Shushan stepanyan

Երազած ծերություն

Այն, որ աննկատ մնացած մի բան եմ նկատում, դրանից երբեմն հուզվում ու մի քանի օր մտորումների մեջ եմ ընկնում, դարձել է առօրյայիս մի մաս: Ու ամեն օր հուզմունքի մի առիթ, մի նոր մտորում. վերջ չկա:

Մի քանի օրվա (գուցե, վաղուցվա) մտորումներիս առարկան կյանքն արդեն ապրած, բայց դեռ ապրել ցանկացող տատիկ-պապիկներն են: Հերիք է մի պապիկ տեսնեմ՝ հազիվ քայլող կամ մի տատիկ՝ դողդոջուն, ճաքճքած ձեռքերով, փոխում է մոլորակիս իր պտույտն արեգակնաձև, ու անասելի տխրում եմ: Միշտ վախեցել եմ ծերանալուց, ու այդ վախն ավելի շատ կորցնելու վախ է: Երբ նայում ես իրենց աչքերին, Աստվա՜ծ իմ, ամեն հայացքը բարության մի երանգ է, էլ չեմ ասում իրենց ժպիտները ջահել: Հերիք է օգնես` փողոցն անցնել կամ տրանսպորտում տեղդ զիջես, շնորհակալության նման խոսքեր ես լսում. «Վա՜յ, շատ ապրես, բալիկ ջան» ,«Կյանքդ երկարի, աղջիկ ջան», «Գործերիդ հաջողություն, բալես»: Այդ բառերը ոնց որ գրկեն հոգիդ, ու քեզ թվում է, թե մեծ բան ես արել: Ու ինքնագոհ զգացումով լի օր ես ունենում:

Ես ուրիշ կերպ եմ պատկերացնում ծերությունը: Գրեմ, միասին պատկերացնենք: Միշտ պատկերացրել եմ, որ ծերերին լիքը-լիքը արտոնություններ պիտի տրվեն, որ իրենք իրենց ուրախ, ապահով, առողջ ու ջահել զգան: Նախ, թոշակները պիտի տրվեն ոչ թե միայն շաքարավազ ու ալյուր առնելու և թոռնիկների կոնֆետի համար, այլև իրենց անձնական ծախսերի համար, ասենք, օրինակ, տատիկ-պապիկ հանգստի գնան, խանութներ ու միասին հագուստ ընտրեն, սրճարանում սրճեն, հիշեն ջահել օրերի հանդիպումները: Հիվանդանոցները հատուկ հոգածություն ցուցաբերեն նրանց նկատմամբ, օրինակ, երկու-երեք ամիսը մեկ անվճար այցեր կազմակերպեն, բժշկական զննում անցկացնեն ու ողջ-առողջ նրանց տուն ճամփեն: Պատկերացրել եմ նաև, որ հասարակական կազմակերպություններն իրենց կամավոր աշխատակիցներով հաճախակի այցեր կազմակերպեն նրանց տներ՝ ծաղիկներով, փուչիկներով ու մեծ հավատով: Պատկերացրել եմ նաև, որ ծերանոցները վերածվեն ծերերի ժամանցի վայրերի, որտեղ նրանք կհավաքվեն, իրենց «թվերի» ֆիլմեր կդիտեն, երաժշտություն կլսեն, անցած-գնացած օրերն ու սերերը կհիշեն: Այնքան կուզեի նաև, որ հարգանք լիներ նրանց հանդեպ, համբերատարություն, նրանց կրկնվող հարցերին տրվող մեղմ պատասխաններ, նրանց, գուցե, ոչ ճիշտ հանդիմանություններին՝ ընկալում:

Մի բան էլ կուզեի: Կուզեի, որ նրանց համար հատուկ ցածր տրանսպորտ լիներ, այն էլ անվճար, ախր, այնքան դժվար են ավտոբուս բարձրանում, իջնում, որ նեղվում ես: Չգիտեմ, երևի նման ցանկալի պայմանների դեպքում ծերության տխուր իմաստը փոխվեր «երազած ծերության»:

Այնքան կուզեի…