davit aleqsanyan

Էս ե՞րբ մեծացանք

Երբ դեռ չէինք բաժանվել իմ պապիկից ու տատիկից, և մնացած տան անդամներից ու գնացել ուրիշ տեղ ապրելու, ես և եղբայրս շատ ու շատ չարություններ էինք անում: Դե, ես դա չեմ կարող հիշել, բայց հիշող կա՝ մայրս:

Ամենաարտառոցներից մեկը սա է: Մայրս պատմում է, որ ես և եղբայրս՝ Էրիկը, փոքր ժամանակ տատիկիս պղնձե և ալյումինե կաթսաները թաքուն լցնում էինք տան տակով հոսող գետը: Տատիկը զգում էր, որ մի բան այն չէ, որ կաթսաները պակասում են: Սակայն չգիտեր, թե ով է դրանք, մեղմ ասած, գողանում: Կաթսաները ջուրը լցնելու պատճառ կար: Մենք մտածում էինք, թե դրանք լողացող նավակներ են, և ջրում դնելուց և դրանց նայելուց հաճույք էինք ստանում: Մի անգամ հայրս նկատում է մեզ ջրի մոտ, բայց չի հասկանում, թե ինչ ենք անում: Թաքուն մոտենում և տեսնում է, որ կաթսաները ջուրն ենք լցնում և մեզ վրա շատ խիստ բարկանում է: Ես էլ նրանից նեղացած գնում մտնում եմ 2 կիլոմետր երկարությամբ ձգվող խողովակի մեջ և այնտեղ, չգիտեմ ոնց, քնում եմ: Այս ամենը եղբայրս տեսնում է, բայց այդ ժամանակ մենք դեռ պարզ չէինք խոսում: Անցնում է 1 ժամ, 2 ժամ՝ Դավիթ չկա: Սկսում են փնտրել, բայց չեն գտնում: Հարցնում են Էրիկին:

-Ապո, ըն, ըն…,- ասում է նա և մատով ցույց տալիս խողովակը: Հայրս բարձրանում է խողովակների վրա և տեսնում, որ ես մեջը քնած եմ:

Օֆ, է, ես ե՞րբ մեծացանք: