seda harutynyan-2

Մայրիկ

Ամեն անգամ, երբ բացում եմ Անրի Վեռնոյի «Մայրիկ» գիրքը և կարդում եմ առաջին նախադասությունը, աչքերս լցվում են։ Նախադասությունը հետևյալն է. «Մայրիկս մեռնում էր»։ Այս նախադասությունը կարդալիս մեջս մի ողջ աշխարհ է փուլ գալիս։

Մայրս վաղուց առողջական խնդիրներ ուներ և միակ լուծումը վիրահատությունն էր։ Հաշված օրեր էին մնացել վիրահատությանը, և ի զարմանս բոլորի՝ ես ուրախ էի։ Ախր, վերջապես մորս ցավը մեղմանալու էր, մայրս առողջանալու էր։ Առաջին անգամ մարտի ութը մենակ էի դիմավորելու, առավոտյան մորս չէի համբուրելու ու ծաղիկներ չէի նվիրելու։ Երբ ասում են՝ մայրը միակ վարդն է, որ փշեր չունի, շա՜տ ճիշտ են ասում։ Իմ մայրն էլ իմ անփուշ վարդն է, որի ձայնով ականջներս հարուստ են, իսկ մորս բո՜ւյրը…

Որոշեցի նորից սկսել կյանքի օրագիր գրել, և քանի որ մայրս այդ ժամանակ հիվանդ էր, օրագիրս սկսեցի հետևյալ նախադասությունով. «Մայրիկս հիվանդ է»։ Երբ ավարտեցի այդ օրվա մասին գրելը, որոշեցի վերընթերցել գրածս։ Առաջին նախադասությունը կարդալիս՝ ամբողջ մարմինս փշաքաղվեց, և մորս գրկելու, համբուրելու, բույրը ավելի մոտիկից զգալու ցանկությունը ավելի ու ավելի մեծացավ։ Գնացինք հիվանդանոց։ Մորս այդչափ թույլ տեսնելը ինձ ուժ տվեց, որ կյանքիս մնացած բոլոր օրերը ապրեմ միայն իր համար, իր ժպիտն ու աչքերի փայլը տեսնելու համար։
Մի մեծ խնդրանք ունեմ. հենց հիմա գնա՛ մայրիկիդ մոտ և ասա՛, որ սիրում ես, համբուրի՛ր այտը, շոյիր մազերը, և ամուր գրկի՛ր։ Այնքա՜ն ամուր, որ նրա բույրի մի մասնիկը հավետ մնա սրտիդ խորքում։