milena sedrakyan

Երեք քույր

Երեք քույր ենք, բայց տարբեր «բոյերի»: Հա, հա, ես եմ, Էլենը ու Եվան: Լավ է, չեմ բողոքում, քրոջից լավ բան չկա, բայց կբողոքեմ, եթե մի քույր էլ լինի:

Արի, պատմեմ մի օրս, ու կհասկանաս երևի՝ ինչու: Չնայած գիտեմ, մայրիկս երբ կարդա այս հոդվածս, կրկին չի հավատա:

Ժամը 8:00: Արթնացա, լվացվեցի, արագ պատրաստվեցի:

8:20 – Եվուլ, զարթնի (Եվա, 5 տարեկան: Փոքրիկ քույրս է, հաճախում է մանկապարտեզ):

8:30 – Եվա, զարթնիր, ուշացանք…

8:45 – Եվա, արագացրու, ուշ ա, արթնացի, վայ…

Մի կերպ արթնացավ, հիմա պետք է համոզես, որ հագնվի:

Հիմա կասես՝ դու հագցրու:

Գիտես չե՞մ փորձել, չի ուզում, ու վերջ:

Շորերը փոխում է մի քանի անգամ:

-Միլենա, էս չի սազում իմ շորի հետ:

Տնից դուրս եմ գալիս, երբ արդեն զանգը տվել է, մի կերպ հասցնում եմ մանկապարտեզ: Ահավոր բարկացած վիճակում մինչև այն պահը, երբ նա բղավում է.

-Մին, պաչիկ չարեցի, Մին… (Մինենա-Միլենա՝ ես եմ):

Ու կապ չունի՝ ես ինչքան էի հեռացել, հետ եմ վազում՝ գրկելու նրան:

Դե, հիմա արի ու բացատրի ուսուցչուհուդ, թե ինչու ես ուշանում:

-Ընկեր Սարուխանյան, բարև ձեզ,- ու նստեցի միանգամից:

-Աղջիկ ջան, «կներես» չկա՞ր…

-Վայ… Կներեք…

Մի խոսքով, դպրոցից եկա տուն, հագստացա ու սկսկեցի մաքրել տունը, հետո՝ վազելով պարապմունքի:

Հետ եմ գալիս, արդեն ընտանիքս համալրված է: Հայրիկն ու մայրիկը վերադարձել են աշխատանքից, բոլորը տանն են, ու ես երջանիկ եմ, որ նման ընտանիքում եմ ծնվել:

Միգուցե ձեզ չեմ ասում, բայց շատ եմ սիրում ձեզ: