Lusine atanesyan

Էքսկուրսիաների ամիսը

Ամեն տարի դասարանով ապրիլից սկսում ենք որոշել, թե ուր պետք է գնանք էքսկուրսիայի և այդ մասին տեղեկացնում ենք դասղեկին: Եթե նա հավանություն է տալիս առաջարկին, ապա սկսում ենք պատրաստվել, իսկ եթե նրան դուր չի գալիս կամ «վտանգավոր» է, առաջարկում ենք այլ տարբերակներ: Անցյալ տարի ցանկանում էինք գնալ Արցախ՝ Գանձասար և Շուշի, սակայն քառօրյա պատերազմի պատճառով չգնացինք, իսկ այս տարի 2-3 օրով ուզում էինք գնալ Սևան, բայց քանի որ փոքր էինք, այս առաջարկը ևս համարվեց վտանգավոր, ու չգնացինք:

Հիշում եմ, որ տարրական դասարաններում մեր «էքսկուրսիան» անցնում էր դպրոցի հետևի մասում՝ եղևնիների տակ: Երբ ուսուցչուհին ասում էր, որ էքսկուրսիա ենք գնալու, շատ էինք ուրախանում և սկսում էինք պատրաստվել դրան՝ կարծելով, թե ուրիշ տեղ ենք գնալու:

Երբ ավարտեցինք չորրորդ դասարանը, գնացինք մանկական սրճարան: Բացի դպրոցի հետևի եղևնիներից, դա առաջին անգամն էր, երբ դասարանով որևէ տեղ գնացինք, երկրորդը եղել է 6-րդ դասարանում, երբ գնացինք Տաթև և Խնձորեսկ, իսկ երրորդը եղավ այս տարի հունիսի 9-ին. գնացինք Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, Խոր Վիրապ, Գեղարդ, Գառնի:

Այժմ ամեն ինչ փոխվել է. Անգեղակոթ գյուղի ոչ մի տարրական դասարանցի չի գնում դպրոցի հետևի եղևնիների մոտ: Գնում են միայն տեսարժան վայրեր, օրինակ՝ Շաքիի ջրվեժ, Ջերմուկ կամ Նորավանք: Եղբայրս ինձնից 4 տարով փոքր է և տարրական դասարանը այս տարի է ավարտել, սակայն նա արդեն 3 անգամ էքսկուրսիա է գնացել: Մենք գոնե չորրորդ դասարանում գնացել ենք սրճարան, կան դասարաններ, որոնք նույնիսկ այդտեղ չեն գնացել:

Էքսկուրսիաները շատ կարևոր նշանակություն ունեն՝ ծանոթանում ենք նոր վայրերի, կռվածները հաշտվում են (մեր դասարանում այդպես է), ունենում ես ավելի շատ հիշողություններ դպրոցի հետ կապված: Միասին որևէ տեղ գնալիս մենք ողջ ճանապարհին պարում և ուրախանում ենք: Դա կախված է նաև վարորդից: Մենք ունենք մշտական վարորդ, որի հետ ժամանակը շատ լավ է անցնում, բացի դա, նա ամեն մի անկյունը գիտի:

Այս տարի World Vision կազմակերպությունը կազմակերպել է էքսկուրսիա դեպի Ա. Բակուցի տուն-թանգարան, Տաթև, Խնձորեսկ 2003 թ. ծնված երեխաների, այսինքն՝ մեր դասարանի համար մինչև հունիսի 25-ը: Ստացվում է՝ այս տարի դասարանով ևս մեկ էքսկուրսիայի կմասնակցենք: