Մեր հերոսները մեզ հետ են

Վերջին շրջանում ԵՊՀ մարտական պատրաստվածության ակումբը՝ նկարիչ Արթուր Ավագյանի հետ միասին, հանդես եկան նախաձեռնությամբ՝ մերօրյա հերոսների գրաֆիտիների շարքով: Ո՞րն է դրա նպատակը, ինչո՞ւ հենց համալսարանի պատերին և արդյոք ընդունելի՞ է դա հասարակության և հենց համալսարանականների կողմից՝ կփորձենք հասկանալ միասին:

Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանող Արթուրն է գրաֆիտիների հեղինակը: Նա նշում է, որ կարևոր է մշտապես հիշել մերօրյա հերոսներին: Երիտասարդությունը չպետք է մոռանա նրանց, իսկ հիշելով մենք, փաստորեն, արժևորում և գնահատում ենք նրանց կատարած սխրանքը: Ճանաչելով նրանց՝ մենք կսկսենք սիրել նրանց, իսկ երբ սիրենք՝ կդառնանք նրանց արժեքների կրողը: Նա իր կատարած գործը ևս հայրենասիրական քայլ է համարում: Նա պատրաստ է լսել քննադատություններ, իսկ դրանք հիմնականում կապված են պատկերների գունային ընտրության հետ: Գույները վառ են , այո՛, բայց նա կարծում է, որ սա արտահայտում է իր ուրույն ձեռագիրը:

Ինչպես արդեն ասվեց՝ ծրագիրն իրականացվել է ԵՊՀ մարտական պատրաստվածության ակումբի նախաձեռնությամբ և համալսարանի ղեկավարության օժանդակությամբ: Նախաձեռնության մասնակիցները նշում են, որ դրանց պատկերման վայրերը հենց այնպես չեն ընտրվել: Դրանք պատկերվել են համալսարանի բանուկ հատվածներում, որտեղ մեծ թվով համալսարանականներ են ամեն օր անց ու դարձ կատարում, և հիմնական նպատակը` հենց այդպես երիտասարդությանը մշտապես մեր հերոսների մասին հիշեցնելն է: Եվ համալսարանականներից շատերն են փաստում, որ սա իսկապես լավ նախաձեռնություն է:

Ստորև ներկայացնեմ համալսարանականներից մի քանիսի կարծիքը թեմայի շուրջ.

«Շատ լավ միտք է: Երբ անցնելիս տեսնում եմ Ռոբերտ Աբաջյանի պատկերը և հիշում նրա կատարած սխրանքը՝ չգիտեմ՝ հետս ինչ է կատարվում: Այլևս չես կարողանում թողնել ամենը ու գնալ: Եվ հենց դա ուժ է տալիս, որ պայքարես»,- նշեց համալսարանականներից մեկը:

«Իրոք շատ լավ նախաձեռնություն է: Եթե անգամ մեզանից հետո եկող սերունդները չկարդան, անցնելիս կտեսնեն ու , եթե անգամ չիմանան, թե ովքեր են՝ նկարների յուրօրինակ գեղեցկությունը կստիպի նրանց գնալ տուն և գտնել նրանց վերաբերյալ նյութերն ու կարդալ: Եվ այս կերպ, փաստորեն, նրանք կճանաչեն մեր հերոսներին»,- նշեց Լուսինե Մարտիրոսյանը:

«Ամեն անգամ այդ նկարներին նայելիս՝ հա՛մ ափսոսանք ես ապրում, հա՛մ՝ հպարտություն: Չես հասկանում, թե ինչ ես զգում այդ պահին: Շատ բաներ իրենք այդ պահին հաշվի չեն առել, հաշվի չեն առել նաև իրենց կյանքը: Այդ պահին իրենց մեջ խոսել է հայրենասեր, ուժեղ, անվախ, միայն զինվոր չասեմ, հերոսը: Շատ բան կա ասելու: Ապրիլյան պատերազմի շրջանում ամբողջ ազգն էր ցավ ապրում, անգամ չար ու իրենցից գոհ մարդիկ: Իրենք այլևս ասելիք չունեին: Ինչպես ամեն բան, այնպես էլ մեր հերոս տղերքն են ժամանակի ընթացքում, չասեմ մոռացվում, բայց մենք, ուղղակի, սկսում ենք սովորական տանել: Իսկ այս նկարները ամեն օր մեզ ու մեր սերնդին կհիշեցնեն ապրիլյան օրերի մասին: Մենք նրանց միշտ ունենք մեր աչքի առաջ»,- զրույցի ընթացքում նշեց Մերի Եղիզարյանը:

«Յուրաքանչյուրն է գիտակցում, որ մեր հերոսները հանուն մեզ են այդ ամենը արել: Նրանք դա արել են, որ մենք խաղաղ քուն մտնենք, իսկ դա չի կարող չգնահատվել: Անգամ ամենաանխիղճ մարդը պետք է դա գիտակցի: Ու, որ ասում են, թե այս սերնդում չեն կարող հերոսներ լինել, սխալ է: Ապրիլյան պատերազմում մեր հերոսները ցույց տվեցին, թե ինչքան միասնական էին իրենք: Իրենց ուժեղ կամքն ու հայրենասիրությունը, ուղղակի, անգնահատելի են»,- ասաց Բալայանց Աննան:

«Նկատել ե՞ք, որ նկարների կողքով անցնելիս՝ ակամա ժպտում ենք: Ոչ միայն նրա համար, որ ապրիլյան օրերն ես հիշում ու սիրտդ ցավում է, չես կարող լացել, դրա համար ժպտում ես, և ոչ էլ միայն այն պատճառով, որ ափսոսանք է ու ցավ: Մենք նայում ենք աչքերին, թեկուզ ուղղակի նկարի աչքերին, բայց դրանց նայելիս տարիների պատմություն ենք տեսնում, որը իր արմատներն է թողել ու դարձել է նոր պատմության սկիզբ: Աչքերի մեջ իրենց կյանքն ենք տեսնում. ապրած մանկությունը, դաստիարակությունը և այլն: Ուզում եմ ասել, որ այն, ինչ նրանք արել են, ուղղակի հերոսություն չի, այլ պատմություն»,- նշեց Ռուզաննա Պետրոսյանը:


«Լավ միտք է: Իհարկե, չենք կարող մոռանալ նրանց, բայց այս կերպ ամենը տեսնելիս՝ հիշում ենք նրանց արածը: Հետաքրքիր է, չէ՞, որ գրքերի մեջ կարդում ենք հերոսների ու նրանց կատարած հերոսությունների մասին, այն մասին, որ շատ հերոսներ ենք ունեցել, հենց թեկուզ 90-ականների հերոսները: Նույն պայմանները. Ղարաբաղ, թշնամի, կյանքի ու մահու պայքար: Եվ ապրիլյան օրերին մենք, փաստորեն, տեսել ենք այս ամենը: Գուցե եկող սերունդը նրանց հիշի, մեծարի, բայց մենք այն սերունդն ենք եղել, որ այդ ամենը տեսել է իր աչքի առաջ: Նկարները կարծես մեզ ժպտում են՝ ամեն անցնելիս, այ, այդքան պայծառ են, ու մենք էլ հոգու խորքում ժպտում ենք իրենց: Մենք մեր մեջ հայրենասիրությունը զգացինք հենց իրենց շնորհիվ»,- զրույցում ասաց Ֆլորա Ամիրյանը:

Այսպես է մտածում մեր երիտասարդությունը: Փաստորեն, նախաձեռնությունը ընդունելի է համալսարանականների կողմից:

Կարճ անդրադարձ կատարելով՝ մեր հերոսներին գրաֆիտի նկարչական ոճի մեջ ներկայացնելու հարցին, ասեմ, որ հասարակությունը գրաֆիտիներին վատ չի վերաբերվում, եթե իհարկե, դրանք չեն հասնում վանդալիզմի մակարդակի: Հիմնականում հեղինակները դրանց միջոցով փորձում են ներկայացնել իրենց հուզող հարցերը, իսկ սա, կարծում եմ, ոչ միայն հեղինակին հուզող հարց է, այլ նաև՝ մեզ:
Մեր հերոսների գրաֆիտիների հետ միասին կան գրություններ: Հեռվից արդեն իսկ ուշադրությունդ սևեռվում է պատկերին, իսկ մոտենալով՝ հայացքդ անկախ քեզնից ընկնում է գրության վրա: Արմենակ Ուրֆանյանի պատկերի կողքին կարելի է տեսնել հետևյալ գրությունը. «Նրա առաքելությունն էր պաշտպանել, քո առաքելությունն է` սովորել»։ Սա փոքր ինչ մտածելու տեղիք է տալիս: Շատերի համար այս արտահայտությունը վիճելի հարց է: Դա փոքր ինչ ընդունելի չէ հատկապես այն մարդկանց համար, ովքեր կորցրել են իրենց զինվոր հարազատներին:

Իսկ մյուսը արված է Ռոբերտ Աբաջյանի պատկերի կողքին. «Նա մինչև վերջին պահը դիրքը չլքեց: Մի՛ լքիր Հայրենիքդ»:

Ինքս կարծում եմ, որ նման նախաձեռնությունները իսկապես ողջունելի են։ Ամեն անգամ անցնելով դրանց կողքով՝ ներսումդ տեղի է ունենում անբացատրելին։ Այնպես չէ, որ դրանք տեսնելիս ենք հիշում ապրիլյան պատերազմն ու մեր հերոսներին, քանի որ մենք նրանց միշտ ենք հիշում, այլ այն, որ նրանց կատարած սխրանքը գնահատված է և թեկուզ այդ փոքր ուշադրությունը առ նրանց հիշատակը, հատկացված է։ Ամեն անգամ տեսնում ենք մեր անմահ հերոսների դիմագծերից ևս մեկը անմահացած՝ մեզ հարազատ դարձած համալսարանի պատերին, իսկ դա գնահատանքի է արժանի:

Ցավ, ափսոսանք՝ միախառնված հպարտությանն ու արժևորման պահանջին։

Հիշում ենք մեր Հերոսներին…