svetlana davtyan

Ուսուցիչը ամեն պայմանում ուսուցիչ է

Հարցազրույց ԿԱՊՈՒ (Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների) դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Հարությունյանի հետ:

-Դուք աշխատում եք տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ, հե՞շտ է աշխատել նման երեխաների հետ, թե՞ դժվար աշխատանք է:

-Բավականին դժվար է կրթության համար առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելը, բայց փորձը ցույց է տվել, որ կարելի է հասնել հաջողության ցանկացած բնագավառում: Այստեղ կարևոր գործոն է հանդիսանում ուսուցչի նվիրումը և պատրաստակամությունը:

-Երեխաներն ինչպիսի՞ խնդիրներ ունեն: Քանի՞ աշակերտ է սովորում դպրոցում:

-Երեխաները կարող են ունենալ թեթև մտավոր հիվանդություն, ծանր մտավոր հիվանդություն, դաունի սինդրոմ, հենաշարժական համակարգի խախտում, աուտիզմ: Այս պահին Աշտարակի թիվ մեկ դպրոցում սովորում է 45 աշակերտ:

-Ինչպե՞ս է տեղի ունենում երեխաների ուսուցումը:

-Երեխաների ուսուցումը տեղի է ունենում հատուկ ծրագրով, որը կազմվում է՝ ելնելով երեխաների կարիքներից:

-Ուսուցիչները նման երեխաների վրա բարկանալու իրավունք ունե՞ն:

-Ուսուցիչները ոչ մի իրավունք չունեն բարկանալու կամ առավել ևս հարվածելու նման երեխաների: Իհարկե, երբեմն շատ դժվար է լինում երեխաներին կառավարելը, բայց բոլորն էլ առավելագույն համբերություն և պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում: