mane tonoyan

Ինչպես լավատես լինել

Իմ բնավորության ամենավատ գիծը հոռետեսությունն է: Դա ինձ կյանքում շատ է խանգարում: Բոլոր իրավիճակներում իմ մտքին առաջինը վատն է գալիս: Դա սարսափեցնում է ինձ, որովհետև ինչպես ասում են` եթե շատ մտածես վատի մասին, վերջիվերջո այն կիրականանա: Օրինակ` երբ ես պետք է հանդիպեմ որևէ մեկին, և նա պայմանավորված ժամից ուշանում է, ես միանգամից մտածում եմ, որ նրա հետ վատ բան է պատահել:

Բացի այդ, չափից շատ եմ մտածում: Կարող եմ գիրք կարդալու ընթացքում կարդացածիցս ոչինչ չհասկանալ, որովհետև տարված եմ լինում իմ մտքերով: Հաճախակի եմ մտածում կյանքի ու մահվան մասին:

Ես սիրում եմ լավատես մարդկանց: Նրանց կյանքն ավելի թեթև է ու խաղաղ: Ես շատ եմ ուզում նրանց պես կարողանալ չընկճվել մանրուքների պատճառով և ամենադժվարին իրավիճակներում անդավաճան մնալ լուսավոր ապագայի հույսերին:

Օգնեք ինձ լինել այդպիսին:

Մ.Խ., 16 տարեկան

Ուրախ կլինեմ քեզ օգտակար լինել, սակայն մինչ այդ ուզում եմ գրել, որ ցանկացած հոգեբանական օգնություն իզուր կլինի, եթե դրա հիմքում ընկած չլինի ինքնօգնության գաղափարը: Այսինքն` քո սեփական ցանկությունը օգնելու ինքդ քեզ: Քո նամակը խոսում է այն մասին, որ, իրոք, անհանգստանում ես և ցանկանում ես ինչ-որ բան փոխել, ինչը, առանց չափազանցության, շատ ողջունելի է և կարևոր:

Դու արդեն իսկ գտնվում ես ներքին փոփոխությունների ճանապարհին այն առումով, որ կարողացել ես զգալ, թե բնավորության որ գիծն է կյանքում քեզ շատ խանգարում և սարսափեցնում` հոռետեսությունը: Բացի այդ, դու նաև պատկերացնում ես, թե ցանկալի փոփոխության արդյունքում ինչպիսին կուզենայիր լինել` չընկճվել մանրուքներից և անդավաճան մնալ լուսավոր ապագայի հույսերին… Սրանք ամենակարևոր օղակներն են` ինչն է ինձ խանգարում, ինչի դեմ եմ պատրաստվում պայքարել (վատատեսություն) և ինչպիսին եմ ուզում լինել (չընկճվել մանրուքներից և չկորցնել հույսը):

Կյանք և մահ. չկա մի մարդ, ով երբևէ չի մտածել կյանքի ու մահվան մասին, ինչպես դու, ինչպես ես և ինչպես բոլորը: Մահվան մասին մտածելը նույնքան անխուսափելի է, որքան հենց ինքը` մահը… Գրավելով մարդու միտքը` այն մեզ դարձնում է անհանգիստ, տագնապած, ցրված… Իսկ տագնապած մարդը տրամադրված է ընկալելու վատը, այլ բառերով` վատատես է: Կարծում եմ` հասկանում ես ինչ նկատի ունեմ:

Սիրել լավատես մարդկանց, նշանակում է սիրել հենց կյանքը: Երբ կյանքը սիրելի է, մահն անհանգստացնում է, այսինքն` մտածելով կյանքի մասին, մենք ակամայից սկսում ենք մտածել նաև մահվան մասին: Իսկ դու մտածում ես կյանքի ու մահվան մասին միաժամանակ: Կյանքը սիրելը և դրա մասին մտածելը բերում է մահվան մտքին և անհանգստության ու վատատեսության…

Սակայն կյանքից դեպի մահ ուղղությամբ մտածելուց հետո, պետք է մտածել նաև հակառակ ուղղությամբ` այսինքն, մահվան մտքից էլ փորձել տեսնել կյանքի գաղափարը: Մի բևեռից գնալով դեպի մյուսը` կյանքից մահ, ապա դարձյալ տեղափոխվելով հակառակ բևեռ` մահից կյանք, մարդ ձեռք է բերում հավասարակշռություն և ապրելու, չընկճվելու, դիմակայելու հույս:

Մահը նման է վերջակետի: Անկախ այն բանից` մարդու կյանքը նման է երկար նախադասության, թե կարճ, գալիս է վերջակետը, և մենք զգում ենք դրա անդառնալիությունը…

Լավ հասկանալով մահվան անդառնալի, ծանր և դաժան լինելու փաստը, պետք է ընդունել, որ այն կյանքի շարունակությունն է, և եթե չլիներ մահը, չէր լինի և կյանքը: Դրանց հերթագայումն է բերում մարդկության զարգացման, և այդ ընդհանուր զարգացման ճանապարհին մենք օղակներ ենք: Երբ գիտակցում ես մահվան անդառնալիությունը, միևնույն ժամանակ, ընդունում ես այն որպես բնական իրողություն, դու կարողանում ես ցանկացած դժվար իրավիճակ համեմատել վատթարի հետ և հասկանալ, որ մահվան համեմատ այն չնչին դժվարություն է:

Պետք է շարունակել ապրել, չկենտրոնանալ մանրուքների վրա` հասկանալով, որ մահվան համեմատ դրանք ոչինչ են, իսկ դժվարին իրավիճակներում, քանի դեռ կյանքը շարունակվում է, միշտ կարող ես դնել ստորակետեր, փորձել տարբեր ելքեր` հուսալով լավը:

Մանե Տոնոյան