seda mkhitaryan

Զրույցներ Լուսնի հետ

Չգիտեմ, դժվար է…

Ինչը, չեմ հասկանում։

Այ, հենց դա է ամենադժվարը` հասկանալը։

Հա, գիտեմ, էդպիսի մարդիկ կան, ավելի ճիշտ, մարդկանց մի խումբ, որ իրենց համար դժվարություններ են ստեղծում, ու դրանք դարձնում իրենց անհաջողության պատճառը։ Արհեստական։ Ոնց որ իրենք։

Քո կարծիքով ես էդ մարդկանցից եմ։

Իմ կարծիքով դու էդ մարդկանց խմբից ես։

Ըհըմ… Հումորդ գնահատում եմ։ Հա, ինչ էի ասում…

Հա, ըստ քեզ դժվար չի ամեն օր շուտ արթնանալը, ամեն օր գոնե մի քիչ կարդալը, ինչ որ բան սովորելը։ Հա, փորձել եմ։ Բոլորն էլ փորձում են։ Ու գիտե՞ս ովքեր են հաջողության հասնում։ Նրանք, ովքեր ասենք առավոտյան գնում են վազելու։ Դե ասա, քանի՞ անգամ ենք պայմանավորվել, որ առավոտյան գնանք վազելու։

Շատ։ Ամառը ամեն օր։ Ո՞ւ…

Ու չէինք գնում։ Այ, հենց էդպես էլ մնացած բաներն ենք անում։

Գուցե 20-ից հետո ինչ որ բան փոխվի։

Բալզակն էր ասում, չէ՞, որ մարդիկ գիշերները աշխատում են միայն 20 տարեկանից հետո։

Չգիտեմ, եթե անգամ այդպես է…

Էսօր մեկը գրել էր։ Հնդկաստան է գնում։ Ասաց, որ մտածել է, որ ես ուրախ կլինեմ, դրա համար է ինձ ասում։ Ուրախացա։ Արժանի մարդ է։

Բայց Հնդկաստա՞ն։

Դե հա, ինչ կա որ։

Հնդկաստանը երազանքի երկիր չի։

Երևի ճիշտ ես, բայց կարևորը փորձում է։ Ես դա էլ չեմ անում։ Չէ որ դժվարը առաջին անգամն է։

Էլի դժվա՞ր։

Ըհմ, էդ բառից սկսվեց ամեն ինչ։