zara gevorgyan

Մի փունջ ջրծաղիկ

Երբ իմացա, որ մորաքրոջս տղան վարակվել է  ջրծաղիկով, անմիջապես բղավեցի.

-Ջան, Դանիել, երնեկ քեզ: Ես էլ եմ ուզում վարակվել, մի քանի օր դասի չգնալ։

-Մե փունջ ջրծաղիկ նվիրե՞մ քեզի…

-Հա~,- ասում էի ես  ու աշխատում էի շատ շփվել նրա հետ: Չնայած չէր ստացվում հաճախ շփվել։

Անցավ մի քանի օր։

-Դիանա, հլը նայի` էս ի՞նչ ա ձեռքիս դուրս տվել, ես երևի ջրծաղիկ եմ,- ասում էի քրոջս:

-Վա~յ, դե ոչ մի ջրծաղիկ էլ չես,- ամեն անգամ բարկացած պատասխանում էր նա:

Ու այսպես ամեն առավոտ ինձ հայելու մեջ զննելուց հետո դիմում էի քրոջս: Բայց մի երկու օր առաջ մորաքրոջս տղայի «նվերը» տեղ հասավ, ես էլ վարակվեցի ջրծաղիկով: Ոչ միայն ես, քույրս էլ, եղբայրս էլ, մորաքրոջս երկու տղաներն էլ…

Սկզբում շատ էի ուրախացել, բայց հետո… Հետո սկսվեցին դաժան օրերը։ Ջերմության բարձրացում, գլխացավ, գլխապտույտ, քոր… Մի խոսքով, դժոխք։

Հիմա նրանցից շատերը, ովքեր չէն անցել այդ դժոխքի միջով, երանի են տալիս, իսկ ես երանի եմ տալիս այն օրերին, երբ առողջ դպրոց էի գնում։

-Է~հ, ախր էս ջրծաղիկ չի, էս լրիվ «ջրցավիկ» ա…