Բացահայտելով Լոռին

Կարծում եմ բոլորիս էլ հայտնի է ծնողական ժողովի ընթացքում ունեցած ապրումները: Բայց ինձ համար  տարեվերջյան ծնողական ժողովը ամենահետաքրքիրն է, քան մնացածը, որովհետև որոշվում է քաղաքից դուրս անցկացնելու մի հրաշալի օր: Այս տարի բոլոր տարիների նման անհամբեր սպասում էի ժողովի արդյունքներին, և հանկարծ զանգ եկավ հեռախոսիս` մայրիկս էր: Անհամաբերությունս  չկարողանալով զսպել միանգամից հարցրի.

-Հըն, մամ, ո՞ւր ենք գնում:

-Լոռի,- լսվեց մայրիկիս մի տեսակ դժգոհ ձայնը:

Իսկ իմ ուրախությանը չափ չկար, որոհետև վաղուց էի երազում գնալ Լոռի: Ուզում էի տեսնել այն հրաշք վայրը, որի մասին Թումանյանը այդքան պատմել ու բանաստեղծության ձևով մեզ է հասցրել: Իսկ մայրիկիս դժգոհության պատճառը ճանապարհն էր: Կարծում եմ, բոլորդ գիտեք, թե ինչքան է Արմավիր-Լոռի ճանապարհի երկարությունը: Ինչևէ, առավոտյան ժամը 5-ին ճանապարհ ընկանք: Ճանապարհը իրոք շատ երկար էր ու ոլորաններով հարուստ, չնայած Լոռվա չնաշխարհիկ բնությունը կոծկում էր ամեն ինչ:

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Առաջին վայրը, ուր հասանք, Դսեղն էր` Թումանյանի տունը: Ամպերի մեջ էր թառել Դսեղը, որն էլ ավելի էր գեղեցկացնում նրան, ու այդ ժամանակ հասկացա բանաստեղծությունների բառերի իմաստը ու, մեջբերելով Թումանյանի բանաստեղծություններից մեկը, տամ պարզ նկարագիրը իմ տեսածի.

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին:

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջըրի աղմուկին.

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մըտախոհ` իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած` լըսում է նըրան:

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Երբ մտանք ներս` թանգարան, մի փոքրիկ սենյակ էր, որն ավելի նման էր հացատան. լույսը ընկնում էր երթիկից: Երբ մեզ ասացին, որ Հովհաննես Թումանյանն ապրել է այդ փոքրիկ սենյակում, մենք բոլորս պարզապես ապշած էինք: Այդքան փոքրիկ տան մեջ է մեծացել Ամենայն Հայոց Բանաստեղծը: Ամեն ինչ պահպանված էր: Անգամ ափսոսում էի քայլել այդ հատակի վրայով, որ հանկարծ չմաշվեր: Այնտեղ թումանյանական շունչ ու ոգի կար, ամբողջ ընթացքում զգում էի նրա ներկայությունը, կարծես ուր որ է` կբացի դուռը ու ներս կմտնի:

Դսեղից հետո շարժվեցինք  Հաղպատի վանական համալիր:

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

 

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Մեզ ասացին, որ վանքը հիմնադրվել է 10-րդ դարի 2-րդ կեսին: Այնտեղ եկեղեցու պատերից մեկի վրա մեծ անցքեր կային, և մարդիկ մի երազանք պետք է մտքում պահեին ու պատին հպվելով այդ անցքերի միջոցով մինչև վերջ անցնեին պատը: Ասում են, եթե կարողանաս այն անցնել, երազանքդ կկատարվի, եթե չկարողանաս` չի կատարվի: Ես ցավոք չկարողացա մինչև վերջ անցնել չնայած շատ տանջվեցի: Հաղպատը մի հոյակապ վայր էր, ուր կարելի էր ժամերով նստել ու վերևից դիտել Լոռվա բնությունը:

Խոտերին պառկած մտքերով ուր ասես հասել էի, ու ինձ հետ բերեց մայրիկիս ձայնը.

-Ան, արի` գնացինք, հիմա դուրս գանք, որ գոնե շուտ հասնենք տեղ:

Ա~խ, մամ, գիտե՞ս ինչքան դժվար էր լսել այդ մի նախադասությունը , կտրվել բնությունից, թարմ օդից ու խոտերից և վերադառնալ մեր քաղաքի կիզիչ արևին:

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Խոսքս եզրափակեմ, որովհետև անսահման կարելի է խոսել Լոռվա քարի, օդի, սարերի և ամեն ինչի մասին:

Երբեք չեմ ափսոսա այդքան երկար ճանապարհի ու ոլորանների վրա ունեցած վախիս համար: Հա, ու ամենակարևորը, հաջորդ օրը հիվանդանալու համար:

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Լոռվա մասին պետք չէ խոսել, այն պետք է միայն տեսնել ու զգալ սարերի սառը ու թարմացնող օդը:

Հ. Գ.  Երանի բոլոր նրանց, ովքեր ապրում են Լոռիում…