Shushan nersisyan

Կեսգիշերի մեր հեքիաթը

Տարվա վերջին կեսգիշերից մի քանի ժամ առաջ, երբ մութը գերիշխող դառնա, մեր թաղի այն հատվածում, որտեղ տարեվերջյան կեսգիշերին երազանքներ էին պահվում, ոչի՜նչ տեղի չի ունենալու:

Սրանից դեռ տարիներ առաջ տարվա վերջին կեսգիշերը մեր թաղում վեր էր ածվում իսկական տոնակատարության, տոն, որ չես գտնի օրացույցներում, նոթատետրերում, տոն, որի մասին ոչ մի տեղ ոչ մի հիշատակություն չկա, բայց քանի որ այն ամրագրված էր մեր հիշողություններում, ուրեմն այն պիտի կատարվեր:

Անվադողեր վառելու գեղեցիկ արարողությունը դարձել էր ավանդական…

Թաղի տղաները իրենց նկուղներից երկու-երկու դուրս էին բերում ողջ տարվա հավաքած անվադողերը (չգիտեինք՝ ոնց էին էդքանը հավաքում, իրենց ասելով՝ դա մի բարդ ու հետաքրքիր գործընթաց էր, մեզ՝ անհասկանալի) ու տանում այնտեղ, որտեղ հիմա արտասովոր ոչինչ տեղի չի ունենալու: Մենք անվադողերը տեղ հասցնելու գործընթացին հետևում էինք պատուհաններից կամ էլ ծայրահեղ դեպքում ամանորյա գնումներից ինչ-որ բան պակասած էր լինում, և մենք մոտակա խանութ գնալու ճանապարհին հանդիպում էինք նրանց:

Տղաներից ոմանք գլորում էին, նրանք, որոնք զգում էին իրենց հավանած աղջիկների հայացքը պատուհաններից, կամ որոնց աչքի առաջ պատահաբար հայտնվում էին այդ նույն աղջիկները, միայնակ գրկում էին անվադողն ու հերոսաբար տանում, ինչը գրեթե անհնար է, եթե չունես հսկային հատուկ տվյալներ: Դա լինում էր իրենց կողմից այդ օրվա միակ տեղ հասցրած անվադողն ու միաժամանակ միակ հերոսությունը: Ուրիշները, որ ավելի համեստ էին, հատկապես, որ հավանած աղջիկ էլ չունեին, տանում էին անվադողերը մի քանի անգամով՝ չհրաժարվելով նույնիսկ առաջարկվող օգնություններից: Ոմանք էլ տեղափոխելու արարողությանը մասնակցում էին դիտորդի կարգավիճակով, բայց որ իրենց հարցնեին, իրենք ահագին գործ էին արել. նրանք մի քիչ պարծենկոտ ու մի քիչ էլ ինքնահավան տղաներն էին, որոնք սակայն ամեն վայրկյան պատրաստ էին կյանք տալու իրենց ընկերների համար:

Հերթը հասնում էր բուրգին: Ու քանի որ այդտեղ հավանած աղջիկներ չկային, ու տղաները միմյանց աչքերում հերոսանալու կարիք կարծես թե չունեին, մի մարդու պես իրար օգնելով անվադողերից բուրգ էին կառուցում: Այնպիսի բուրգեր, ինչպիսին նրանք էին կառուցում, հանդիպում են միայն հեքիաթներում, որոնց հերոսները հսկաներ են:

Երբ հերթը հասնում էր կախարդական հեղուկին, որ պիտի ազդարարեր ամենագեղեցիկ պահի սկիզբը, այն այդտեղ հայտնվում էր անհասկանալի կերպով, չէր իմացվում՝ ով ու երբ հասցրեց բերել:

Սա ծիսակատարություն էր՝ իսկակա՜ն, առեղծվածայի՜ն…

Երևում էր առաջին բոցը, հետո՝ երկրորդը, երրորդը, ու հետո հաշվելը դառնում էր անհնար: Սկսվում էր խրախճանքը: Սա նման էր հեթանոս աստվածների խրախճանքներին, սա մի քիչ ավելին էր քան այդ խրախճանքները: Կայծերը շատանում էին, երկինք էին բարձրանում՝ ավելացնելու աստղերի թիվը:

Դե իհարկե, մենք դրան չէինք մասնակցում, դա տղայական գործ էր, դա մեր տեղը չէր, մեզ չէր կարելի, բայց նրանք վստահ էին, որ մենք մեր պատուհաններից հետևում ենք ծիսակատարությանը: Դրա համար էլ կրակը գնալով թեժանում էր, բարձրանում, որ բոլորիս տներից երևա: Իսկ անվադողերը վառվում էին: Նրանք ճիշտ էին, մենք գիտեինք՝ ինչով պիտի ավարտվի տարվա վերջին կեսգիշերը, դրա համար բոլոր գործերն անում էինք նախօրոք, կամ թողնում ամենափրկիչ մայրիկներին ու հայտնվում պատուհանագոգերին: Անվադողերը վերջանալու միտք չունեին, մեկին հաջորդում էր մյուսը, իսկ երբ թվում էր՝ ուր որ է կվերջանան, կրակի ճիրաններում էին հայտնվում նորերը, նախորդներից ավելի սև, ավելի մեծ…

Այդ ամենն այնքան գեղեցիկ էր: Ու մեզ ոչինչ անել չէր մնում, քան երազանքներ պահել ու բոցերի հետ երկինք ուղարկել: Թե մեզնից քանիսի՜ երազանքը համընկավ, ո՜ւմ երազանքը երկինք հասավ, ո՜ւմը մնաց կիսաճամփին, ոչ ոք այդպես էլ չիմացավ: Թե ի՜նչ էին խոսում կրակի շուրջը հավաքված տղաները, ինչո՜ւ էին ծիծաղում, ինչի՜ մասին էին մտածում ու ի՜նչ երազանքներ էին պահում, այդ էլ ոչ ոք չիմացավ: Նրանք ժպտում էին, երբեմն ծիծաղում կրակի բոցերի ներքո, իսկ մենք երազում էինք պատուհանագոգերին նստած, ու դա նմանվում էր ֆիլմերի վերջին դանդաղեցված հատվածներին, երբ բոլորը համերաշխ են ու երջանիկ…

Երբ կրակն սկսում էր աստիճանաբար թուլանալ, տղաները ցրվում էին, իսկ մենք հետ էինք քաշվում պատուհաններից, որովհետև կեսգիշերին րոպեներ էին մնում: Նոր տարին ազդարարող զանգերի հետ մենք նորից երազանքներ էինք պահելու, ճիշտ նույն երազանքները, ինչ րոպեներ առաջ էինք պահել լուսամուտների մոտ ու անվադողերի կրակների ներքո՝ անվերապահորեն հավատալով դրանց կատարմանը:

Դա մեր հեքիաթն էր, տարվա վերջին գիշերվա հեքիաթը, ամենաիսկական հեքիաթն աշխարհում: Շենքերում բոլոր արթուն էին…

Տարվա վերջին կեսգիշերից մի քանի ժամ առաջ, երբ մութը գերիշխող դառնա, մեր թաղի այն հատվածում, որտեղ հրաշքներ էին կատարվում, ոչինչ տեղի չի ունենալու: