Երեխեք, բալ հավաքելու

-Սոֆյա՛, վաղը շուտ կարթնանաք, որ գնանք Վարդան «ձաձայենց» տուն-,ասաց հայրիկը մի պարզ պատճառով, քանի որ ամռանը ես շատ եմ ծուլանում և քնում եմ այնքան,  մինչև չհիշեմ, որ պարապմունք ունեմ:

Ամեն տարի հունիս ամսին, երբ ժամանակը գալիս է, գնում ենք Վարդան «ձաձայենց»  տուն՝ բալ հավաքելու (նա հայրիկիս ամենամոտ ընկերներից է. ընտանիքներով էլ ենք մտերիմ):

Առավոտյան մի կերպ ժամը 10-ին արթնացա: Արագ նախաճաշում էի, երբ դարպասի բացվելու ձայնը լսվեց. Վարդանն էր:

Ես ու եղբայրս դուրս վազեցինք:

-Վա՜յ, երեխեք ջան, հեսա տանում եմ մի լավ բալ ուտեք:

-Ջա՜ն, հազիվ հավեսով բալ կուտենք,- ուրախությունից բացականչեց եղբայրս:

-Դե, լցվեք ավտոն` գնացինք:

Հասանք տեղ ու միանգամից մտանք այգին: Վարդան քեռին շատ լավ հող է մշակում: Ամեն անգամ այնտեղ մտնելուց ինձ զգում եմ Սաադիի այգում («Սաադիի վերջին գարունը»): Միանգամից ծառ բարձրացանք. ոչինչ չէր փոխվել, նույն խոշոր բալերն էին:

Մինչ մեծերը խոհանոցում զրուցում էին, մենք մի լավ կերանք, հետո ձանձրացանք ու միացանք մեծերին:

-Դույլերը վերցրեք ու գործի անցեք-,ասաց հայրիկը և խոհանոցից դուրս եկավ՝ բալ հավաքելու:

Մենք բոլորս լցվել էինք մի ծառի վրա և բալ էինք հավաքում: Հանկարծ միտք ծագեց: Ես վերցրեցի ֆոտոապարատս և որոշեցի բոլորին գաղտնի լուսանկարել: Բայց չբավարարվեցի միայն այդ նկարներով և շրջեցի այգում՝ լուսանկարելով այն, ինչն ինձ ամենից շատն էր հետաքրքրում: Մենք նստեցինք բալենու տակ, ու Դավիթը սկսեց բարձր երգել: Ես էլ պահը չկորցրեցի ու լուսանկարեցի: Բավական հետաքրքիր էր անցնում: Մենք պաղպաղակ կերանք, մեծերը սկսեցին իրենց երկար-բարակ խոսակցությունները: Եղբայրս նվնվաց, որ տուն գնանք: Ճիշտն ասած, դա իմ սրտով էր:

Տուն հասնելուց հետո մայրկը սկսեց իր «կոմպոտային» աշխատանքները: Ես էլ մտա սենյակս, վերցրեցի Պալացիոյի «Հրաշքը» գիրքը և սկսեցի ընթերցել: