anna  andreasyan

Մեր բակի հերոսները

Ամառը: Այն տարվա չորս եղանակներից մեկն է: Բայց միայն այսքա՞նը: Իհարկե ոչ: Ամառը մի ամբողջ երևույթ է, որի մասին մտածելիս ոչ միայն պատկերացնում ես տարվա ինչ-որ ժամանակահատված, այլ գործողությունների մի ամբողջ շարան: Բնականաբար, ամեն մեկիս համար ամռան կերպարանքը տարբեր է: Ոմանց համար ամառը ասոցացվում է հանգստանալու գնալու հետ, ոմանց համար (հիմնականում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվողների)՝ աշխատանքի եռուն շրջանի, մյուսների համար՝ տանը նստելու ու ոչինչ չանելու ժամանակաշրջանն է, մի ժիր ու աշխույժ խմբի համար էլ բակային խաղերի երանելի երեք ամիսներն են:

Հասկանալի է, որ այս վերջին խմբի ներկայացուցիչները երեխաներն են: Միանգամից առաջ անցնեմ ու ասեմ, որ մեր փողոցի երեխաները դեռ հին ու բարի ժամանակների ձևով են խաղում՝ օրվա մեծ մասը դրսում են: Հաճելի է ուղղակի նստել բակում ու հետևել նրանց խաղին: Երեխաների խաղը՝ մեկ-մեկ ընդմիջող կռիվներով, կենդանություն է հաղորդում այլ ժամանակ հանգիստ ու անաղմուկ շրջապատին: Երևի հենց այդ աղմուկն է մեծերին տներից դուրս հանում՝ հարևանների հետ զրուցելու: Երեխաները իրենց համար վազվզում ու խաղում են, մեծերը (այս դեպքում՝ կանայք) աշխարհում գոյութուն ունեցող և նույնիսկ դեռևս չբացահայտված թեմաներն են մեկ առ մեկ քննարկում: Այս ամենի էպիկենտրոնը հենց մեր տան դիմաց է: Հետևաբար, ես էլ դրա մի մասն եմ կազմում: Բայց ես սովորաբար այդ երկու մեծ խմբերից ոչ մեկին էլ չեմ պատկանում, այլ մի երրորդ խմբի անդամ եմ, որի միակ ներկայացուցիչը ես եմ այդտեղ: Ինձ համար մի առանձին տեղ նստում եմ ու սկսում եմ դիտել շուրջս կատարվող երևույթները: Այսօր էլ, ինչպես տեսնում ես, սիրելի՛ ընթերցող, քեզ հրավիրել եմ, որ իմ երրորդ խմբում մենակ չլինեմ, այլ միասին դիտենք, տեսնենք՝ ինչ է կատարվում:

Մեր բակի դիմաց՝ ավազի կույտի հենց կողքը, քարերով ու փայտով հարմարեցված տեղում են հավաքվում մեծերը: Նայիր այն երկու տատիկներին, որ փայտերը իրենց կողքին հենած՝ նստել զրուցում են, նրանցից մեկը իմ տատիկն է, մյուսը՝ մեր հարևանը: Երկու եղբայրների կանայք են: Իրար դեռ մանկությունից են ճանաչում, մի գյուղում են մեծացել: Այնպես որ, բացի ներկայի անցուդարձը քննարկելուց, շատ հիշելու բան ունեն ու կարող են անվերջ զրուցել՝ առանց խոսելու նյութի սղության: Մի քիչ հետո նրանց կմիանան ավելի երիտասարդները, ու խոսակցությունը նոր հուն կստանա:

Իսկ ավազի կույտի վրա նստած տղաները Էդմոնն ու Առնակն են, մորաքրոջ տղաներ են, երկուսն էլ 6 տարեկան են, իրենց համար ինչ-որ բան են կառուցում, հետո՝ քանդում: Մի քիչ էլ որ սպասես, կտեսնես, թե ինչպես են հանկարծ անհամաձայնության գալիս ու կռվում: Բայց լուրջ մի ընդունիր, երկու րոպե հետո նորից կհաշտվեն ու կշարունակեն իրենց շինարարական աշխատանքները:

Ավազից մի քիչ այն կողմ տեսնո՞ւմ ես այն երկու աղջիկներին: Լիլիթն ու Նարեն են, շուտով երկուսի 8 տարեկանն էլ կլրանա: Լիլիթը Էդմոնի քույրն է, Նարեն՝ Առնակի: Հիմա կմտածես՝ մեր փողոցում բոլորը իրար բարեկամ են: Այդպես է, որ կա: Լավ, շարունակենք դիտել, թե այդ երկուսը ինչով են զբաղված: Նորից ճամբար են պլանավորում՝ նման այն տասնյակ ճամբարներին, որ պլանավորվել էին մինչև այդ, բայց այդպես էլ չեն իրագործվել: Մի տեսակ իմ մանկությունը հիշեցի, մեր ճամբարներն էլ երբեք իրականություն չէին դառնում: Երևի մանկական ճամբարի էությունը հենց այն է, որ այն միայն պլանավորելով է սահմանափակվում:

Իրենց բակից հենց նոր դարպասից զգուշությամբ բռնվելով դուրս եկավ Իսահակը: Նա Լիլիթի ու Էդմոնի կրտսեր եղբայրն է: Մեկ տարեկան ու մի քանի ամսեկան է: Հիմա կսկսի խառնվել բոլորի գործերին: Հետաքրքիր է, չէ՞, ինքը մյուս երեխաներին հանգիստ չի տալիս ու փորձում է նրանց հետ խաղալ, ես էլ՝ իրեն: Իսահակը, կարելի է ասել, ինչ-որ չափով պատկանում է իմ երրորդ խմբին: Նրա հետ սկսում ենք զբոսնել ու միասին ուսումնասիրել, թե ով ինչով է զբաղված: Դե, մեկ-մեկ էլ միջամտում ենք, մենակ դիտելով հո՞ չէ:

Տես է, արդեն ուշ է, բոլորը գնացին տուն: Բայց մի անհանգստացիր, այս մի օրով չվերջացավ, դու դեռ էլի շատ առիթներ կունենաս կարդալու մեր բակի բնակիչների ու նրանց անցուդարձի մասին: