Աղվերանի մեդիա ճամբար. Ֆրունզիկ պաբը

Մեդիա ճամբար, օր 2-րդ, անսահման հետաքրքիր հուշեր և հույզեր: Ըստ օրակարգի  նախատեսված էր գնալ գյուղ և լուսանկարել ամեն ինչ:

Հավաքվեց  հիանալի խումբ, և գնացինք Արզական գյուղ: Սիրալիր գյուղացիների օգնությամբ մի պահ մոռացանք, որ մենք անծանոթ միջավայրում ենք և սկսեցինք լուսանկարել ու միաժամանակ հաճելի զրույցի բռնվել գյուղացիների հետ: Գյուղում ամեն ինչ շատ գեղեցիկ էր, բայց քանի որ ես անտարբեր չեմ կարողանում անցնել երիցուկների կողքով, նկարեցի դրանք մի տան բակում:

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Մոտեցա և սկսեցի հիանալ ծաղիկների գեղեցկությամբ` չմոռանալով նկարել, որ միշտ անթառամ մնան ինձ մոտ: Այդ տանը, որտեղ ծաղկել էին հրաշալի երիցուկները, ապրում էր մի հրաշալի և հյուրասեր ընտանիք, որտեղ շատ հետաքրքիր պապիկ գտանք՝ Ֆրունզիկ պապիկին:

Նա թիթեղագործ էր, պատրաստում էր դույլեր, վառարանի խողովակներ և այլն: Նա միանգամից սկսեց իր աշխատանքը նկարագրել բոլոր մանրամասնություններով:

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Իմացանք, որ պապիկը նաև շատ է սիրում բույսեր ու ծառեր աճեցնել, իսկ այդ ամենի մեջ զարմանալին այն էր, որ նա մշակում էր անգամ բանանի ծառ:

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Մեր հետաքրքրությունը ու զարմանքը տեսնելով նա ավելի ուրախացավ ու նշեց, որ ծառը մի քանի տարի է, ինչ բերք է տալիս: Մոռացանք տան մեծ տիկնոջը՝ տատիկին, ով այդ հրաշալի բակը ամբողջությամբ պատել էր ծիրանի հրաշալի չրով: Իսկ տանտիրուհին մեզ հյուրասիրեց գաթա, որը ի դեպ, շատ տաք էր, քանի որ նոր էր թխած:

Մի խոսքով, գունեղ ընտանիք էր, որտեղ ամեն մարդ իր աշխատանքով նոր գույներ էր հաղորդում:

Հ.Գ. Իսկ ինչո՞ւ պաբը, այլ ոչ թե` պապը, դա մի ուրիշ պատմություն է, որը հորինեց մեր շատ լավ ընկեր Հովնանը: