Եվ այսպես ամեն օր

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Առավոտ. բացեցի աչքերս: Ամենից առաջ նայում եմ պատուհանից դուրս: Ի՞նչ եղանակ է: Ջա՜ն, ամպամած է: Էսօր ուրեմն լավ օր է, հավեսով կնկարեմ պարապմունքի ժամանակ: Սիրում եմ ամպամած եղանակին նկարել: Եթե արև լինի, չեմ կարողանա կենտրոնանալ. ուշք ու միտքս դրսում է լինելու: Բայց առավոտյան միանգամից պարապմունքի չեմ գնա: Մինչև դա կա իմ օրվա անբաժան մի մասը՝ մեծն դպրոցը: Ճիշտ է՝ «մուննաթ» դեմքով եմ գնում, ու ամեն առավոտ մեծ դժվարությամբ եմ արթնանում, բայց մեկ է, գիտեմ, որ որոշ ժամանակ անց կարոտելու եմ դպրոցը՝ անգամ իր վատ կողմերով: Լավ, չշեղվեմ թեմայից, գնամ դպրոց, տեսնեմ՝ ինչ կա-չկա: Գնացի, էլի նույն մարդիկ նույն բնավորությամբ և նույն մթնոլորտը:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Ամեն օր նույնն է: Մի օր ասում եմ՝ բարև, մի օր՝ բարի լույս, բարի օր, մի օր էլ չեմ գնում: Իսկ եթե գնում եմ, շտապում եմ տուն, որ ճաշեմ ու գնամ նկարելու: Արդեն ճանապարհին եմ: Գնում եմ՝ մտածելով, թե ինչ կա ուտելու: Հա, երևի տապակած հավ կամ «ժարիտ»: Ո՜ւխ:
-Մա՞մ, նորից բարև, ի՞նչ կա ուտելու:
-Համով սուպ կա, լցնե՞մ, կուզե՞ս:
-Չէ, չեմ ուզում, ուղղակի հարցնում էի: Ավելի լավ ա՝ մեկ բաժակ թեյ կամ սուրճ տուր, ես գնում եմ պարապմունքի:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Մինչ թեյի կամ սուրճի պատրաստվելը մտնում եմ ֆեյսբուք, բացում եմ ինձ ուղղված նամակների ցուցակը: Չեմ պատասխանում, եթե սկսեմ պատասխանել, հաստատ պետք է ժամերով գրեմ: Չէ, հետո կմտնեմ, թեյս կամ սուրճս էլ երբ գա, չեմ հասցնի նորմալ զրուցել: Ավելի ճիշտ կլինի՝ երեկոյան պատասխանեմ: Թեյս եկավ, բայց մտածում էի սուրճ կլինի: Չնայած՝ ամպամած է, թեյը ավելի հարմար է: Խմեցի, գնացի միջանցք ու բարձր ասացի:
-Մա՛մ, ես գնացի, երեկոյան կողմերը կգամ:
Անցավ մի քանի րոպե և նոր բացեցի դուռը: Դռան ձայնը ինձ մատնեց, որ չեմ գնացել.

-Էս դեռ չե՞ս գնացել,- լսում եմ մայրիկիս ձայնը:
-Գնում եմ, մա՛մ, ուղղակի մատիտներս էի մոռացել:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Բայց իրականում ո՛չ մատիտ էի մոռացել, ո՛չ էլ մի այլ բան: Ուղղակի պատասխանում էի մի շատ կարևոր նամակի: Դե, մի քիչ անիմաստ է բացատրել, որ մի քանի րոպե միջանցքում կանգնած նամակ եմ գրում: Ավելի հարմար էր դիմել մատիտների օգնությանը: Դուրս եկա: Օ՜ֆ, արևը ուզում է դուրս գալ, ես էլ ասացի՝ ամպամած օր է, ուրախ կանցնի: Մի զարմացեք, ես սիրում եմ սևացած ամպերը, բայց եթե անկեղծ, պատճառը ես էլ չգիտեմ:

Գնացի նկարչության. էլի նույնը, նույն մարդիկ և իմ կողմից հնչող բարևի տարբեր տեսակները: Ու ինչպես միշտ.
-Սոնա՛, էլի տե՞ղս ես նստել, լավ էլի՝ նկարս կիսատ ա, պետք ա շարունակեմ, վե՛ր կաց:
-Չէ, արդեն սկսել եմ, չեմ կարա:
Առանց որևէ բան ասելու պտտվում եմ ու մտքերիս հետևից ընկած՝ էլի սկսում նկարել նույն նկարը, հիմա էլ՝ մյուս կողմից: Նայեցի ժամին. մնացել էր քսան րոպե: Մի տասը րոպե էլ նկարեմ ու կամաց սկսեմ հավաքել իրերս: Մինչև հավաքեմ՝ արդեն քսան րոպեն կլրանա: Լրացավ քսան րոպեն, անցնում եմ էլի նույն ճանապարհով, բայց հակառակ ուղղությամբ: Բացակայում են միայն կանգառում հավաքված մարդիկ, որոնք արդեն գնացել են: Նրանց փոխարինում են փողոցի լույսերը: Մինչև տուն հասնելը երևի երաժշտություն լսեմ: Միացնում եմ ու չորրորդ վայրկյանին անջատում.
-Սրան էլ էնքան լսեցի, արդեն անգիր արեցի՝ չհաշված ամեն երգի հետ կապված հիշողությունները:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Մինչև այդքանը մտածեցի, հասա տուն: Արագ շորերս եմ փոխում, խոհանոցում ոտքի վրա հաց ուտում ու գնում պարապելու՝ նկարելու պարապմունքի չէ, այլ մարզվելու: Միացնում եմ էլի այդ նույն երգերը և մտքերիս հետևից ընկած՝ կատարում վարժություններ: Մեկ-մեկ էնքան եմ խորանում, որ անգամ հաշվարկս է խախտվում ու մի քանի անգամ հիսուն եմ ասում: Սպորտը նույնպես վերջացրի, այ հիմա գնամ տուն ու հանգստանամ, դուրս գալու հավես չկա էսօր:

Մտա տուն, բոլորը տանն են, ամեն մեկը` իր գործով: Ավելի լավ է՝ գնամ սենյակս, հենց սերիալները վերջանան, դուրս կգամ: Մտնում եմ սենյակ, պառկում մահճակալիս ու սկսում պատասխանել իմ նամակներին, որոնց չհասցրի՝ բացառությամբ միջանցքինը: Մեկ էլ պատահական տեսնում եմ ժամը՝ 00:25: Հեռախոսը դեմքիցս մի կողմ եմ տանում: Սենյակիս դռան ապակին էլ լուսավոր չէ: Այսինքն՝ հյուրասենյակում մարդ չկա, բոլորը քնել են: Բացում եմ սենյակիս դուռը ու տեսնում, որ միայնակ եմ: Հետ եմ վերադառնում սենյակ ու իմ պահարանից հանում մի քանի մատիտ և մի քանի թուղթ: Բացում եմ համակարգիչը և սկսում նկարել, հիմնականում՝ դիմանկարներ: Նկարում եմ նրանց, ում խոսք եմ տվել կամ ում ուզում եմ անակնկալ անել: Նկարում եմ մատիտով, ապա նույն նկարը՝ հեռախոսով ու նամակի տեսքով ուղարկում եմ իրենց տերերին: Մի քանի վայրկյան անց լսում եմ շնորհակալություններ, որը ինձ համար ամենահաճելի պահերից է: Դա էլ վերջացնելուց հետո կիսափակ աչքերով գնում եմ քնելու: Եվ արթնանում՝ էլի դուրս նայելով, որ տեսնեմ՝ ինչ եղանակ է: