hayarpi baghdasaryan

Թե ինչու ես չեմ լքելու հայրենիքս, կամ քայլը քոնն է, քայլ արա՛

Ես ունեմ երկու ինքնություն. մեկը՝ մարդ, մյուսը՝ հայ մարդ: Էսօր կրոնական, փիլիսոփայական ու մնացած բոլոր հայացքներս, թողնում եմ մի կողմ, վերցնում եմ «հայ մարդ» տեսակս, ու գրում եմ, որ կարդաս:

Լսե՞լ ես «Որդան կարմիր» խմբի «Քայլ արա՛» երգը: Եթե դեռ չէ, ուրեմն մի հատով հենց էսօր ավելացրու երգի դիտումների քանակը:

Սովոր ենք, չէ՞, Հայաստանին էս երկիր կամ անտեր երկիր անվանելուն: Չէ, ջա՛նս, մեր երկիրը անտեր չի: Տերը ես եմ, դու ես, ամեն օր ծնվող մանուկներն են տերը, կամ էլ, էն մանուկները, ում չեն թողնում լույս աշխարհ գալ, այ, հենց իրենք են տերը: Սովոր ենք ամեն օր կառավարությանը հայհոյելուն, աշխատատեղերի պակասից բողոքելուն, ամեն ինչից քթի տակ մրթմրթալուն (ոչ միշտ ա, որ քթի տակ): Սովոր ենք երկիրը լքելուն ու «ռուսաստաններում» ապրելուն: Ինչ ուզում ես արա, քո հայրենի երկիրն ուրիշ ա: Հլը մի պահ մի կարդա ու ասա՝ Հայրենի երկիր: Ձեռքի հետ էլ Որդանից հետո «Երազ իմ երկիր»-ը լսի, հզոր երգ ա:

Հա, ի՞նչ էի ասում… Ասում եմ՝ ո՞վ չի ուզում ապահով ու կուշտ ապրի, ոչ մի բանից զուրկ չլինի: Բոլորն էլ սիրում են լավ ապրել: Բայց որ ամեն օր մեկն ասի՝ երկիրը երկիր չի, ու թողնի «խոպանները» գնա, ու՞ր կհասնենք, ջա՛նս: Հա, քո հետ եմ, քեզ եմ գրում, դու, որ մտքիդ դրել ես արտագաղթը:

Որ գնաս, «ես»-դ կորցնելու ես: Դու մե՛ր մշակույթի կրողն ես: Ուրիշ երկրում քեզ օտար ես զգալու: Հիմա Երևանում հենց մի օտարերկրացի ես տեսնում, ասում ես, թե գրավել են քաղաքը, ու տհաճությամբ ես նայում: Բա որ դու գնաս, ինչի՞ ես կարծում, թե քեզ հավասարը հավասարին են նայելու: Չէ, ուրիշ տեղ դու օտար ես: Քո լեզուն չի, քո տառերը չեն, քո ազգը չի:

Բողոքելու փոխարեն պիտի մնալ ու ստեղծել: Պիտի աշխատել: Մի տեղ՝ ես, մի տեղ՝ դու, մի ուրիշ մարզում՝ ուրիշը: Իմացի՛ր, 50-ականների, 60-ականների սերունդը գնալու ա, մաղվելու ա շուտով: Մենք ենք մնալու՝ ջահելներս: Բաղրամյանի ու Խորենացու սերունդն ա մնալու: Էս սերունդը գնացող չի: Ստեղծող ա:

Գիտե՞ս՝ ես ինչի չեմ գնալու: Որովհետև հայրս իմ ու քո համար ա գնացել «թուրքի բերան»: Որովհետև դպրոցական անհոգությունից նոր դուրս եկած պատանին իմ ու քո համար ա կանգնում սահմանին: Որովհետև ամեն առավոտ ԵՊՀ-ի գետնանցումով անցնելիս ես միայն Ռոբերտ Աբաջյանի նկարին եմ նայում: Հասկանու՞մ ես, միայն նկարին: Ես կորցրել եմ իրեն, ու դու էլ ես կորցրել: Դու ու ես Աբաջյանի հետ կողք-կողքի չենք սովորելու: Ես մնալու եմ, որովհետև մենք դարավոր ազգ ենք ու լինելու ենք:

Ամեն անգամ Հրազդանիս քանդված փողոցով անցնելիս ոչ թե հայհոյելու եմ, այլ լուռ առաջ եմ գնալու, որ մի օր փոխեմ իմ ու քո սերունդների ապագան: Դու՛, որ ուզում ես լքել ՀԱՅՐենիքդ, իմացի՛, ասածս մի օրը գալու ա, ու դու կարող ես լինել մնացած ու հենց էդ մի օրվա մեծ մասնիկը: Դու էլ պիտի մնաս, որովհետև քայլը քոնն ա:
Հ.Գ. Ռոբերտ Աբաջյանի անվան տակ խտացնում եմ բոլոր հերոսների ու զինվորների անունները: