meri avetisyan

Թե ինչպես պարզվեց, որ Սևանում ապրում է երեսուներեք կամ երեսունչորս մարդ

Սևան-Երևան ավտոմեքենան շարժվեց: Ժամը յոթն էր կամ յոթն անց տասը րոպե, դա կարևոր չէր։ Կարևոր չէր, քանի որ ես հոգնած էի. ամբողջ գիշեր չէի քնել, իսկ ավտոմեքենայի մեջ լռություն էր տիրում: Ես նայում էի պատուհանից դուրս։ Անձրև էր գալիս: Անձրևի դանդաղ կաթիլները իջնում էին՝ ապակու վրա հետք թողնելով, իջնում էին, որ մի քանի րոպեով խլացնեն քաղաքի աղմուկը բամբասանքներից։

-Սևանում մարդ չմնաց,- ցածրաձայն խոսեց վարորդը,- սաղ գնացին։

-Ինչպե՞ս թե,- ասաց կարմիր վերնաշապիկով կինը։

-Եսիմ է, սաղ գնացին, երեկ էլ հարևանս գնաց, ասում էր՝ ստեղ անելու բան չկա։ Մի աղջիկ ուներ, անցած տարի ավտովթարից մահացավ։ Ինքն էլ մենակ էր ապրում, ուսուցչուհի էր:

-Ախր, այ հոպար ջան, աշխատանք չկա, բա մարդիկ ինչպե՞ս ապրեն, հը՞ն,- խոսեց վարորդի կողքին նստած երիտասարդը,- տատս պատմում էր, որ ԽՍՀՄ-ի տարիներին Սևանում գործում էին վեցից ավելի խոշոր գործարաններ, ամեն մեկը ուներ հազարից ավելի աշխատող, հա- հա, մի զարմացեք։ Իսկ հիմա՞, ոչ մի գործարան չկա, բա էդ խեղճ մարդիկ ի՞նչ անեն, հը՞ն:

-Ինչ էլ որ լինի, սևանցիք չպիտի գնան, ո՞վ է ասել, որ Սևանում աշխատանք չկա։ Թող գան, գործարանները բացեն, աշխատեն:

-Գործարան բացելը հեշտ չի, տարիներ են պետք, ես էլ օգոստոսի վերջին գնալու եմ,- ասաց երիտասարդը:

-Ես երեք օրից եմ գնալու Մոսկվա՝ որդուս մոտ,- խոսեց կարմիր վերնաշապիկով կինը:

-Գնացե՛ք,- բարկացավ վարորդը,- սաղդ գնացեք, թող Սևանում մարդ չմնա՛:

-Բայց նոր դուք ասացիք, որ Սևանում էլ մարդ չի մնացել,- փորձեց սրամտել սև զգեստ հագած աղջիկը:

Ըստ երևույթին՝ աղջիկը քասնմեկ կամ քսաներեք տարեկան էր և ուսանող։ Իսկ այն, որ սևանցիները գնում են, ճիշտ է։

-Իսկապես, քանի՞ մարդ է ապրում Սևանում,- հարցրեց կարմիր վերնաշապիկով կինը:

Ես մտքումս սկսեցի հաշվել․ «Սևանում ապրում է իմ ընտանիքը՝ երեք մարդ, գումարած իմ հարևան Օլգա տատիկը, դերասան Արման Խաչատրյանը, ձուկ վաճառող Աշոտ պապիկը, իմ դպրոցի ուսուցիչները, մեր բակում խաղացող երեք երեխաները, իմ դասարանի չորս աշակերտներ, հետո ուղղեցի ինձ, մեկը Սևանից չէ, ու Բաքվից եկած թիթիզ տատիկը (նա միշտ հագնում է վարդագույն կիսաշրջազգեստ, կանաչ կոշիկներ, շատ է սիրում չամիչով հացաբուլկեղեն, պաղպաղակ և քաղցր բամբակ)։

-Սևանում ապրում է երեսուներեք մարդ,- վստահ ասացի ես:

-Ինչպե՞ս թե,- ուրախացավ վարորդը,- ինձ հաշվել ես, չէ՞: Ես սարսափեցի․ ինչպե՞ս կարող էի այս կոլորիտային սևանցուն չհաշվել։ Ես գունատվեցի, սարսափեցի ու պատասխանեցի.

-Ոչ, բայց դա խնդիր չի,- սխալս ուղղելով՝ ասացի ես,- դուք էլ գումարած ՝ երեսունչորս։

-Կնոջս, երեխեքիս, մորս էլ հաշվի,- հրամայեց վարորդը:

-Ինձ էլ հաշվի,- ասաց երիտասարդ աղջիկը:

-Մորս էլ հաշվի,- ասաց երիտասարդը,- պապիկիս էլ, մորեղբորս երեք երեխաներին էլ, հա մեկ էլ էն հեռախոս վերանորոգող Հրաչին էլ հաշվի, լավ տղա է, ու կանաչ աչքերով Մանանին էլ հաշվի:

Հետո շատ հանկարծակի երիտասարդը լռեց, երևի մտածում էր՝ արդյոք Մանանի աչքերը կանաչ էին, հետո ուղղեց իրեն.

-Կապույտ աչքերով Մանանին:

-Սպասե՜ք, սպասե՜ք,- ասացի ես,- ես կորցրի հաշիվս, օգնեք ինձ:

Վարորդի դեմքը պայծառացավ, երևի մտածեց, որ Սևանում ավելի շատ մարդ է ապրում:

-Հաշվում եք, հաշվում…

Հաշվեցեք հապա, թե ինչ ձևերով աղջիկը պարզեց, որ Սևանում ապրում է միայն երեսուներեք մարդ:

-Երեսունչորս,- ուղղեց վարորդը:

-Հաշվեցեք նաև, մի վերջին անգամ,

Թե այդ ինչ ձևով,

Ինչ մեքենայի օգնությամբ բարի

Դեռ կարելի է Սևանում ապրել,- շարունակեց երիտասարդ տղան:

-Սևակ եք սիրում, հա՞,- դիմեց կինը երիտասարդին:

-Սևակ չեմ սիրում, Սևակ կարդում եմ,- նեղացավ երիտասարդը:

-Հա լավ, ի՞նչ ասացի, որ նեղացար, շատ լավ է, որ կարդում եք, ես շատ ուրախ եմ:

Երիտասարդը ասաց, որ չի նեղացել: Անկասկած, Սևանում աշխատատեղեր քիչ կան, և մարդկանց արտագաղթը կապված չէ սեփական քաղաքը չսիրելու հետ: Բայց իհարկե, կարելի է այս խնդիրը լուծել. բացել գործարանները, ոչինչ, թող տարիներ տևի, բայց մարդիկ աշխատանք կունենան, չէ՞։

Ավտոմեքենան կանգ առավ Երևանի Երիտասարդական մետրոյի դիմաց: Երևանում անձրև չէր գալիս, շոգ էր, օդ չկար շնչելու: Երեխա լինեի ու հավատայի, որ հնարավոր է եղանակը տեղափոխել այնտեղ, ուր գնում եմ: Հետո մտածեցի, որ շատ եմ փիլիսոփայում։ Անշուշտ հոգնածության հետևանք է։ Երբ մարդը շատ հոգնած է լինում և ոչինչ չի կարողանում անել, սկսում է փիլիսոփայել։ Հետո Երևանում բնակվողներին նայեցի ու սրամտելով շարունակեցի ճանապարհս։

Թե չէ հաշվում եք, հաշվում եք, հաշվում…

Հաշվեցեք, խնդրեմ, հաշվեցեք նաև,

Թե ձեզանից գոնե մեկը իր կյանքում

Քանի անգամ է եղել Սևանում։

Ծիծաղեցի իմ այս մտքի վրա և մտածեցի, որ Սևանում շատ հետաքրքիր մարդիկ կան՝ դերասան Արմանը, թիթիզ տատիկը, կանաչ կամ կապույտ աչքերով Մանանը, Օլգա տատիկը, կոլորիտային վարորդը, Սևակ կարդացող երիտասարդները: Բայց մի րոպե․ քանի՞ մարդ է ապրում Սևանում: