anahit baghshetsyan

Ընդամենը մեկ պտույտ

Ըհըն։ Ոնց որ թե ամեն ինչ հասցրել ենք։ Կարելի է հանգիստ ու խորը շունչ քաշել։ Վերջապես ամանորյա լարվածությունը դուրս է գալիս մեր տանից։

Մտածում եմ, որ եթե երկու այլմոլորակայիններ միասին ինչ-որ անհայտ գալակտիկայի անհայտ երկնային մարմնից հեռադիտակով նայեին Երկրին` մեզ բոլորիս խելագարված կհամարեին։ Միասին կխոսեին ու չէին հասկանա, թե ինչու է 7 միլիարդից ավել մարդ ուրախանում այն փաստից, որ Երկիրը մի պտույտ է կատարել Արեգակի շուրջը։ Հերիք չէ ուրախանում են, մի հատ էլ սեղան են գցում, երգում, պարում, իրար նվերներ նվիրում ու վերջում էլ բողոքում, որ շատ ծախսատար էր այդ ամենը։

Բայց դե այդ երկու արարածներին դժվար կլիներ բացատրել, որ այդ մեկ պտույտը բոլորի կյանքում շատ նշանակալից է եղել։ Նրանք հաստատ չեն իմանա, որ այս տարի Հայաստանում հեղափոխություն է եղել, այն էլ Թավշյա։ Բացի պատմական հեղափոխությունից նաև պատմական ու հեքիաթային հարսանիք է եղել Անգլիայի թագավորական ընտանիքում։ Հա՜, ամենակարևորը մոռացա․ առաջին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր, որին հետևել եմ։ Դե, տեխնոլոգիաներն էլ ահագին զարգացել են։ Բոստոնում ստեղծվել է վազող ռոբոտ, Apple-ը սպառողին է հանձնել իր նորագույն ապրանքները՝ ավելի մեծ էկրանով, ավելի վառ գունային գամմայով։ Ճապոնիայում էլ ինչ-որ ռոբոտ իր թեկնածությունն էր առաջադրել ընտրություններին ու 4000 քվե հավաքել։ Կալիֆորնիայում հրդեհներ են եղել, վառվել են հազարավոր բնակավայրեր։ Ցավոք սրտի, պտույտի ընթացքում Սթիվեն Հոկինգը մահացել է։

Բայց հավանականությունը, որ այդ երկու արարածներն իրենց բանն ու գործը թողած ինձ կլսեն, ձգտում է զրոյի։ Դրա համար ես ինքս ինձ կպատմեմ այս տարվա նվաճումները ու ինքս ինձ կուրախանամ։ Հետո կհիշեմ, որ այս տարի իմ կյանքն էլ հետաքրքիր շրջադարձներ է ունեցել, կժպտամ ու նոր պտույտին կպատրաստվեմ։

Ինչ արած, մի բան ձեռնարկենք մյուս տարվա պտույտի ընթացքում, որ  մոտիկից պատմեմ այսքան բանը երկու զարմացած այլմոլորակայիններին։