arman arshak-shahbazyan

Էլի սկսվեց Աբովյանի գիժ քամին…

«Էլի սկսվեց Աբովյան քաղաքի գիժ քամին…», – այս արտահայտությամբ է սկսվել և սկսվում ամառային ցանկացած երեկո մեր տանը, երբ արևի վերջին շողերն են ներթափանցում հյուրասենյակ։

Ա՜խ, եթե կարողանայի հաշվել, թե քանի անգամ է այդ անիծյալ քամին կտրել ինձ իմ մանկության հաճելի օրերից`բակում խաղալուց ու զբոսանքի գնալուց։ Եթե կարողանայի թվել, թե քանի անգամ եմ «Մամ, կլինի՞ իջնեմ դուրս… Մամ, կտանե՞ս այգի…», -հարցիս լսել` «Քամի ա, բալես: Վաղը»,- պատասխանը: Քանի ու քանի անգամ եմ մտքումս պատկերացրել ամառային օրերս առանց քամու։

Ու էլի ամառ, էլի քամի, սակայն հիմա քամին չի կարող խոչընդոտ հանդիսանալ իմ ամառային հրաշալի երեկոների։

Էլի հեռախոսս.

-Հա, Ռիփ, հիմա գալիս եմ,- ինչպես միշտ քույրս էր, կանչում էր զբոսնելու։

Ամեն անգամվա պես տանից դուրս գալուց լսեցի մամայի խոսքերը. «Տաք հագնվի, քամի ա»…

Վերցրեցի ականջակալներս, տաք հագուստ, չնայած վստահ լինելով, որ չեմ հագնելու, բայց… Բայց վերցրեցի, որովհետև մաման մտածում էր` կմրսեմ։ Ու էլի շտապեցի քույրիկի մոտ…

Միշտ ցանկություն եմ ունեցել քաղաքս տեսնել վերևից, «տեսնել» այդ գիժ քամուն, նայել նրա աչքերին ու ասել, թե ինչպիսի օրեր է խափանել իր այդ խենթությամբ:

-Արի բարձրանանք ինչ-որ տանիք, քաղաքը տեսնենք վերևից,- չգիտես ինչու մեխանիկորեն այս խոսքերը դուրս եկան բերանիցս զբոսնելու ընթացքում։ Երևի ինքս էլ գիտակցում էի, որ պատրաստ եմ առերես հանդիպել այդ գիժ քամու հետ:

-Ի՞նչ եղավ, ինչի՞ ես ուզում քաղաքը վերևից տեսնել,- զարմացած հայացք։

Ինչևէ, բարձրացանք տանիք։

Հիմա կանգնած եմ քաղաքի գրեթե ամենաբարձր կետում, նայում եմ քաղաքին, փողոցներով անցնող մարդկանց ու մեքենաներին, տեսնում քաղաքի ամենօրյա շարժը։ Բայց չէի գտնում այն, ինչ փնտրում էի, չէի գտնում գիժ քամուն։ Գտնելուց հետո վստահ էի` կնայեի նրա աչքերին, կնայեի համարձակ ու հաղթանակած ու կասեի, որ նա չկարողացավ հաղթել ինձ: Այսօր նա չի կարող ինձ համար խոչընդոտ հանդիսանալ։

-Էլի սկսվեց Աբովյանի գիժ քամին…

Բայց այժմ նա գլուխը կախ անցնում է իմ կողքով: Երևի երբեք չեմ հասկանա «գիժ քամի»-ուն, երևի երբեք չեմ տեսնի նրան։