elizabet harutyunyan

Երա՞զ էր

Գիշեր էր, արդեն համարյա առավոտ: Ես վեր կացա անկողնուցս, ի դեպ, տեղափոխվել եմ կատվիս սենյակ, հենց այն անկողնում եմ պառկում քնելու, որի մեջ քնում էր կատուս։ Վեր կացա ու գնացի պատուհանի մոտ: Տարօրինակ է. ժամը հինգն է, իսկ դրսում սարսափելի մութ է։

-Էլիզա, գնա ֆոտոապարատը բեր, նկարի,- լսեցի մեկի ձայնը, գնացի բերելու։
Ծնողներս քնած են, ծածուկ վերցնեմ՝ չբարկանան վրաս։ Բախտս բերեց՝ պայուսակս բաց էր, շատ աղմուկ չարեցի։ Արդեն պատուհանի մոտ եմ, չգիտեմ՝ ի՞նչը նկարեմ, կամ էլ ինչի՞ պիտի նկարեմ, բայց մի քանի ոչ հաջող լուսանկարից հետո կադրի մեջ տեսա կատվիս։ Որտեղ բաց պատուհան, այնտեղ՝ նա։ Կատուս երբեք մարմինը պատուհանից շատ դուրս չէր հանում, բայց այս անգամ շտապում էր դուրս թռչել։ Խավարում երևաց մի լույս, և ես լսեցի աղմուկ. կարծեմ ավտոմեքենայի շարժիչի ձայն էր։ Շենքից էլ տարբեր ձայներ լսելի դարձան: Գնացի դռան մոտ և ականջ դրեցի: Երկու տղամարդու ձայներ էի լսում, երկուսն էլ բարկացած էին։ Դռան աչքից նայեցի: Երկուսով կարծես մեկին աստիճաններով իջեցնեին: Վերադարձա պատուհանի մոտ։ Արդեն պատուհանից հետևում էի գործողությունների զարգացմանը։ Նրանք իջեցրին այդ մարդուն, մեկը՝ ձեռքերից, իսկ մյուսը ոտքերից բռնեցին և դրեցին մեքենայի մեջ: Իրենք էլ նայեցին շենքի պատուհաններին, որ համոզվեն՝ մարդ չկա պատուհանից նայող: Շտապ թաքնվեցի, որ ինձ չնկատեն։
Պատուհանը փակեցի, վերադարձա հյուրասենյակ, բացեցի դարակներից մեկը.
ճը՜ռ, ճըռ, ճըռ։ Ես չէի ուզում ֆոտոապարատը տանել հենց իր տեղում դնել, և չգիտեմ՝ ինչու, որոշեցի, որ ավելի հարմար է այդ դարակը: Աղմուկն ստիպեց ինձ արթնանալ։ Աչքերս բաց արեցի, դրսում լուսավոր էր, կատուս փորձում էր բոլորից գաղտնի մտնել հենց այն դարակը, որը երազումս ես էի բացում։ Ես վեր կացա և գնացի պարապմունքի։ 2 ժամվա ծանր պարապմունքից հետո մայրս զանգահարեց և ասաց, որ աստիճանները լուռ բարձրանամ. հարևաններից մեկը մահացել է։