Աղվերանի մեդիա ճամբար. Պահապանը

Արդեն մի քանի րոպե էր, ինչ մենք ավտոմեքենայով իջնում էինք քարքարոտ ճանապարհով: Այդ ավտոմեքենայում մեր նկարահանող խումբն էր՝ Կարենիսի  ճանապարհին: Մեր կողքով անցնող ավտոմեքենայի վարորդին հարցրինք գյուղի եկեղեցու մասին, բայց նա չգիտեր, թե որտեղ է այն գտնվում: Հետո գյուղացիներին հարցուփորձ անելով տեղեկացանք, որ Կարենիսում երկու եկեղեցի կա: Մեր ֆիլմը պետք է լիներ այդ եկեղեցիներից մեկի` Սբ.Մատթեոս և Թադեոս եկեղեցու մասին, որը ավելի հին էր և գտնվում էր ձորում: Եկեղեցին կառուցվել էր V դարում և վերջերս ձևափոխվել էր գյուղացիների կողմից: 

Ճանապարհին հանդիպող բոլոր մարդկանց հարցնում էինք, թե որտեղ է եկեղեցին: Վերջապես տեղ հասանք: Ճանապարհին մի տատիկ էր նստած:Մենք պատրաստեցինք ֆոտոապարատները, տեսախցիկները: Իսկ մինչ մեր ղեկավարը մեզ բացատրում էր, թե ինչպես նկարենք, մեր թիմից մեկը մոտեցավ այդ տատիկին և հարցուփորձ արեց: Պարզվեց, որ այդ տատիկի տունը գտնվում է եկեղեցու կողքին: Նա այդ պահին հաց էր թխում, իսկ մենք, սպասելով մինչև նա վերջացնի իր գործը և գա, եկեղեցին էինք նկարում: Մինչ տատիկը կգար, նրան փոխարինում էր թոռնիկը՝ Էմման: Էմմայի հետ մտանք եկեղեցի: Նա պատմեց, որ եկեղեցին կիսաքանդ է եղել, քարերը թափվել են, բայց մի ամերիկացի երազ է տեսել, որ պետք է վերանորոգի այդ եկեղեցին և սկսել է աշխատանքները: Կիսատ թողնելով վերանորոգումը՝ գնացել է, իսկ աշխատանքը շարունակել է իրենց գյուղի գյուղապետը:

-Բայց պատերը սխալ են սարքած, պետք չէր ցեմենտով շաղախել և մետաղյա ամրաձողեր օգտագործել,- պատմում էր ճարտարապետ Էմման:

Նա շատ մանրամասներ պատմեց, ասաց, որ եկեղեցի շատ մարդիկ են գալիս, իսկ իր տատիկը մոմ է վաճառում: Մեր նկարելու ընթացքում էլ մարդիկ եկան, մոմ վառեցին: Շուտով եկավ նաև 80-ամյա Արմիկ տատիկը:

Արմիկ տատիկը պատմեց, որ այդ եկեղեցին շատ է սիրում: Իսկ Էմման ասել էր, որ Արմիկ տատիկն է եկեղեցու պահապանը. ինչպես կարողանում է, խնամում է եկեղեցին, մաքրում է, ամեն կիրակի գալիս աղոթում, խունկ ծխում: Շատ աստվածավախ է:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյան

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյան

-Հա, աստվածավախ եմ, բա ինչ եմ,- հաստատեց Արմիկ տատիկը,- գալիս եմ, աղոթում եմ, էս օրերին աղոթում եմ խաղաղության համար, որ երկրում խաղաղություն լինի:

Տատիկն ասում էր, որ իր աղոթքները տեղ են հասնում: Երբ իրեն վատ է զգում, գալիս նստում է եկեղեցու ներսում, աղոթում է, և ամեն ինչ իր տեղն է ընկնում:

-Երկու թոռս էլ գնացել էին բանակ,- պատմում է Արմիկ տատիկը,- ամեն օր աղոթում էի, և նրանք անվնաս վերադարձան:

Եկեղեցին կրում էր Մատթեոս առաքյալի անունը, սակայն ժողովուրդը եկեղեցին անվանում էր Թադեոս առաքյալի անունով: Արմիկ տատիկն ասում էր, որ ցուցանակի վրա եկեղեցու անունը սխալ է գրված:

Երիտասարդ ժամանակ էլ է Արմիկ տատիկը հավատացել Աստծուն և գնացել եկեղեցի:

-Էն ժամանակ քաղաքի աղջիկ էի, Սուրբ Սարգիսին էի հավատում:

Տատիկն ուներ նաև մի թուղթ, որի վրա գրել էր իր աղոթքները, որովհետև անգիր չէր հիշում:

Մենք եկեղեցում մոմ վառեցինք և գնացինք Արմիկ տատիկենց այգի, որտեղ 300 տարեկան կաղնի տեսանք: Տատիկը մեզ հյուրասիրեց իր նոր թխած հացը:

-Հացից փորձեք, էրեխեք ջան, էսօր չհասցրի ճաշ եփեմ:

Հացը համտեսելուց և մի քիչ զրուցելուց հետո մենք շնորհակալություն հայտնեցինք և ճանապարհ ընկանք` արդեն ընթրիքից ուշացած: