jora petrosyan

Թշնամու հետ նույն սենյակում

Գնում էի Վրաստան: Բոլոր անցակետերը նորմալ անցա, բայց հենց հասա Վլադիկավկազի անցակետը, ինձ ձերբակալեցին՝ ասելով, թե ես էն հանցագործն եմ, որին փնտրում են: Դե, իհարկե, ուղղակի շփոթմունք էր: Իմ անունն ու ազգանունը համընկնում էին հետախուզման մեջ գտնվող մարդու անուն-ազգանունի հետ: Բնականաբար, ես մենակ չէի. եղբայրս ինձ հետ էր, ու մինչ նա կփորձեր բացատրել, որ հաստատ մի բան սխալ է, իմ թևերը ոլորեցին ու տարան մեկուսարան:

Մոտավորապես 20 րոպե այնտեղ մնալուց հետո ինձ միացավ նաև մի ընտանիք՝ երկու կին, երկու աղջիկ և մեկ տղա երեխաներ: Նրանց խոսակցությունից հասկացա, որ տղայի անունը Թումար էր: Թումարը մոր գրկից իջավ ու միանգամից եկավ ինձ մոտ: Դե, ինչ մեղքս թաքցնեմ, անուշիկ բալիկ էր, գրկել էի ու խաղում էի հետը: Որպեսզի ժամանակը միապաղաղ չանցներ, սկսեցինք ռուսերեն շփվել: Մի փոքր զրույց ունեցա նրանց հետ՝ իմ «չեղած» ռուսերենով:
-Որտեղի՞ց եք,- հարցրի ես:
-Ադրբեջանից:
Նրանք ինձ պատասխան հարց չտվեցին, թե ես որտեղից եմ: Երևի հասկացել էին արդեն, որովհետև իմ հետ կային իրեր, որոնց վրա Հայաստանի դրոշն էր:

Սառեցի տեղում. նույն սենյակում եմ թշնամի ազգի հետ: Երեխային իջեցրեցի գրկիցս ու առանձնացա մի անկյունում: Վայրկյաններն էի հաշվում, թե երբ պիտի դուրս գամ այդ դժոխքից՝ մեկուսարանից:
Մոտավորապես հինգ ժամ մեկուսարանում էի նրանց հետ: Սկզբում տագնապ էի զգում: Բայց հետո… Հետո ինձ համով-համով բաներ հյուրասիրեցին, կամաց-կամաց հարմարվեցինք միմյանց: Ուզում էի զանգել մերոնց, բայց հեռախոսիս ռոումինգն ակտիվացված չէր, չէի կարողանում կապվել: Նրանք առաջարկեցին իրենց հեռախոսը: Վերցրի ու զանգեցի քրոջս: Նա բնականաբար չպատասխանեց՝ տեսնելով ադրբեջանական համար: Հեռախոսը վերադարձրի ու հայտնեցի շնորհակալությունս:

Վերջապես ամեն բան պարզվեց, և ինձ ազատ արձակեցին: Երկար ժամանակ մտածում էի մեկուսարանում գտնվող իմ «թշնամիների» մասին, հասարակ ժողովրդի, որը «վերևների» հրամանով պատերազմում է, արյուն թափում: Ոչ ոք պատերազմ չի ուզում, չի ուզում թշնամանալ, ո՛չ մենք և ո՛չ էլ նրանք չենք ուզում արյուն թափել, բայց… Բայց շարունակում ենք կռվել, ատել իրար ու զոհվել: