` իմ ընկերներին, և մեզ` գյուղի երիտասարդներիս, անելու ոչինչ չի մնում: Մինչդեռ քաղաքում զբաղմունքը ավելի շատ է, երեխաները իրենց բավարարված են զգում, սակայն չեն կարողանում հասկանալ, թե որն է իսկական մանկությունը: Իսկ գյուղում ապրող երեխաները վայելում են մանկության ամեն մի պահը ոչ բարենպաստ պայմաններում: Քաղաքում հետաքրքրությունների շղթան ավելի երկար է:

Ժամանակ է գալիս, որ հասկանում եմ, թե ինչքան կարճ ժամանակ է մնացել, որ ես հեռանամ գյուղիցս, որպեսզի ուսումս շարունակեմ: Հենց այդ փաստն է, որ ինձ էլ ավելի է կապում գյուղիս և գյուղիս մարդկանց հետ: Իսկ հետո ժամանակ է գալիս, որ մտքումս ինքս ինձ հետ վիճում եմ, որ պետք է գնամ քաղաք և ապրեմ լավ ու գունավոր աշխարհում: Երբեմն էլ ժամանակ է գալիս, որ ցանկություն չունեմ նույնիսկ մի քայլ անգամ դնել գյուղիցս դուրս, քանի որ գյուղում եմ ծնվել, իմ կյանքի մեծ մասը ապրել եմ այնտեղ, սկսել եմ խոսել, ծիծաղել: Հենց այստեղ է կյանքիս ամեն մի դրվագը, ամեն մի վայրկյանը, ուրախ թե տխուր օրերը անցել: Երբեմն էլ ափսոսում եմ գյուղից քաղաք տանող այդ երկար ու ձիգ ժամերի համար, որոնք ինձ բաժանում են իմ գյուղից:

Իմ մտքերն իրար հակասում են: Բայց մի օր պետք է, ցավոք սրտի, հեռանամ: Ւսկ ո՞ւր գնամ, որպեսզի նույն շրջապատը, նույն ժամանակները լինեն:

Չէ որ չեմ կարող իմ սիրելի մարդանց հետս քաղաք տանել, իմ սիրելի միջավայրը, գյուղի մաքուր օդը և գյուղական, ընկերական ու բարի միջավայրը քաղաք տեղափոխել:

Ինձ հետ կգան միայն կարոտով լցված իմ հուշերը: Ինչքան էլ ինձ ասեն, որ քաղաքում կյանքը ավելի լավ է, հետաքրքիր: Համամիտ եմ, բայց արդյո՞ք ես կարող եմ ինձ ազատ զգալ, զգալ ինչպես իմ գյուղում եմ ազատ զգում:

Ես ուղղակի քաղաքում կլինեմ «վանդակում փակված թռչուն», ով ուզում է դուրս գալ, վայելել իր ազատությունը, պարզել իր թևերը, որպեսզի ճախրի և սավառնի անծայրածիր և անուշ բույրով օծված օդում:

Եվ այս ամենից հետո իսկապես մեծ հարց է ծագում. և որտե՞ղ է լավ: