Աղվերանի մեդիա ճամբար. Երբ հասարակ մարդիկ շատ հետաքրքիր են

Մենք արդեն 3 օր է, ինչ ճամբարում ենք: Այս 3 օրերի ընթացքում մենք լսեցինք բազմաթիվ գործնական խորհուրդներ, ստացանք թե տեսական, թե գործնական գիտելիքներ կինոյից, ֆոտոյից և լրագրությունից: Վարպետության դասից հետո ես հասկացա, որ վավերագրական ֆիլմ նկարելիս ամենևին էլ պարտադիր չէ, որ հերոսը լինի հանճար. hասարակ մարդիկ էլ այնքա՜ն հետաքրքիր են: Այս գաղափարն արտացոլվում է նաև «Մանանա» թիմի ֆիլմերում:

Ճամբարի առաջին օրը՝ երեկոյան, մենք խաղ խաղացինք: Քաշելով տուփի միջից գույնզգույն շոկոլադի գնդիկ` մենք խոսում էինք մեզ հետ կատարված զվարճալի դեպքերի, բնավորության թույլ կողմերի, վախերի ու այլ բաների մասին: Վախերի մասին խոսելիս ես ասացի, որ վախենում եմ անտարբերությունից: Ախր, մեր շուրջն այնքան հետաքրքիր բաներ են կատարվում, որոնք մենք ուղղակի չենք նկատում: Օրինակ՝ որևէ գյուղում ապրող ինչ-որ պապիկ ծառեր է աճեցնում ու խնամում: Առաջին հայացքից սովորական մի պատմություն է: Բայց ուսումնասիրելով տեսնում ենք, թե ինչքան հետաքրքիր պատմություններ են կապված պապիկի հետ, թե ինչպես է նա հոգում իր կարիքները, ինչպես է թոռներին տալիս իր այգու բարիքները, ինչպես է ամուսնացել, ինչպիսին է եղել երիտասարդ ժամանակ, ինչով են զբաղվում իր երեխաները, ինչն է սիրում, ինչը չի սիրում: Ստանալով այս հարցերի պատասխանները՝ մենք կստանանք մի ֆիլմ, որն իրոք հետաքրքիր կլինի: Սակայն հետաքրքիր ֆիլմ ստանալու համար պետք է դու ինքդ պատկերացնես, թե ինչ ես ուզում ասել քո ֆիլմով: Ու եթե դու քո մեջ հասկանաս, թե ինչ ես ուզում, կհասկանան բոլորը:

Վարպետության դասից հետո գնացինք ֆոտոարշավի՝ Արզական գյուղ: Գյուղի երեխաներին հարցրեցինք, թե կա՞ն արդյոք գյուղում հետաքրքիր մարդիկ: Ասացին, որ ոչ: Հարցերի միջոցով պարզեցինք, որ այդ գյուղում շա՜տ հետաքրքիր մարդիկ կան. դարբին Արտակը, թիթեղագործ Ֆրունզ պապը, անտառագետ Սահակը: Սկզբում գնացինք դարբին Արտակենց  տուն: Պարզվեց, որ նա իրենց տոհմի հինգերորդ սերնդի դարբին է, պատկերացնո՞ւմ եք: Իսկ հանդիպումից հետո դարբնի դուստրը՝ Էլադան, ցանկություն հայտնեց և դարձավ մեր մեծ ընտանիքի՝ պատանի թղթակիցների ցանցի անդամ:Արդեն գործի ենք անցել և ունենք ֆիլմերի գաղափարներ: Թիմերի ենք բաժանվել ու ֆիլմեր ենք նկարելու: Շուտով կգա մեր տաքսին , որ գնանք գյուղի երեխաներին նկարելու, որովհետև համոզված ենք, որ հասարակ մարդիկ հետաքրքիր են: