Ըմբոստ ժամանակներ

Մանկուց լսել ու հպարտացել եմ հորեղբորս մասին բազմաթիվ պատմություններով: Հորեղբայրս՝ Աշոտ Կարապետյանը՝ ՀԱԲ-ի Հրազդանի ջոկատի հրամանատարը, դեռ դպրոցական տարիներից լցված է եղել հայրենասիրական ոգով: 1989թ.-ի սեպտեմբերից իր ջոկատով սկսել է կռվել մարտական դիրքերում: ՀԱԲ-ի լուծարումից հետո, ինչպես շատերը, անցել է ՀՅԴ-ի շարքերը: Կազմակերպել են Խնձորուտ, Խաչիկ, Ոսկեպար, Այգեպար և բազմաթիվ գյուղերի ու քաղաքների ինքնապաշտպանությունը: Սակայն ամենակարևոր մարտական գործողությունը, իհարկե, Շուշիի ազատագրումն էր:

«1975 թ.-ին գաղտնի նախաձեռնող խումբ ձևավորեցինք։ Այն բաղկացած էր 9 հոգուց և կոչվեց «ԿԱԼՄԻՍԳԷՍ»՝ մեր անունների առաջին տառերով. Կամո, Արտյոմ, Լյովա (Գարեգին), Մաքսիմ, Իսկո (Աշոտ), Սերյոժա, Գագիկ, Էդիկ և Սարգիս: Մեր նշանաբանն էր. «Ո՜վ հայեր, ժամանակն է մեր հողերը հետ վերցնենք և Մասիսին տեր դառնանք. առա՛ջ, մեր հետևից»:lusankar0002Թռուցիկներ պատրաստեցինք և անցանք գործի: Գնացքով Հրազդանից մեկնեցինք Երևանի «Ռոսիա» կինոթատրոն: Սկսեցինք թռուցիկները տարածել և կրկին գնացքով վերադարձանք, նույնիսկ մի փաթեթ նետեցինք ոստիկանի (միլիցիոների) մոտոցիկլի մեջ: Ինչպես ենթադրվում էր, սկսվեցին հետապնդումները…

Բարեբախտաբար, երկու ամիս անց զորակոչվեցինք խորհրդային բանակ: Գարեգինն ու ես ծառայեցինք մեկ զորամասում: Ավելի ուշ տեղափոխեցին մեզ համար անհայտ զորամաս:

Վաշտում ծառայության վերջին ամիսներին 13 հրազդանցիներով էինք մնացել: Համեմատության համար ասեմ, որ մեզ հետ միաժամանակ ծառայում էին 50 ադրբեջանցի և չեչեն, 45 հոգի այլազգիներ: Անընդհատ կռիվներ էին հրահրվում մեր մեջ, սակայն չեչենները վերջում միայն մեզ հետ ընկերացան: Ի դեպ, մեր դասակը առանձին հիմն ուներ՝ «Զարթնի՛ր, լաո»:

Զորացրվելուց հետո կրկին բանսարկու գործողություններ…1983 թ.-ի ապրիլի 24-ին ոմն Իգոր հայհոյանք էր շպրտել ցեղասպանության հասցեին: Սակայն անպատիժ չմնաց՝ Հայրապետյան Գագիկի հետ շան ծեծ տվեցինք, և հիվանդանոցում հազիվ փրկվեց:

1984թ.-ին Խոր Վիրապում էինք, արգելեցին Արարատը նկարել, պատռեցին ժապավենը: Գաղտնի մոտեցա Արարատը տեսնելու, սակայն դեռ կարոտս չառած՝ կրկին ձերբակալեցին: 3 օր ոչինչ չհայտնաբերելուց հետո եղբայրս ազատեց:

Շատ չանցած՝ եկեղեցուց Նոր Կտակարանը ձեռք բերեցի և այն արմատապես փոխեց իմ կյանքը և հայացքները:

Գորբաչովյան տարիներին «Հրազդանմաշում» կոնֆերանս գումարվեց, ներկա էր Մոսկվայից ժամանած Շիմկոնը: Ձայն խնդրեցի, Լենինից մեջբերումներ անելով (այն ժամանակ լենինյան փիլիսոփայությունն ինձ հոգեհարազատ էր)՝ ասացի, թե արդյոք ժամանակը չէ՞ նոր ուղի բռնելու և հնարավորություն տալու անհատ սեփականատերերին իրենց ապրանքը հանել շուկա:

Ի՜նչ զուգադիպություն, 2 օր անց լսվեց գորբաչովյան վերակառուցման լուրը, փնովվեց բյուրոկրատիան:

1987թ.-ին կրկին գաղտնի հանդիպումներ:

1988-ի փետրվարի 18-ին խաղաղ ցույց կազմակերպվեց, իսկ 20-ին միացան գյումրեցիները, որոնք ոտքով էին եկել, միացան նաև Արցախի պատվիրակները. երանության գիրկն էի ընկել: Այդ օրերին պտտվում էր ևս մեկ գաղափար՝ ունենալ կանոնավոր բանակ: Անցանք ընդհատակ՝ ինքնաշեն զինագործության: 88-ի երկրաշարժն էլ ավելի ուրվագծեց գաղափարի կարևորությունը: Եվ 89-ին ձևավորվեց Հայոց Ազգային Բանակը (ՀԱԲ): Ռազմիկ Վասիլյանի գլխավորությամբ կապեր հաստատելով սփյուռքահայ անհատների հետ՝ ինքս դարձա Հրազդանի պատվիրակը:

89-ի գարնանը նստացույց կազմակերպվեց և՛ Երևանում, և՛ Հրազդանում: Նշանաբանը՝ «Հայի զինվորական ծառայությունը Հայաստանում»: Կողմնակիցները բազմաթիվ էին: Սակայն Հրազդան եկավ Վանո Սիրադեղյանը, գաղտնի հանդիպեց Սասուն Միքայելյանի հետ, իսկ հաջորդ օրը մնացինք միայնակ: Նա սեպ խրեց մեր միջև… Շատ չանցած՝ իր մոտ կանչեց ՊԱԿ-ի ռուս պաշտոնյան.

-Եթե դու շարունակես այդ, մենք… Քեզ համար վատ կվերջանա:

Դուրս գալուս պես ինձ դիմավորեց ամբոխը, որը եկել էր ինձ և համախոհներիս սատարելու: Դարձա զգուշավոր, նույնիսկ տարօրինակ շարժումներ էի անում, քթիս տակ երգեր երգում (նպատակը ինձ հեղափոխականի տեղ չդնելն էր):

Մեկ տարի չանցած ՀԱԲ-ը լուծարվեց կամավոր՝ Գորբաչով-Լևոն հրահանգով: Այն ժամանակ ոչ ոք այդքան կռվող ուժ (դասակ, վաշտ), զենք ու զրահ չուներ, սակայն ի սեր ազգի՝ զենքը շուռ չեկավ սեփական ժողովրդի դեմ, ի դեմս Վ. Ռազմիկի: Նա կարող էր հրաման տալ, բայց ոչ…

Ռազմիկ Վասիլյանի գործն ու անունը պետք է մնա հայոց պատմության մեջ՝ որպես կանոնավոր բանակի առաջին հիմնադիրներից մեկը, նախքան ԽՍՀՄ-ի փլուզումը:

Մենք զենքը վայր չդրեցինք, համալրեցինք տարբեր կազմակերպությունների շարքերը և կռվեցինք թշնամու դեմ՝ հիմք դնելով հայոց բանակի կայացմանը:

ՀԱԲ-ի լուծարումից (1990թ. հուլիսի 25) շատ չանցած՝ Հրազդանի 65 հոգանոց վաշտից երեսուներեքս անցանք Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը»:

Հաջորդ հրապարակումներով կշարունակեմ հորեղբորս հուշերը: