astghik hunanyan

Երևի թե խենթ եմ ես

Սովորական դպրոցական օր էր, ինչքան հիշում եմ՝ մարտի 19-ը: Արթնացա զարթուցիչի անբարեհաճ ձայնից, աչքերս մի լավ տրորելուց հետո նայեցի ժամացույցին, հետո՝ պահարանիս: Ժամերով մտորելուց հետո հագա առաջին աչքիս ընկած հագուստն ու շտապեցի խոհանոց՝ նախաճաշելու: Դե, նախաճաշ ասվածը սովորաբար թեյն է՝ հաց ու պանրով, կամ ձվածեղը, որը, սովորաբար, սիրում եմ ուտել 10 գդալ շաքարով շաղախված: Այս անգամ հերթը թեյինն էր: Արագ-արագ թեյեցի այն հույսով, որ եթե արագ խմեմ, քունս շուտ կփախչի, ու կկարողանամ սթափ գնալ դպրոց, չնայած՝ առանց թեյի ազդեցության էլ դպրոց տանող միակ ճանապարհին բնակություն հաստատած հնդիկ ուսանողների ձայները չեն թողնի, որ անսթափ լքեմ այդ փողոցը (տնաշեններն այնքան արագ ու այնքան բարձր են խոսում, որ եփած հավի ծիծաղն անգամ կգա՝ նրանց խոսակցությանն ականատես լինելուց հետո): Մի կերպ ինձ զսպեցի, որ աչքերս չփակեմ, կապեցի կոշիկներիս կապերը, պայուսակս գցեցի ուսերիս ու դուրս եկա տնից:

Սակայն հույսերս չարդարացան. թեյը չօգնեց, իսկ ուսանողները, չգիտես ինչու, մոռացել էին ինձ ուշքի բերելու իրենց պարտականության մասին ու քնել էին: Փողոցը լի էր երեխաների իրար խառնված ամբոխով: «Ահա, հեսա ոնց էլ չլինի՝ կհանդիպեմ ընկերներիցս մեկին, կցրվեմ ու կմոռանամ քնի մասին»,- մտածեցի ես՝ չորս կողմս զննող հայացք գցելով: Բայց չէ, է՜, ախր տաքուկ-փափուկ մահճակալս ինձ է սպասում, ինչպե՞ս թողնեմ նրան մենակ սենյակիս խառնաշփոթի մեջ, ու գնամ դպրոց՝ անցկացնելու հերթական ձանձրալի օրը: Վե՛րջ, հետ եմ դառնում:

Վերադարձա տուն, հանեցի կոշիկներս, մի կողմ նետեցի պայուսակս ու սլացա դեպի սենյակս, որ մայրս չնկատի, բայց, դե ո՞նց չէր նկատի… Զարմացած եկավ հետևիցս, հետո զարմանքին փոխարինեց բարկությունը, բայց տեսնելով, որ մուշ-մուշ քնած եմ՝ որոշեց չարթնացնել: Դուռը փակեց, որ տատիկի «Իչան» ու «Վիրը» չխանգարեն ինձ, ու զգույշ հեռացավ: Երևի 7-րդ երազն էի տեսնում, երբ հեռախոսս ծնգաց: Անակնկալի եկած կամ, ավելի շուտ, վեր թռնելով՝ բացեցի աչքերս, քթիս տակ փնթփնթացի, մի կերպ ինձ ստիպելով հավաքեցի հեռախոսիս մի քանի մետրանոց գաղտնաբառը՝ բնականաբար, մի քանի անգամ սխալվելով: Դա միշտ ինձ նյարդայնացնում է: Ընկերներիցս մեկն էր գրել: Նրա, ինչպես նաև մյուս ֆեյսբուքյան ընկերներիս հետ ծանոթացել եմ Հարի Փոթերի աշխարհի շնորհիվ: Մի խումբ փոթերհեդներ են, ովքեր արդեն մի տարի է՝ կարծես մեկ ընտանիք լինեն, և ի դեպ, ես նույնպես նրանցից մեկն եմ:

-Էս ի՞նչ ա:

-Ը՜, շարադրություն:

-Ինչի՞ համար ես գրել:

-Դասատուս էր հանձնարարել:

-17.am-ի մասին գիտե՞ս:

-Դե, լսել եմ:

-Ուրեմն «Ով եմ ես» թեմայով շարադրություն կգրես ու նկարիդ հետ կուղարկես:

Տեսել էր ֆեյսբուքյան էջումս տեղադրված շարադրությունը, հավանել ու մտածել, որ ես նույնպես պետք է շարադրություններս ուղարկեմ 17.am-ին:

Սկզբից կարևորություն չտվեցի, դա միայն խոսակցություն էր, որն ուղղակի «հարամ էր արել» քունս, հետո սկսեցի մտածել այդ հարցի շուրջը: Ինչո՞ւ չլցնեմ ձանձրալի օրս կյանքով, արկածներով, չէ՞ որ դա կարող էր հենց այն լինել, ինչին այդքան ժամանակ սպասում էի՝ փոփոխության, ու որոշեցի գրել այդ շարադրությունը:

Ոգևորված՝ սենյակիս քաոսի միջից գտա թուղթ ու գրիչ ու սկսեցի գրել: Բայց մի րոպե, ո՞վ եմ ես, ի՞նչ գրեմ, գրողը տանի: Երևի այդ հարցն ինձ երբեք չէի տվել, դե, անհրաժեշտություն էլ չէր եղել դրա մասին մտածելու: Ընդհանրապես, մինչ վերջերս ես շատ քիչ էի մտածում ու չէի էլ նկատում շուրջս տիրող քաոսին միախառնված բնության բազմաթիվ հրաշքերի գոյությունը, հետևաբար իմ մասին գրելը շատ ավելի խրթին էր, քան ես պատկերացնում էի: Ես աղջիկ եմ, ով երազում է, հավատում հրաշքների, ամենուր փնտրում է արկածներ, 15 տարեկան մագլ եմ (այդպես են դիմում մարդկանց Հարի Փոթերի աշխարհում), ով հույսը չի կտրում ու սպասում է Հոգվարթսի իր նամակին: Ունեմ աչքի չընկնող արտաքին, մեծ, շագանակագույն աչքեր, որոնք ամեն ինչի մեջ մի մեծ դույլ յուրահատկություն են տեսնում: Սիրում եմ նվագել դաշնամուր ու երգել, չնայած երգելուցս «ագռավները հավաքվում են շուրջս»: Ունեմ բազմաթիվ վախեր, բայց և այնպես՝ էքստրիմի սիրահար եմ: Ատում եմ ձմեռը, քանի որ շատ շուտ եմ սառչում և չեմ կարողանում նորմալ ձնագնդի խաղալ: Գարունն ատում եմ նրա համար, որ անձրևների պատճառով միշտ կոշիկներս ցեխոտվում են: Ամռանը մեր քաղաքում անտանելի շոգ է լինում, իսկ ծիտիկները ափալ-թափալ կեղտոտում են մարդկանց: Ատում եմ աշունը, որովհետև աշնանն արդեն պաղպաղակ չեմ կարող ուտել, և երկարատև հանգստից հետո էլի պետք է դպրոց հաճախենք: Սպասում եմ իմ 5-րդ եղանակին:

Սիրում եմ ֆանտաստիկ ժանրի ֆիլմերն ու գրքերը: Ըստ ընկերներիս, ովքեր ինձ պես խենթ ու խելառ են, ես, բացի լավ շարադրություններ գրելը, ոչինչ չեմ կարողանում անել: Չնայած մյուս կողմից էլ ասում են, որ եթե հաղթահարեմ ծուլությունս, ամեն ինչի էլ կհասնեմ: Հա՜ մոռացա մի բան ասել. խենթանում եմ բենզինի, նոր գրքերի ու ներկի բուրմունքի համար: Դե, լավ, արդեն ինչ-որ երկար խոսեցի: Երևի ես խենթ եմ, ով փնտրում է արկածներ այնտեղ, որտեղ ըստ մարդկության՝ դրանք լինել չեն կարող: