Երբ 17 տարի անց լքում ես հայրենի եզերքդ

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Ծնվել մեծանալով Ամասիայում, տարիները ինձ կապել են նրա հետ: Ես դպրոց գնացի, և  հենց նույն տարում նոր մանկապարտեզ բացվեց իմ համայնքում, սկսեցի դժգոհել, թե իմ ժամանակ մանկապարտեզ չկար, և ես չկարողացա հաճախել:

Երբ բարձր դասարանում էի սովորում, բարենորոգվեցին մեր տարրական դասարանները, համալրվեցին նոր գույքով, գորգերով, խաղալիքներով: Ես էլի դժգոհեցի, որովհետև  դրանից նույնպես չհասցրեցի օգտվել:
Ես սկսեցի հաճախել պարի դասարան: Մեր դպրոցը անհավոր անմխիթար վիճակում էր, և ձմեռները ասես դրսում անցներ մեր դասերը, այդպես ցուրտ էր: Սակայն հակառակ բոլոր դժվարությունների, ես 7 տարի շարունակ հաճախեցի պարի, և գրանցեցի բավականին մեծ հաջողություններ իմ համույթի հետ: Մենք անցանք բավականին երկար ճանապարհէ` լի դժվարություններով, ընվզումներով, ինչպես նաև վերելքներով: Սակայն երբ ես ինչ-ինչ պատճառներով լքեցի պարարվեստը, հենց նույն տարում մեր դպրոցին նոր, վերանորոգված մասնաշենք հատկացրեցին, շատ գեղեցիկ  վերանորոգված և կահավորված: Պարի դասարանում դրված էին այն նույն մեծ հայելիները, որի մասին երազել էինք ժամանակին:
Այսպիսի  տասնյակ պատմություններ կարող եմ պատմել, երբ ես  եղել եմ ամենաառաջիններից, ով գրանցել է հաջողություններ իսկապես պայմանների բացակայությամբ:
Երբ փոքր էի, իմ դպրոցի շրջանավարտներին նայում էի հիացած աչքերով, մտածելով, որ այն ժամանակը, երբ ես կհայտնվեմ այդ կարգավիճակում, սարերի հետևում է հաստատ: Ու այդպես անցան տարիներ: Ամեն վերջին զանգի ես նույն հարցն էի տալիս ինձ, և հենց 2016 թվականի մայիսի 28-ին, երբ բարձրանում էի բեմ, հասկացա, որ արդեն եկել է ժամանակը, և ինձ են նայում նույն աչքերով ավելի փոքրերը: Հուզվեցի: Այդ օրվանից անցել է 2 ամիս, և ամեն հիշելուց այդ օրվա իմ հուզական աշխարհը, նույնը վերապրում եմ: Այդ օրվանից չի դադարել ինձ մի միտք տանջել. «բան չմնաց, շուտով կերտամ»:

Հաճախ էի խոսակցության մեջ օգտագործում այդ արտահայտությունը ու ծիծաղում, բայց հիմա նոր եմ հասկանում այդ բառերի իրական արժեքը: Հա, էլի «կերտամ ստեղից» ու չեմ կարող խոստանալ, որ հետ կգամ: Ո՞վ գիտե` կյանքի ալիքը նպատակներին հասնելու ճանապարհին ում ուր կշպրտի, բայց մի բան հաստատ է, չեմ ուզում գնալ, չեմ ուզում թողնել իմ փոքր, ծուռումուռ ճանապարհներով, խիստ ձմեռներով, մեղմ ամառներով, մաքուր օդով, հրաշալի բնությունով, Ախուրյան գետով, ու լիքը լավ մարդկանցով Ամասիա գյուղս:
Բայց խոստանում եմ վերադառնալ կյանքիս ամենակարևոր պահերին: Չափասա դառնալ այստեղ, ընտրական իրավունք ստանալուց հետո շատ երազած անվավեր քվեաթերթիկը այստեղ ստեղծել, վարորդական իրավունքս ստանալ այստեղ, մեքենաս խփել այստեղ, ու լիքը առիթներով էլի ու էլի հետ գալ:

Լուսանկարը՝ Մարիամ Հայրապետյանի

Լուսանկարը՝ Մարիամ Հայրապետյանի

Մի երկու տարի առաջ  մեր համայնքի երիտասարդներով  ստեղծեցինք «Սբ. Գևորգ» եկեղեցու եկեղեցասեր  երիտասարդաց միություն: Ես էլ դարձա նրա առաջին ու հավատարիմ անդամներից մեկը: Միությունը իմ ամենաջերմ, հարազատ բանն է, որ թողնում եմ: Ու այսօր հեռանալիս կասեմ` «Միությունս, ես քեզի սիրեմգը»: Կգան ինձ փոխարինողներ, ինձնից լավերը, բայց  ես երբեք ձեզ հանգիստ չեմ թողնի: