Sargis Melkonyan

Է՜հ, ջաններս սաղ լինի

Սեպտեմբերի մեկից գնացինք դպրոց։ Արդեն իններորդ դասարանում եմ։ Ամեն օր պարտադիր ուսուցիչների կողմից հիշեցում, որ մենք քննական դասարան ենք, քննություն ենք տալու։ Մտահոգություններ, մտահոգություններ, մտահոգություններ…  Բայց հոպ, կար մի դրական կետ․ մամուլն ակտիվորեն գրում էր, որ քննությունները երեքն  են լինելու՝ մաթեմատիկա, հայոց լեզվից փոխադրություն և գրականություն՝ բանավոր։ Գրականությունն էր մի քիչ համը հանում, բայց տանելի էր։

Այսպես հանգիստ գալիս էինք դպրոց, գնում տուն։ Ավանդական դասալսումները մի քիչ սթափեցրեցին, բայց սպասվում էր «ծանր հրետանին»՝ սառույցով ցնցուղը։  Մի օր մեր դասղեկը մտավ դասարան ու ասաց, որ ինչ-որ շաբաթաթերթում գրել են, որ քննությունները լինելու են 7-ը։ Ցրտի մի ալիք անցավ ու դասղեկը սկսեց թվարկել․

-Մաթեմատիկա, հայոց լեզու՝ փոխադրություն, գրականություն՝ բանավոր,  օտար լեզու՝ բանավոր, բնագիտություն՝ ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն՝ միասին, պատմություն՝ բանավոր, ֆիզկուլտուրա։

Եվ մի վայրկյանում Սիբիրից սառը օդային հոսանքներն եկան ու ցրտահարեցին մեր ուղեղները։ Դասղեկն ու տնօրենը ժողով են գումարել, որի ընթացքում առավել մանրամասն կբացատրեն քննության կարգը։ Անպայման կգրեմ։

Էհ, ի՞նչ է մնում ասել. ջաններս սաղ լինի…