Anna Andreasyan

Աղվերանի մեդիա ճամբար. Նկարահանումները շարունակվում են

Այսօր նկարահանող մեր խումբը մեկնել էր քաղաք Աբովյան: Ես զրուցեցի խմբի անդամ Ժորա Պետրոսյանի հետ:

-Ժորա, որտե՞ղ էիք այսօր գնացել նկարահանման: Ինչի՞ մասին էր ֆիլմը:

-Մենք գնացել էինք Ս. Ստեփանոս եկեղեցի նկարահանման: Մենք ուզում ենք ֆիլմ նկարել եկեղեցու հոգևոր հովվի` Տեր Մաշտոցի մասին: Այսօր, քանի որ կիրակի էր, նկարահանեցինք Ս.Պատարագը: Պատարագի ընթացքը ամբողջովին նկարահանել ենք: Նաև նկարահանել ենք առանձին դրվագներ եկեղեցի բակում:

-Առաջին անգա՞մ էիր մասնակցում ֆիլմի նկարահանման:

-Այո՜, առաջին անգամ էի նկարահանման մասնակցում, չնայած  փոքր ծրագրերի նկարահանումների մասնակցել եմ: Անկեղծ ասած, ինձ միշտ շատ է հետաքրքրել ֆիլմի նկարահանման ընթացքը և այսօր ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները լիովին ստացա:

-Իսկ  ի՞նչ դեր էիր ստանձնել նկարահանման ժամանակ:

-Զբաղվում էի օպերատորական աշխատանքով:

-Իսկ նկարահանման մասնակցելուց հետո արդյո՞ք փոխվեց վերաբերմունքդ կինոյի հանդեպ:

-Անկեղծ ասած՝ ես ֆիլմեր այնքան էլ շատ չեմ սիրում, ինձ ավելի շատ հետաքրքրում է նկարահանման ընթացքը: Եվ, ընդհանրապես՝ կինոյում կադրից դուրս մնացած հատվածները միշտ ավելի շատ եմ սիրել: Հաճախ նույնիսկ առանց ֆիլմեր նայելու, նայում եմ կադրից դուրս հատվածները: