Seroj araqelyan

Զատիկը սահմանին

Այո, ես ապրում եմ սահմանում՝ Բաղանիսում: Ամեն ինչ նույնն է, թող չթվա, թե եթե սահման է, ուրեմն այստեղ պասիվ է անցնում: Ոչ, ամեն ինչ նույնն է՝ նույն տոները, նույն հայերս ու նույն ավանդույթները:

Դե լավ, քանի խոսք գնաց ավանդույթներից, հիշեցի Զատիկը: Մի քիչ կպատմեմ մեր՝ սահմանի Զատիկից: Սովորականի նման մարդիկ նախապատրաստվում էին Զատիկին, մեկ օր առաջ կատարում են առաջնային գործերը, իսկ հենց Զատիկի օրը՝ առավոտյան ներկում ձուն և պատրաստում չամիչով փլավը, ինչպես բոլորի տներում այդպես էլ նաև մեր տանը: Այդ պատրաստման գործընթացին ներկա չգտնվեցի: Մինչև արթնացա, արդեն ամեն ինչ պատրաստ էր, չէ ավելի ճիշտ, արթնացրեցին: Զանգ հեռախոսիս.

-Ալո, Սերոժ, երեխեքով հավաքվել ենք, գնում ենք եկեղեցի, բոլորը ներկա են: Արի, քեզ ենք սպասում:

-Լավ, տասը րոպեից էդտեղ եմ՝ սպասեք:
Գնացի՝ բարև -բարի լույս, Զատիկի խոսքերը, ու ճանապարհ ընկանք: Գնացինք եկեղեցի, արդեն հետ էինք գալիս, ու ճանապարհին զանգեցին, արագ պատասխանեցի:

-Հա, մամ ջան, ի՞նչ ա եղել:

-Մորաքույներդ զանգեցին ու ասացին, որ գնանք Զատիկը միասին դիմավորենք: Տուն չգնաս, միանգամից կգաս տատիկենց տուն՝ էնտեղ ենք լինելու:
Հասա տատիկենց տուն, բոլորին տեսնելուց հետո ստիպեցին սեղան նստել և իմ կամքին հակառակ ձու հյուրասիրել, ասելով կեր՝ անպայման պետք է ուտել՝ տոն է, թեկուզ մեկ հատ: Մոտ կես ժամ էր անցել, մեկ էլ ուղարկեցին խանութ: Դե, երեխաներն էին խնդրել, պաղպաղակ էին ուզում, ես էլ չկարողացա մերժել: Տնից դուրս գալուն պես լսվեց էսպես ասած մի հատ «ուչերեդ»՝ կրակահերթ: Դեռ չէի հասցրել հետ շարժվել, արդեն տեսա, որ ինձ հետ են կանչում, բայց չգնացի: Միշտ էլ լինում է, էլի, հո առաջին անգամը չի: Ասացի ու գնացի, չնայած որ միայն ես էի համաձայն գնալու: Համ էլ հազիվ կոշիկներս հագել եմ, հետ գալու հավես չկա՝ կատակելով ասացի ու գնացի խանութ: Դեռ ճանապարհի կեսը չհասած էլի կրակեցին, այս անգամ ավելի երկար լսվեց ձայնը՝ էլի զանգ հեռախոսիս:

-Շուտ հետ արի, շուտ:

-Հա, գալիս եմ, էսա կհասնեմ:
Բայց ի՞նչ հասնել: Անգամ խանութ չեմ հասել, պատի հակառակ կողմում կանգնած եմ: Չնայած, որ ճանապարհը կտևեր հինգ րոպե, բայց այս պարագայում տևեց մոտ երեսուն րոպե: Պաղպաղակը վերցրեցի, գնացի տուն, գիտեի, որ համառ լինելուս համար մի քիչ կբարկանան, բայց ոչինչ, անցած լինի:

Ճիշտն ասած, կրակոցը այստեղ միշտ էլ կա, ու եթե հանկարծ լինում են կրակոցներ, դա լինում է միայն դիրքերում, բայց լինում են նաև բացառություններ, որ դիրքերից ուղղությունը փոխվում է դեպի գյուղ: Սական մեր դիրքապահների շնորհիվ դա երկար չի տևում:

Վայ, այ հիմա էլ կրակեցին: Այո, մի զարմացեք, հենց այս պահին, որ նյութ եմ գրում: Նյութս հիմա ավարտվում է, բայց չմտածեք, թե կրակոցների պատճառով, իսկապես ասելիքս վերջացավ: Թշնամին հաստատ չի կարող այնպես անել, որ իր կրակոցի պատճառով ես հրաժարվեմ իմ նյութը գրելուց: Ոչ, բացառվում է: