taguhi mlqeyan

Որդու վերադարձը

Սովորական լուսաբաց էր, բայց մի տեսակ անհանգստություն կար մեջս, չգիտեմ` ինչից էր։ Ես ամեն կերպ ցանկանում էի չարտահայտել, սակայն միևնույնն է, չէր ստացվում։ Եվ անհանգստությունս կրկնապատկվեց այն ժամանակ, երբ լսեցի տատիկիս լացի ձայնը, որը գալիս էր մեր բակից։ Նա բարձր լացում էր, իսկ ես չէի հասկանում, թե ինչ էր կատարվում բակում։ 

Միանգամից դուրս թռա տանից և ի՞նչ տեսնեմ, հորեղբայրս էր եկել, որը յոթ տարի է` իր ընտանիքի հետ բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Հորեղբայրս՝ Վաչագան Մլքեյանը, եկել էր Հայաստան՝ մեզ ոչինչ չասելով: Մենք շատ զարմացանք, երբ տեսանք նրան։ Տատիկս չէր կարողանում զսպել հուզմունքը, այդ պատճառով բարձրաձայն լացում էր:

-Տատիկ, խնդրում եմ հանգստացի և ասա տեսնեմ, արդյո՞ք դու գիտեիր, որ որդիդ Հայաստան է գալիս այսօր առավոտյան։

-Իհարկե չգիտեի, տղաս ինձ անակնկալ մատուցեց՝ Հայաստան գալով։ Չեմ կարող բառերով բացատրել ու նկարագրել իմ զգացմունքները, դա պետք է զգալ` ինձ հասկանալու համար:

-Իսկ տատ, ինչքա՞ն էիր կարոտել քո որդուն և ինչքա՞ն ժամանակ է հարկավոր այդ կարոտը առնելու համար։

-Կարոտը այնպիսի բան է, որ չափ ու սահման չունի, չես կարող ասել, թե ինչքան ես կարոտել: Դե դու պատկերացրու յոթ տարի չտեսնես որդուդ, և անակնկալ ձևով հայտնվի դիմացդ։ Ժամանակ, ի՞նչ ժամանակի մասին կարող է խոսք լինել, ինչքան էլ ժամանակ տան` կարոտը առնելու համար, մեկ է, ծնողը միշտ կարոտում է իր զավակներին, անգամ եթե իր կողքին լինեն։

Եվ ես, տեսնելով տատիկիս թաց աչքերը, չշարունակեցի նրան հարցեր տալ: Ամբողջ օրվա ընթացքում հետևում էի նրան և տեսնում էի, թե ինչքան երջանիկ է իմ տատը։

Բայց օրը դեռ ավարտված չէր, առջևում մեզ աշխատանքով լի օր էր սպասվում։ Եվ, ահա, արդեն երեկո էր, խառնաշփոթ էր տիրում մեր տանը։ Շատ հյուրեր ունեինք, որովհետև հորեղբորս գալու կապակցությամբ գառ էինք մորթել, «մատաղ» էինք արել։ Եվ այդ իրարանցման մեջ ես միայն ուշադրությունս սևեռել էի տատիկիս վրա և զգացի, որ նրա երջանկությանը չափ ու սահման չկա: Մենք բոլորս երջանիկ էինք։ Բոլոր գավաթները ծփում էին, կենացները գնալով քաղցրանում, ամենուրեք տիրում էին գեղեցիկ ժպիտները, ջերմ-ջերմ խոսքերը, մի խոսքով, ամեն ինչ հիասքանչ էր։ Հավաքվածներն այնքան էին տարվել քաղցր զրույցով, որ չնկատեցինք, թե ինչպես դարձավ ուշ գիշեր։ Մարդիկ կամաց-կամաց սկսեցին միմյանց հաջողություն մաղթել և խմել վերջին բաժակը, որը իր բարեմաղթանքով ու կենացով ծաղկեցրեց տատիկս.

-Ցանկանում եմ բոլոր ծնողներին, ովքեր օտարության մեջ ապրող զավակներ ունեն, թող ապրեն այս ուրախ պահը, թող նրանց զավակներն էլ գան տուն: Այս վերջին բաժակով ուզում եմ խմել օտարության մեջ գտնվող բոլոր զավակների ու նրանց վերադարձին անհամբերությամբ սպասող ծնողների կենացը: Խմենք, թող անուշ լինի: