margarita ghazaryan

Նորից դեպի դպրոց

Այս տարի շրջանցեցինք ամենասպասված ու ամենալուռ սեպտեմբերի 1-ը։ Երկար ժամանակ սրտի թրթիռով սպասել ենք հենց այս՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ին, որը կլիներ մեր աշակերտական կյանքի վերջին տարվա սկիզբը։ Վերջին անգամ էինք գիտելիքի օրը տոնելու մեր հարազատ կրթօջախում, որն անկասկած մեր հիշողության մեջ միշտ վառ էր մնալու։ Բայց…

Բայց լուռ էր այս սեպտեմբերի 1-ը։ Այն անցկացրինք առանց դպրոցի, առանց երգ ու պարի, առանց հարազատ դարձած դեմքերի ու կարոտած գրկախառնությունների։

Ամեն տարի, երբ սեպտեմբերի 1-ից դպրոց էինք գնում, մի փոքր դժվար էր լինում ամառվա ազատ կյանքից հետո կրկին համակերպվել դպրոցական առօրյային, իսկ հիմա պատկերացնո՞ւմ եք, թե որքան դժվար է լինելու։ Ոչ թե երեք, այլ հինգ-վեց ամիս մենք դպրոց ոտք չենք դրել, ամեն ինչ եղել է օնլայն՝ բարդ, հոգնեցնող, առանց էմոցիաների։ Եվ երևի բոլորս էլ կարոտել ենք մեր դպրոցական օրերի զավեշտալի դեպքերը, անկեղծ ժպիտները և անգամ վեճերը, իսկ առցանց տարբերակով անցկացրած դասերի ժամանակ մենք զուրկ եղանք այդ ամենից։

Սեպտեմբերի 15-ին նորից դպրոց կգնանք, նորից կտեսնենք իրար, բայց այս անգամ ամեն ինչ այլ կլինի։ Ոչ թե մեր երազած ուրախ միջոցառումով կսկսենք ուսումնական տարին, այլ միմյանցից պահպանելով հեռավորությունը և շնչահեղձ անող դիմակները դեմքներիս։

Առաջին դասարանցու նման ենք մուտք գործելու դպրոց, մի քիչ դժվար ու անսովոր է լինելու, բայց՝ սպասված ու անհրաժեշտ։

Իհարկե, մենք կարող ենք ներել համավարակին մեր չստացված սեպտեմբերի 1-ի համար, բայց մի՞թե այդքանով կբավարարվի կորանան։ Անկեղծ՝ որքան էլ, որ դա ցանկալի չէ ինձ համար, միևնույնն է, կասկածում եմ, որ կկարողանանք ողջ ուսումնական տարին անցկացնել դպրոցում՝ նորմալ ու բնականոն ձևով։

Ուղղակի ցանկանում եմ չհուսահատվել և մտածել, որ աշակերտական կյանքիս վերջին տարվա էջերը դատարկ չեն մնա, շատ ու շատ նոր հիշողություններ կթողնենք ապագայի համար, հետաքրքիր ու անմոռաց օրեր կանցկացնենք։

Դպրոցական կյանքի ամենանշանակալի տարիները հենց առաջին ու վերջին տարիներն են։ Կարծես երեկ էր, որ առաջին անգամ դպրոց մտա, որքա՜ն ոգևորված էի այդ օրը, անգամ չէի էլ գիտակցում, թե ուր եմ գնում, բայց հաստատ գիտեի, որ այդ օրն իմ կյանքի ամենակարևոր օրերից է լինելու։ Որքա՜ն արագ անցան տարիները…

Հուսանք՝ գոնե վերջին զանգով կավարտենք դպրոցը, մեր երազած չկրկնվող, ուրախ ու անմոռանալի միջոցառումով։ Բայց կյանքն արդեն մեզ սովորեցրել է, որ պետք չէ նախապես ամեն ինչ ծրագրել ու հետո ափսոսալ մեր չիրականացած երազանքների համար, չէ՞ որ երբեմն կյանքը մեզ համար լրիվ ուրիշ ուղի է պատրաստել։

Բոլորիս ուրախ, գիտելիքով լի ու հետաքրքիր ուսումնական տարի եմ մաղթում։ Ու թող դիմակները չխանգարեն մեր ժպիտներին։ Ժպտացե՛ք։